Մատչելիության հղումներ

Ի՞նչ կարգավիճակ է առաջարկվել Արցախի համար բանակցությունների ընթացքում. Ընդհանուր պետություն, Քի Ուեսթ


2022 թվականի ապրիլի 13 -ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդեց՝ Միջազգային հանրությունն ակնկալում է, որ Հայաստանն իջեցնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում իր նշաձողը»:

«Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ»:

Իսկ որտե՞ղ է եղել այդ նշաձողը ղարաբաղյան հակամարտության 30 տարի ձգված բանակցությունների ընթացքում, ի՞նչ է առաջարկվել լուծման տարբերակներում:

90-ականների վերջից մինչև 2020 -ի պատերազմը բանակցային սեղանին դրվել է կարգավորման 7 հիմնական տարբերակ, որոնք ընդունված է անվանել փաթեթային, փուլային, ընդհանուր պետություն, Քի ուեսթյան, Մադրիդյան սկզբունքներ, Կազանյան պլան, Լավրովի պլան:

Ընդհանուր պետություն

Փաթեթային և փուլային տարբերակները մերժելուց հետո,
Կարգավորման հաջորդ պլանը՝ ընդհանուր պետության գաղափարն էր, այն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին առաջարկեցին 1998- ի նոյեմբերին՝ Ռուսաստանի արտգործնախարար Եվգենի Պրիմակովի ակտիվ ջանքերով:

Այդ տարբերակի ողջ իմաստն այն էր, որ Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը պետք է կազմեին «Ընդհանուր պետություն»:

Ի տարբերություն Փաթեթայինի ձևակերպման՝ թե Լեռնային Ղարաբաղը պետական և տարածքային կազմավորում է Ադրբեջանի կազմում, Ընդհանուր պետության տարբերակում Ղարաբաղի Կարգավիճակի մասին ասվում էր՝ «Լեռնային Ղարաբաղը հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է «Ընդհանուր պետություն»` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:

«Ընդհանուր պետություն» կազմելով Ադրբեջանի հետ՝ Ղարաբաղը միաժամանակ ունենալու էր սեփական սահմանադրությունը, կառավարման մարմինները, դրոշը, զինանշանն ու օրհներգը, հայերենը լինելու էր հիմնական պաշտոնական լեզուն, երկրորդ պաշտոնական լեզուն լինելու էր ադրբեջաներենը:

Ստեփանակերտը իրավունք էր ստանալու մասնակցել Ադրբեջանի արտաքին քաղաքականությանը, բայց՝ միայն իր շահերի մասով: Աշխարհի հետ ուղիղ կապերն էլ միայն մշակույթի, գիտության, սպորտի կամ առևտրի ոլորտներում էին լինելու, քաղաքական հարցերում՝ բացառապես Ադրբեջանի միջնորդությամբ:

Ինչ վերաբերում է անվտանգությանը՝ Ղարաբաղը պետք է ունենար կամավորության սկզբունքով ձևավորված անվտանգության և ոստիկանական ուժեր, որ չէին կարող գործել Ղարաբաղից դուրս: Ադրբեջանի բանակն, անվտանգության ուժերը և ոստիկանությունն էլ իրավունք չէին ունենա մտնել Ղարաբաղի տարածք՝ առանց Արցախի իշխանությունների համաձայնության:

Այս տարբերակով Արցախը մի կողմից կարծես ոչ թե Ադրբեջանի կազմում էր, այլ նրա հետ հավասար դիրքերից ընդհանուր պետություն էր ստեղծում, բայց մյուս կողմից՝ ընդհանուր պետությունը կոչվելու էր Ադրբեջան, արցախցիներն էլ ադրբեջանական անձնագրեր էին ստանալու՝ Լեռնային Ղարաբաղ նշումով:

Ինչպես նախորդ տարբերակներում, այս մեկում ևս Հայկական ուժերը պետք է դուրս բերվեին Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներից, բացառությամբ` Լաչինի:

Փաստաթղթում առանձին կետերով նշվում էր, որ ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնան Շուշի, հայերը՝ Շահումյան։

Ադրբեջանը մերժում է «ընդհանուր պետության» գաղափարը

Ադրբեջանը ընդհանուր պետության գաղափարը մերժում է:
Հեյդար Ալիևը 2001 թվականի փետրվարին խորհրդարանում այդ տարբերակի ամսին ասում է հետևյալը.

«Ադրբեջանում մի ասացվածք կա` սա ավելի սև է, քան սևը: Համեմատած նախկին առաջարկների հետ դա միայն ու միայն վնաս էր Ադրբեջանին: Հենց որ ծանոթացա, ասացի, որ անգամ չենք ուզում քննարկել: Դուք մեզ դնում եք մի իրավիճակում, երբ Ադրբեջանի տարածքում հայտնվում է երկու պետություն Ադրբեջան և մի հատ էլ Լեռնային Ղարաբաղ, որի նկատմամբ Ադրբեջանը ոչ մի իրավունքներ չունի»:

Հայաստանն ու Ղարաբաղը լուրջ վերապահումներով ընդունում են միջնորդների առաջարկած «ընդհանուր պետության» տարբերակը` որպես բանակցությունների հիմք, թեև ըստ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի 2012 թվականի հոդվածի՝ այդ տարբերակը Հայաստանի համար ևս ընդունելի չէր:

«​Հայաստանն ու Ղարաբաղը նոր էին պատրաստվում կարծիք հայտնել փաստաթղթի առնչությամբ, երբ Ադրբեջանն այնպես հապճեպ ու կտրուկ մերժեց այն, որ արդեն անիմաստ էր ինչ-որ բան ասել: Իհարկե, «ընդհանուր պետության» վերաբերյալ փաստաթուղթը ընդունելի չէր նաև հայկական կողմի համար՝ չնայած, որ դրանում փորձ էր արվում Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև զուտ հորիզոնական կապեր հաստատել, դրա մի քանի դրույթներ Ղարաբաղին լուրջ կախվածության մեջ էին դնում Ադրբեջանից»:

Ինչպես նշում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում՝ գործնականում թեև առաջարկն ընդհանուր պետություն էր կոչվում, սակայն Ղարաբաղն ունենալու էր միայն բարձր ինքնավարություն, այն, ինչ առաջարկվում էր նաև նախկինում:

«Ըստ էության, Ղարաբաղը և Ադրբեջանը այդ շրջանակում ունենում էին տարբեր ստատուսներ, բոլոր հոդվածները դա են ենթադրում. Ղարաբաղն ունենում է ներկայացուցչություններ՝ մշակութային և այլն, իսկ որտեղ քաղաքական բաներ կան, Ղարաբաղի ներկայացուցիչը կարող է ընդգրկվել, ասենք, այդ երկրի դեսպանատանը որպես դիվանագետ, աշխատել: Դա չէր կոչվում ղարաբաղա-ադրբեջանական հանրապետություն, կոչվում էր Ադրբեջան, Չեխոսլովակիա չէր: Այսինքն, ըստ էության, նա բարձր մակարդակի ինքնավարություն էր Ադրբեջանի կազմում, այսինքն դա նույնն էր, ինչ որ մեզ առաջարկում էին Լիսաբոնում և որի վրա ես դրեցի վետո»

Սա, ի դեպ, սա վերջին փաստաթուղթն էր, որում Ղարաբաղը նշվում էր որպես կարգավորման կողմ՝ Հայաստանի ու Ադրբեջանի կողքին, որտեղ երեքն էլ կարող էին ներկայացնել իրենց դիրքորոշումը: հաջորդ բոլոր տարբերակներում արդեն միայն Եր8անն ու Բաքուն կլինեն՝ Ստեփանակերտն այլևս պայմանավորվողների շարքում չի հիշատակվի:

Քի-ուեսթյան տարբերակ

Թե ինչ փաստաթուղթ է եղել բանակցությունների սեղանին Ամերիկյան Քի Ուեսթում՝ դեռ գաղտնազերծված չէ: քաղաքական գործիչների և փորձագետների հայտարարություններից միայն կարելի է ենթադրել՝ ինչ առաջարկներ են քննարկվել ընդհանուր պետության գաղափարը մերժելուց հետո՝ 1999-2001 թվականներին։ Ըստ Ղարաբաղի հարցն ուսումնասիրող լրագրող Թաթուլ Հակոբյանի, որ 2000 ականների կեսերին հնարավորություն է ունեցել տեսնել Քի-ուեսթյան փաստաթուղթը, Ղարաբաղը Լաչինի միջանցքով պետք է միացվեր Հայաստանին, իսկ Ադրբեջանը Մեղրիի միջանցքով՝ Նախիջևանին:

«​Համաձայն այդ տարբերակի՝ Ղարաբաղը Լաչինի միջանցքով միացվում էր Հայաստանին, և դրա փոխարեն Ադրբեջանը Մեղրիի միջանցքով միանում էր Նախիջևանին: Այստեղ ես ուզում եմ հստակ նշել մեկ բան. երբ խոսք էր գնում Ադրբեջանից Նախիջևան Մեղրու վրայով տարածքի մասին, օգտագործված էր հետևյալ ձևակերպումը՝ Sovereign Passage, որ թարգմանաբար նշանակում է «​սուվերեն միջանցք»։

Բայց այս միջանցքի մասին քաղաքական գործիչների հայտարարությունները շատ հակասական են: Լևոն Տեր- Պետրոսյանն, օրինակ, նշում է, որ Քի Ուեսթի տարբերակը վերաբերել է Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելուն, այսինքն՝ Ղարաբաղը Լաչինով միանում էր Հայաստանին, իսկ Ադրբեջանը՝ Մեղրիով Ադրբեջանին:

«Մնում էր միայն Լաչինի միջանցքը, իսկ դրա դիմաց էլ դեռ Հայաստանը Ադրբեջանին էր զիջելու Մեղրու շրջանը ամբողջությամբ: Այսինքն՝ Ադրբեջանը Մեղրու շրջանով ունենում էր լիակատար կապ Նախիջևանի հետ: Ճանապարհ չէ, ամբողջ շրջանը, տարածքը»

Այլ գործիչներ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Օսկանյանը հայտարարում են, որ Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու գաղափար եղել է ոչ թե Քի Ուեսթում, այլ ավելի վաղ: Իսկ Քի Ուեսթում արդեն առաջարկվողը միայն սուվերեն ճանապարհ էր, գուցե էստակադայի տեսքով, որն էլ Ադրբեջանն է մերժել:

«Այն ժամանակ խոսքը Լեռնային Ղարաբաղը` Լաչինի մի հատվածով Հայաստանի սուվերենության տակ դնելու մասին էր: Այսինքն՝ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պետք է լինեին մեկ պետություն` այսօրվա իմ գնահատմամբ, Ադրբեջանի տեսանկյունից ոչ այնքան համարժեք փոխանակման դիմաց. Ադրբեջանն ընդամենը պետք է իրավունք ստանար Հայաստանի տարածքով անխափան կապ հաստատել Նախիջևանի հետ: Սա էր փաստաթղթի ամբողջ առանցքը», - ասել է Օսկանյանը:

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը պնդում է, որ 1999 հուլիսին Քոչարյանը իրեն ներկայացրել է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու առաջարկը:


«Հուլիս ամսին մենք հանդիպում ենք Սադարակում՝ Քոչարյանն ու ես, Ադրբեջանի պաշտպանության նախարարը և Հեյդար Ալիևը, և այնտեղ այդ հարցը քննարկվում է, ոից հետո Քոչարյանն ինձ հրավիրում է աշխատասենյակ և այնտեղ ներկայացնում է այդ տարբերակը և ներկայացնում է, որ սա դրական տարբերակ է, որը կապահովի Հայաստանի զարգացումը, ինչին, բնական է, ես առարկություններ եմ ունեցել»

Բրիտանական The Economist պարբերականը արդեն Քի Ուեսթում եղած առաջարկված տարբերակի մասին 2001 թվականին գրում էր հետևյալը.

«Հնարավոր համաձայնությունն արդեն ուրվագծվում է: Հայերը պետք է Ադրբեջանին տան 7 շրջաններից 6 -ը: Լեռնային Ղարաբաղին և Լաչինի միջանցքին կտրվի ինքնավար կարգավիճակ: Ադրբեջանը կփոխհատուցվի միջազգայնորեն պահպանվող ճանապարհ ստանալով, որով կկապվի Նախիջևանի հետ»:

Վարդան Օսկանյանը այդ հոդվածին անդրադառնալով Արամ Աբրահամյանի հետ զրույցում այդպես էլ չի հայտնում, թե Ղարաբաղի ինչ կարգավիճակի մասին են բանակցում, բայց ասում է՝ եթե այն գոհացնի Հայաստանին, Ադրբեջանին ճանապարհ կտան:

Ըստ Վարդան Օսկանյանի՝ Քի Ուեսթում համաձայնությունը շատ մոտ էր, բայց Ալիևը հետ է կանգնում նաև այդ տարբերակը ընդունելուց:

1999-2001 թվականի գործընթացը նախորդներից տարբերվում էր նրանով, որ այն ԵԱՀԿ Մինսկի խումբը չէր կազմակերպել, Մինսկի խմբում գործընթացին զուգահեռ, Քոչարյանն ու Հեյդար Ալիևը երկկողմ հանդիպումներ էին ունենում, օրինակ, Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի միջնորդությամբ կամ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, իսկ Քի Ուեսթի հանդիպումը նախաձեռնել էր ամերիկյան կողմը:

Քի-ուեսթյան բանակցություններից սկսած Ղարաբաղը որպես կողմ դուրս է մնում գործընթացից

Քոչարյան-Ալիև երկկողմ հանդիպումներից և Քի-ուեսթյան բանակցություններից սկսած Ղարաբաղը որպես կողմ դուրս է մնում բանակցային գործընթացից, այդ տարբերակը ներկայացվում է միայն Երևանին և Բաքվին, Հայաստանն ու Ղարաբաղը սկսում է ներկայացնել մեկ մարդ՝ նախկինում Ղարաբաղի, իսկ բանակցությունների ժամանակ Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը:

«Ոչ բոլոր կողմի փոխպայմանավորվածություն կար, ոչ էլ ԵԱՀԿ որոշում՝ ձևաչափը մինչև Հայաստան-Ադրբեջան նեղացնելու մասին, այն առաջացավ դե ֆակտո, ինչպես որոշ իրողություններ: Ըստ էության, սա Բաքվի խորամանկությունների, Երևանի անուշադիր վերահսկողության, միջնորդների բացթողումների արգասիքն էր», -նշել է 1992-96 թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

Ուշագրավ է, որ 1999 -ի հոկտեմբերին, երբ հայր Ալիևն ու Ռոբերտ Քոչարյանը թերևս հենց Մեղրին Լաչինի հետ փոխանակելու տարբերակն էին քննարկում, Երևանում տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ը, ահաբեկչական գործողությամբ սպանվեց 8 հոգի, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանն ու Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը:

Քաղաքական գործիչներից շատերը հոկտեմբերի 27-ը հենց ղարաբաղյան խնդրի հետ են կապում:

Հետագայում արդեն բանակցությունների ընթացքում միջնորդները Հայաստանին ու Բաքվին ներկայացնում են Մադրիդյան սկզբունքները, որոնց հիման վրա էլ ուրվագծում են Ղարաբաղի հարցի լուծումը:

XS
SM
MD
LG