Մատչելիության հղումներ

Թրամփը յոթ դաշնային գործակալությունները, այդ թվում՝ USAGM-ը կրճատելու հրամանագիր է ստորագրել


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յոթ դաշնային գործակալությունները կրճատելու հրամանագիր է ստորագրել։

Կրճատման ենթակա գործակալությունների թվում նաև ԱՄՆ գլոբալ լրատվամիջոցների գործակալությունն է (USAGM), որը վերահսկում է «Ազատություն ռադիոկայան» և «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցները։

Հրամանագիրը ստորագրվել է մարտի 14-ի ուշ երեկոյան և վերաբերում է նաև անօթևանների, աշխատանքային վեճերի և համայնքների զարգացման հարցերով զբաղվող գործակալություններին։

Հրամանի հրապարակման օրվանից 7 օրվա ընթացքում գործակալության ղեկավարները պետք է հրամանի կատարման մասին հաշվետվություն ներկայացնեն Կառավարման և բյուջեի գրասենյակի տնօրենին։

«Ազատություն» ռադիոկայանը դեռ չի մեկնաբանել նախագահ Թրամփի այս հրամանը:

USAGM-ն անկախ պետական գործակալություն է, որը վերահսկում է մոտ 50 լեզուներով լուրերի և տեղեկատվության հեռարձակումը։ 2025-ի համար USAGM-ին անհրաժեշտ բյուջեն կազմել է 950 միլիոն դոլար, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանը, «Ամերիկայի ձայնը», «Ազատ Ասիա» ռադիոն, «Կուբայի հեռարձակման գրասենյակը» (Radio Marti), «Մերձավոր Արևելքի հեռարձակման ցանցերը» (MBN) և «Բաց տեխնոլոգիաների հիմնադրամը» ֆինանսավորելու համար։

Թրամփը, որ հունվարին պաշտոնը ստանձնելուց ի վեր մի շարք քայլեր է ձեռնարկել կրճատելու կառավարության ծախսերն, իր պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում, ընդհարում էր ունեցել USAGM-ի հետ խմբագրական անկախության և ծրագրերի ուղղվածության շուրջ:

Նույն պնդումները նա արել է Սպիտակ տուն վերադառնալուց հետո, մինչդեռ հեռարձակողների աջակիցները կարծում են, որ այս լրատվամիջոցները կարևոր զենք են ԱՄՆ դիվանագիտության համար:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG