Թեև սպասվում էր, որ երեկ կհանգուցալուծվի Վանաձորի ավագանու դատական գործընթացը, բայց դատարանը գործը դարձյալ հետաձգել է: Վարչական դատարանը պետք է քններ «Լուսավոր Հայաստան»-ի դիմումն այն մասին, որ հրաժարվում է դեռ երեք տարի առաջ ներկայացրած իր հայցից:
Ենթադրվում էր, թե նկատի ունենալով, որ «Լուսավոր»-ն այլևս Վանաձորի ավագանուց և ընտրական հանձնաժողովից 2021-ի տեղական ընտրությունների հետ կապված որևէ պահանջ չունի, դատարանը պետք է հարցը փակված համարեր ու ավագանուն թույլատրեր համայնքի ղեկավար ընտրել, ինչի հնարավորությունն այս դատական գործի պատճառով չի եղել արդեն երեք տարի:
Ինչո՞ւ այդ երկար սպասված որոշումը դատարանը չի կայացրել, թեև «Դատալեքս» տեղեկատվական համակարգում նշված է, որ դատական նիստը տեղի է ունեցել:
«Ազատության» տեղեկություններով՝ կողմերից որևէ մեկը չի ներկայացել, ո՛չ համայնքապետարանի, ո՛չ ավագանու ներկայացուցիչները երեկ դատարան չեն գնացել:
Երկուսուկես տարի առաջ վարչապետի կողմից համայնքի ժամանակավոր ղեկավար նշանակված Արկադի Փելեշյանի աշխատակազմից այդպես էլ չպարզաբանեցին՝ ինչու դատական նիստին չեն ներկայացել: Չէ՞ որ երեկվա դատական նիստն ի վերջո Վանաձորին համայնքի ընտրովի ղեկավար ունենալու հնարավորություն կտար:
ՏԻՄ փորձագետ Գևորգ Քոթանջյանն այստեղ ժամանակավոր կառավարումը երկարաձգելու միտում է տեսնում: Այսօրվա դրությամբ ընտրություններն իշխանություններին ձեռնտու չեն: Երեկվա դատական նիստին էլ, ըստ իրավապաշտպանի, չեն ներկայացել, քանի որ դատական նիստի մասին ծանուցումներն իրենց չէին հասել: Իրավապաշտպանը կասկածներ ունի, որ համայնքապետարանն ու կուսակցությունները միտումնավոր են անպատասխան թողել դատարանից ուղարկված ծանուցումները:
«Գուցե դիտավորյալ սխալ հասցե են տվել, կամ դիտավորյալ չեն վերցնում նամակները, հեռախոսազանգերի չեն պատասխանում: Բայց դատարանն ունի մի այլ գործիք, այսինքն՝ երբ գրավոր ծանուցումը գնում է, հետ է գալիս դատարան, այսինքն՝ դատավորի գրասենյակ, իրենք տեսնում են, որ էդ ծանուցումը էլի չի հասնում, կարող էին միջանկյալ միջոց կիրառեին և ազդարարում տեղադրեին: Բայց ոնց հասկանում ենք, դատարանը ըստ երևույթին չի իրականացրել, որով հնարավորություն է ընձեռել, որ այս մարդիկ էլի ինչ-որ ժամանակով երկարաձգեն Վանաձորի ճգնաժամը», - «Ազատության» հետ զրույցում նշեց Քոթանջյանը:
Չնայած Վանաձորում առկա կառավարման ճգնաժամի մասին փորձագետների պնդումներին, իշխանությունները թե՛ այստեղից ու թե՛ Երևանից պարբերաբար հերքել են ու ժամանակավոր կառավարումից գոհունակություն հայտնել: Շինարարական աշխատանքներ են ցույց տալիս, որ կատարվել են համայնքի ու պետության միջոցներով:
Դատական նիստին չեն ներկայացել նաև ավագանու խմբակցությունները, որոնք դատարանում երրորդ կողմ են: Ըստ էության, նրանց ներկայությունը պարտադիր չէ, բայց դատարանը դեռ անցած տարի Վանաձորի ժամանակավոր ղեկավար Արկադի Փելեշյանի հայցն էր վարույթ ընդունել, թե «դատական նիստերին պատշաճ չեք ծանուցել, հետևաբար գործը փակել չեք կարող»:
Այսօր Փելեշյանը չպատասխանեց «Ազատության» զանգերին: Նրա աշխատակազմից էլ մեկնաբանություն չեղավ:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Վանաձորում 2021-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով մեծամասնություն չունի, բայց Փելեշյանի գլխավորած ՀԱՍԿ-ի հետ համաձայնություն ունեն: Նրա պաշտոնավարման տարիներին այստեղ ավագանու հատուկենտ նիստերը տեղի են ունենում հիմնականում այս երկու խմբակցությունների նախաձեռնությամբ ու մասնակցությամբ:
«Ազատության» հարցին՝ արդյոք երեկվա դատական նիստին խմբակցության որևէ ներկայացուցիչ ներկայացել է, խմբակցության ղեկավար Արմեն Հարությունյանն արձագանքեց՝ տեղյակ չէ՝ ինչ դատի մասին է խոսքը. - «Ես չգիտեմ էլ, որ դատ է եղել: Ես անձամբ չեմ իմացել»:
Դեռ անցած տարվա նոյեմբերի կեսերին էր, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց իրենց հայցից հրաժարվելու մասին: Լրատվամիջոցներով բազմաթիվ լուսաբանումներ եղան այդ մասին, տարբեր ասուլիսներում իշխանության ներկայացուցիչները շեշտել են, որ հունվարի 21-ին դատական նիստ է տեղի ունենալու, ու որ սպասում են՝ ինչ կորոշի դատարանը: Բայց ստացվում է՝ իշխող կուսակցության ներկայացուցիչն այդ մասին տեղյակ չէր:
Ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Մամիկոն Ասլանյանը նույնպես այսօր «Ազատության» զանգերին չարձագանքեց: