Մատչելիության հղումներ

Վանաձորում ավելի քան մեկ միլիարդ դրամի շինարարություն խոստացվել ու չի իրականացվել


Վանաձորի գործող իշխանություններն անցած երկուսուկես տարվա իրենց կառավարումը հաջողված համարելիս շեշտում են՝ համայնքում աննախադեպ ծավալի շինարարություն է կատարվում: Նկատի ունեն փողոցների ու համայնքային ենթակայության շենքերի հիմնանորոգումները:

Բայց համայնքապետարանի հաշվետվությունները ուսումնասիրելիս պարզվում է, որ դրանց մի մասն այդպես էլ թղթի վրա է մնում: Դեռ 2022 թվականին հաստատված մի շարք փողոցների Վանաձորում ու մանկապարտեզների ծրագրեր այդպես էլ չիրագործվեցին: Օրինակ՝ թե՛ 2022-ին ու թե՛ 23-ի վերջում ժամանակավոր ղեկավարները հայտարարել են համայնքի երեք՝ Ուսանողական, Շինարարներ ու Համբարձումյան փողոցների մոտ 800 միլիոն դրամանոց ծրագրի մասին:

Բյուջեի քննարկումների ու հանրային լսումների ժամանակ շեշտել ու հավաստիացրել են, որ արդեն նախագիծը կա, ավագանին հաստատել է, կառավարությունն էլ հավանություն տվել, ու որ 2024-ին արդեն շինարարության համար մրցույթ կհայտարարվի: Մինչդեռ տարին ավարտվեց՝ առանց թանկարժեք այս ծրագիրն իրագործելու: Պարզվում է, որ դեռ անցած տարվա նոյեմբերին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ համայնքների սուբվենցիոն հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը մերժել է այն, քննարկումը հետաձգել: Պատճառաբանությունը հակիրճ է՝ «հետաձգել հարցի քննարկումը՝ առաջարկելով վերանայել նախագծանախահաշվային արժեքները»:

Արձանագրությունը Լոռու մարզպետարանից տրամադրեցին՝ առանց մեկնաբանության, թե ինչո՞ւ հանձնաժողովն արժանահավատ չի համարել մոտ 800 միլիոն դրամանոց այս շինարարական ծրագիրը:

Այս փողոցների 2 կիլոմետրանոց հատվածի շինարարության նախագիծը դեռ 2023 թվականին կազմել է «Շինէքսպրտ» ընկերությունը, որ փոխկապակցված է համայնքապետարանի ճարտարապետության բաժնի կալանավորված պետ Սուրեն Աբովյանի հետ: Նախագիծը կազմելու համար համայնքը ընկերությանը վճարել է ավելի քան 3 միլիոն դրամ: «Ազատություն»-ը դեռ տասն օր առաջ համայնքապետարանին հարցեր էր ուղղել՝ ինչո՞ւ հայտարարված ծրագիրն այդպես էլ չիրականացավ, ու թե ինչո՞ւ նախագծանախահաշվային արժեքները կասկածելի են թվացել գնահատող հանձնաժողովին, որի հիմքով էլ համայնքի համար կարևոր շինարարական ծրագրերը չեն հաստատվել: Համայնքապետարանից այդպես էլ մեր գրավոր հարցմանը չեն պատասխանել:

Փոխվարչապետի գլխավորած միջգերատեսչական հանձնաժողովն անցած տարեվերջին կայացրած որոշմամբ հետաձգել է նաև Վանաձորի թիվ 7 տնակային մանկապարտեզի շինարարության 163 միլիոն դրամանոց ծրագիրը, ինչպես նաև Վանաձորի Ազարյանի անվան մարզադպրոցի հիմնանորոգումը, որն էլ, ըստ նախագծի 200 միլիոն դրամ էր կազմելու:

Այս շինարարությունների նախագծերը նույնպես կազմել է «Շինէքսպրտ» ընկերությունը ու բազմաթիվ գովազդային հրապարակումներում համայնքապետարանը շեշտել է, որ կառուցելու են:

Չնայած նախկինում արված բոլոր հայտարարություններին, անցած տարին ամփոփելիս, այդպես էլ չստացված ծրագրերի մասին պաշտոնական հայտարարություններ չեղան: Միայն Վանաձորի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գևորգ Հարությունյանն էր Ամանորին իր սոցիալական էջում թվարկել կատարված շինարարական ծրագրերն ու ներողություն խնդրել չկատարվածի համար:

«Իհարկե սա չնչին է, որ կարելի է թվարկել, քանի որ կառավարության աջակցությունն աննախադեպ էր, որը չնկատել հնարավոր չէ, բայց և համայնքի ղեկավարման մեջ ունեցել ենք որոշակի ձախողումներ ևս, օրինակ` Աղայան փողոցից մինչև Բազում թաղամասի փողոցի հիմնանորոգումը, Տարոն թաղամասերի փողոցների հիմնանորոգման ծրագրի` Տարոն 4 -ի մասը, որոնք քիչ ուշացումով բայց անպայման կիրագործվեն։ Այս ձախողումների մեջ թերևս տուժողը բնակիչն է, քանի որ բնակիչն է կրում դրա հետևանքը, որի համար որպես Վանաձոր համայնքի ավագանի, խնդրում եմ բոլորի ներողամտությունը», - նշել էր նա։

Վանաձորի 2024 թվականի բյուջեն կազմել է մոտ 6,5 միլիարդ դրամ, որի գրեթե կեսը պետությունից ստացվող դոտացիոն գումարն է: Անցած տարի նախորդ տարվա համեմատ դոտացիան ավելացել էր 850 միլիոն դրամով:

XS
SM
MD
LG