ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կազատվի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն, «Ազատության»-ը հայտնել են կառավարության լրատվականից՝ նշելով, թե նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ամիսներ առաջ:
Թե պատճառը որն է և ինչ պայմանավորվածության համաձայն է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի կառավարության ներկայացուցիչը թողնում պաշտոնը, կառավարության լրատվականից չեն մանրամասնել:
Եղիշե Կիրակոսյանն «Ազատության» զանգերին չի պատասխանում:
Մամուլը մոտ մեկ ժամ առաջ գրեց Կիրակոսյանի ու նրա ողջ թիմի ազատման դիմումներ ներկայացնելու մասին: Կառավարությունից վստահեցնում են, թե Կիրակոսյանի ղեկավարած գրասենյակի աշխատակիցների զանգվածային ազատման վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. - «Գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը»:
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը «Ազատության»-ը հաստատել է, որ գրասենյակի մեկ-երկու աշխատակից ազատման դիմում է գրել:
«Այո, մեկ-երկու աշխատակից դիմում ներկայացրել է մեկ շաբաթ առաջ, երկու շաբաթ առաջ, բայց դրան զուգահեռ հաստիքները համալրվել են», - փոխանցեց Դրմեյանը:
Կիրակոսյանի հրաժարականի մասին տեղեկություններ կային նաև ամիսներ առաջ:
Եղիշե Կիրակոսյանն է ներկայացնում Բաքվի դեմ Երևանի հայցերը Մարդու իրավունքների եվրոպական և ՄԱԿ-ի արդարադատության դատարաններում: Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականից:
Միջազգային հայցերի հետկանչը խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերից է, Երևանն, ըստ էության, փոխադարձության սկզբունքով դեմ չէ այս լուծմանը:
Տարեսզբին Եղիշե Կիրակոսյանն «Ազատության»-ն ասել էր՝ չի կարծում, թե իրավական վեճերը կարող են խանգարել խաղաղության գործընթացին:
«Իմ կարծիքով, իրավական վեճերի իմաստն ինչ-որ տեղ խաղաղության հաստատումն է։ Երբ պետությունները նախաձեռնում են իրավական վեճեր, տարաձայնությունները լուծում են քաղաքակիրթ եղանակով, դա նաև պատերազմը կանխարգելել է նշանակում», - նշել է նա: