Բանակցությունների սեղանին միշտ թուղթ է եղել. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատում է՝ 2019 թվականի հունիսին՝ իր պաշտոնավարման երկրորդ տարում, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթուղթ եղել է սեղանին, թեև 2019-ի դեկտեմբերին հակառակն էր պնդում։
«Բանակցությունների սեղանին միշտ թուղթ է եղել, այդպիսի մի օր չի եղել, որ բանակցությունների սեղանն առանց թղթի լինի, միշտ ինչ-որ թուղթ դրած է եղել», - երեկ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ասաց նա:
Պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին՝ Փաշինյանը, սակայն, այդպես էլ չպարզաբանեց՝ եթե բանակցային սեղանին ղարաբաղյան կարգավորման փաստաթուղթ կար, ապա ի՞նչ ճակատագիր է ունեցել այն, արդյո՞ք ինքը մերժել է այդ փաստաթուղթը, և եթե այո, ապա ի՞նչ պատճառաբանությամբ։
«Դուք խաբել եք ՀՀ քաղաքացիներին». Խամոյանը՝ Փաշինյանին
«Դուք խաբել եք ՀՀ քաղաքացիներին՝ հայտարարելով, որ բանակցությունների սեղանին որևէ փաստաթուղթ գոյություն չունի», - ասաց Ագնեսա Խամոյանը:
«Այն, ինչ որ 19 թվի հունիսին դրվել է սեղանին, ես 19 թվի հունիսին դեռ որևէ մեկի հետ որևէ բան բանակցած չեմ եղել, ես չեմ խոսել ընդհանրապես այդ թեմայի մասին ոչ մեկի հետ: Այն, ինչ որ դրված է եղել սեղանին, ինձնից առաջ տեղի ունեցած բանակցությունների արդյունքն է, ամփոփումն է: Այդ թղթի վերևն էլ գրված է՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահները...»: Ես ՀՀ նախագահ երբեք չեմ եղել», - արձագանքեց վարչապետ Փաշինյանը:
Ագնեսա Խամոյանը շարունակեց. «Բանակցությունների սեղանին կլինի հին, թե նոր, թուղթ է եղել, որը Դուք թաքցրել եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից»:
«19 թվի առաջարկի մասին ես ասել եմ, որ նոր առաջարկ չկա, ու ճիշտ եմ ասել. բանակցությունների սեղանին միշտ թուղթ է եղել: 19 թվի թուղթը սկսվում է հետևյալ նախադասությամբ՝ «ՀՀ նախագահը և ԱՀ նախագահը»: Հիմա Դուք ասում եք, որ դա ի՞մ թուղթն է», - շարունակեց Նիկոլ Փաշինյանը:
Արման Եղոյանը որոշ փակագծեր բացեց
2019-ի հունիսին ինչ փաստաթուղթ էր դրվել սեղանին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից՝ այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ փակագծերը բացեց Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, բայց կրկին չանդրադարձավ հարցին, թե արդյոք Փաշինյանը մերժել է այն, և եթե այո, ինչո՞ւ։
«Նույն «Լավրովի պլանն» էր: «Լավրովի պլանը» հետևյալն է՝ հարցն ունենում է փուլային լուծում, առաջին փուլում զիջվում են 5 շրջանները, մյուս հարցերի վերաբերյալ կարգավորումները, ներառյալ՝ կարգավիճակի հարցը, թողնվում է անորոշ ապագային», - ասաց իշխանական պատգամավորը:
Ինչ էր ասել Պոպովը
Դեռևս 2021-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, փակագծեր բացելով այս փաստաթղթի մասին, Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքում նշել էր, որ համանախագահները 2019-ի հունիսին կողմերին են փոխանցել կարգավորման տարբերակի վերջին խմբագրումները։
Ըստ Պոպովի՝ այս փաստաթղթով առաջին փուլում պետք է Ադրբեջանին վերադարձվեին 5 շրջանները, երկրորդ փուլում՝ մյուս 2 շրջանները, նկատի ունենալով Քելբաջարն (Քարվաճառ) ու Լաչինը (Բերձոր), բայց որոնց վերադարձը պետք է փոխկապակցված լիներ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ։
Առաջին փուլում, ըստ Պոպովի, նաև ճանաչվում էր Լեռնային Ղարաբաղի կողմից իր բնակչության լիակատար կենսագործունեությունն ապահովելու իրավունքը։ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները նաև հնարավորություն էին ստանում մասնակցել ԵԱՀԿ նիստերին։ Շրջափակումը վերացվում էր, սահմանները բացվում էին, իսկ կողմերն ընդունում էին պարտավորություն ուժի չկիրառման մասին։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակին, ապա, ըստ ռուսաստանցի համանախագահի, փաստաթուղթը նախատեսում էր ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո անցկացվելիք համաժողովրդական քվեարկությամբ Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտում։ Ժամկետները պետք է համաձայնեցվեին կողմերի միջև, իսկ քվեարկության դրվելիք հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեին։ Քվեարկության ցանկացած արդյունք կողմերը պետք է հարգեին։
Ո՛չ հայկական, ո՛չ էլ ադրբեջանական կողմը, ըստ Պոպովի, չեն մերժել այս առաջարկները, թեև վերջնական համաձայնության հասնել չի հաջողվել։
«Երբ ես դարձել եմ վարչապետ, առաջարկ է եղել, որ ես նույն կետից շարունակեմ բանակցային պրոցեսը, ինչ կետում ընդհատվել է Սերժ Սարգսյանի հեռանալը», - ասել էր Փաշինյանը:
Ի դեպ, 2019-ի հունիսից կես տարից անց՝ 2020-ի հունվարին, վարչապետ Փաշինյանը Կապանում հրավիրած ասուլիսում հայտարարում էր, թե Սերժ Սարգսյանից ստացած բանակցային ժառանագությունը եթե Արցախի և Հայաստանի ժողովորդի համար ընդունելի է, ապա ինքը երաշխավորում է, որ այն կհայտնվի բանակցային սեղանին։
Չնայած ընդդմիության պարբերական կոչերին՝ հրապարակել 2019 թվականի հունիսին բանակցային սեղանին դրված, ինչպես նաև հակամարտության կարգավորմանը վերաբերող մյուս բոլոր պաշտոնական առաջարկները, Փաշինյանը շարունակ պնդում է, թե դրանք ցաքուցրիվ են և դեռ պետք է իմի բերվեն. «Մի հատը սառնարանի ոտքի տակից ենք հանում, մի հատը կանդիցիաների մեջից...դուք թողե՞լ եք, որ մի դարակում դրված լիներ: Որ դրված լիներ, կասեինք՝ վերցրեք, ձեզ ենք տալիս»:
Անցած տարեվերջին Հայաստանի առաջին նախագահ Լևոն-Տեր Պետրոսյանը նույնպես կոչ էր արել Փաշինյանին հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված բոլոր, այդ թվում՝ 2019թ. հունիսի առաջարկները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։ Տեր-Պետրոսյանն ասել էր՝ եթե Փաշինյանը դա չանի, ապա կապացուցի, որ «փախչում է ճշմարտությունից և զբաղված է պատմական պատասխանատվությունից խուսափելու գործով»։ Հայաստանի առաջին նախագահը միաժամանակ պնդել էր՝ «հազարամյակների հայկական Արցախն այլևս գոյություն չունի հենց Փաշինյանի արկածախնդրության պատճառով»։