Վանաձորի ավագանու երկար սպասված նիստում, որի միջոցով պետք է Վանաձորն ու Գյումրին ի վերջո 10 էլեկտրական ավտոբուսներն ու Եվրամիության մյուս թանկարժեք նվերները շահագործելու իրավունքն ստանային, այդպես էլ անդրադարձ չեղավ պլաստիկի վերամշակման հոսքագծերին: Դրանք ևս դեռ մեկ տարի առաջ գնվել, բայց շահագործման վայր չեն տեղափոխվել:
«Ազատություն»-ը հետաքննել ու պարզել էր, որ Գյումրիում գործող «Քարհատ» ընկերության արտադրած ավելի քան 230 հազար եվրո արժողության երկու հոսքագծերից մեկը այդպես էլ Քարհատի արտադրամասից չի տեղափոխվել, մյուսը՝ Վանաձոր է հասել ու դարձյալ պահեստավորվել:
Եվրամիության «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագիրն իր գովազդներում նշել է, թե Վանաձորում ու Գյումրիում այս հոսքագծերից յուրաքանչյուրը պլաստիկից ու ավազից «կարող է օրական արտադրել մեկ տոննայից ավել շինարարական սալիկ»։ Դրանք կհերիքեին երկու քաղաքների ամբողջ մայթերը սալիկապատելու համար: Ծրագրի պատասխանատուները հպարտանում էին՝ ծախսը՝ քիչ, արտադրանքը՝ որակով:
Ինչո՞ւ դեռ ութ ամիս առաջ գովազդված հոսքագծերը չեն շահագործվում: «Ազատություն»-ը գրավոր հարցումներ էր ուղարկել Վանաձորի և Գյումրիի համայնքապետարաններ: Գյումրիից պատասխանել էին, թե իրենք չեն գնումների գործընթացի պատվիրատուն, ու խնդրել «այս հարցերի գծով դիմել համապատասխան ծրագրի ներկայացուցիչներին»՝ Վանաձոր:
Վանաձորի քաղաքապետարանից գրավոր հորդորել էին՝ մի քիչ սպասել՝ մինչև ավագանու նիստ. - «Ծրագրի երկրորդ բաղադրիչը՝ կոշտ կենցաղային թափոնների վերամշակումը, ներկա պահին իրականացման փուլում է։ Ձեռք է բերվել հոսքագիծ, որի շահագործման հարցը կներկայացվի ավագանու առաջիկա նիստում»։
Մինչդեռ նիստն անցած շաբաթ կայացավ, բայց այս հոսքագծերի հարցն այդպես էլ օրակարգ չմտավ: Պարզվում է՝ դեռ անցած տարվա մայիսին էր ավագանին ընդունել վերամշակման հոսքագծերն ու Գյումրիի բաժինը նվիրաբերել գործընկեր համայնքին:
Ինչո՞ւ է համայնքապետարանը թաքցրել այս տեղեկությունը, ինչո՞ւ հոսքագծերն արտադրած «Քարհատ» ընկերությունն էլ, Գյումրիի քաղաքապետարանն էլ որևէ լուր չունեին օրական մեկ տոննա սալիկ արտադրելու հնարավորությամբ հոսքագծերի ճակատագրի մասին, այն դեպքում, երբ դրանցից մեկն արդեն նվիրաբերված էր համայնքին, ու լիարժեք շահագործելու հնարավորություն են ունեցել:
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը դժգոհեց Եվրամիության ծրագրին վերաբերող «Ազատության» այս հարցերից:
«Ի՞նչն ա Ձեր խնդիրը, մի հատ պարզ ասեք, ես Ձեզ պարզ բացատրեմ: Ուրախացա՞ք, բա բերել ենք, որ շահագործենք: Խո դա մի օրվա՞ ... ի՞նչ ա, մտածում եք՝ դա մի օրվա գործ ա՞: Պրոցեսները ընթանում ա, էսա կաշխատի: Մի օր կգաք, կասեմ Ձեզ, մասնագիտական ամեն ինչը ցույց տամ, կբացատրեմ», - վստահեցրեց Փելեշյանը:
Թե ինչ գործընթաց է գնում պլաստիկի վերամշակման հոսքագծերը գործարկելու ուղղությամբ, հայտնի չէ: Թե՛ Վանաձորի ու թե՛ Գյումրիի բաժին հոսքագծերը դեռևս պահեստավորված են: Պարզ չէ նաև՝ դրանք նախատեսված հզորությա՞մբ են արտադրվել, թե՞ ոչ: Գովազդներում ասվել էր, թե եվրոպական ստանդարտներ ունեն, ու որ տասնյակ նոր աշխատատեղեր կստեղծվեն երկու քաղաքներում. - «Նոր հոսքագծերը շուտով կտեղափոխվեն իրենց համար հատկացված արտադրամասեր; Դրանք գործարկելու դեպքում Գյումրիում և Վանաձորում միասին մոտ 30 մարդու զբաղվածության հարց կլուծվի»:
Համայնքապետարաններում նաև չեն պարզաբանում՝ որտե՞ղ են տեղադրվելու հոսքագծերը, չէ՞ որ դրանք շահագործելու, պլաստիկ թափոնները կուտակելու համար տարածք է անհրաժեշտ:
Անցած շաբաթ Վանաձորի ավագանին Դարպաս գյուղում շինարարական աղբավայրի տարածք առանձնացրեց, բայց որևէ խոսք չգնաց պլաստիկի վերամշակման համար անհրաժեշտ տարածքի մասին: Նույն այդ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու անդամներ կասկած հայտնեցին, որ Եվրամիության կողմից Վանաձորի համայնքապետարանին նվիրաբերված 4 միլիոն եվրոն անարդյունավետ է ծախսվել: Պայմանավորվեցին, որ առաջիկայում այս թեմայով քննարկում կծավալեն, որտեղ Եվրամիության ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին կպատասխանի ավագանու անդամներին հուզող հարցերին: Այս պահին դեռ որևէ լուր չկա պլանավորված քննարկման մասին:
Ի դեպ, Գյումրիի «Քարհատ» ընկերությունն այս հոսքագծերն արտադրելու մրցույթի միակ մասնակիցն է եղել, Եվրամիության միջոցներից ավելի քան 230 հազար եվրո է ստացել դրանք արտադրելու համար: «Քարհատ» ընկերության սեփականատեր Կարեն Սիմոնյանը Գյումրիում մասնակցում է տեղական ընտրություններին, գլխավորում է ընդդիմադիր «Մայր Հայաստան»-ի ընտրական ցուցակը: