Մատչելիության հղումներ

«Որոշում եմ կայացրել լքել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը»․ Կիրակոսյան


Եղիշե Կիրակոսյան
Եղիշե Կիրակոսյան

«Որոշում եմ կայացրել լքել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը», - Ֆեյսբուքում գրել է ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Կիրակոսյանը նշել է, որ ցանկանում է «առավել կենտրոնանալ ակադեմիական/գիտական և մասնագիտական գործունեության վրա՝ նպաստելով Հայաստանի Հանրապետությունում միջազգային իրավունքի ամրապնդմանը, ինչպես նաև իրավագիտական կրթության զարգացմանը»։

Նա երախտագիտություն է հայտնել վարչապետին՝ վստահության համար, շնորհակալություն հայտնել պետական համակարգի բոլոր գործընկերներին, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի թիմին և հույս հայտնել, որ «գրասենյակը կշարունակի պատշաճ և արդյունավետ կերպով իրականացնել Հայաստանի շահերի ներկայացումը միջազգային դատական և արբիտրաժային գործընթացների շրջանակներում»։

Նախօրեին կառավարության լրատվականից «Ազատության»-ը հայտնել էին, որ Կիրակոսյանը կազատվի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն և որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ամիսներ առաջ։ Թե ինչ պայմանավորվածության համաձայն է նա թողնում պաշտոնը, կառավարության լրատվականից չէին մանրամասնել: Կիրակոսյանի այսօրվա հայտարարությունում ևս դրան անդրադարձ չկա։

Եղիշե Կիրակոսյանն էր ներկայացնում Բաքվի դեմ Երևանի հայցերը Մարդու իրավունքների եվրոպական և ՄԱԿ-ի արդարադատության դատարաններում: Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականից:

Նիկոլ Փաշինյանը 2024 թվական նոյեմբերին Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում նշել էր, որ Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում պատրաստ է միջազգային ատյաններից փոխադարձության սկզբունքով հայցերը հետ կանչել:

Այն ժամանակ «Ազատության» հարցին ի պատասխան Կիրակոսյանն ասել էր՝ «չի կարծում, որ խաղաղության գործընթացին կարող են խանգարել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա իրավական վեճերը»:

Միջազգային ատյաններից հայցերը հետ կանչելու պահանջ Բաքուն է ներկայացնում, հարցն, ըստ ադրբեջանական կողմի, խաղաղության պայմանագրի կետերից է:

Արցախի վրա 2020 և 2023 թվականների հարձակումներից հետո Հայաստանը 4 միջպետական գանգատ է ներկայացել ՄԻԵԴ, ևս մեկը՝ Հաագայի արդարադատության դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG