Ռուսաստանը հայտարարում է, թե այսօր ուկրաինական ուժերին դուրս է մղել Կուրսկի շրջանի վերջին հենակետերից մեկից՝ վերահսկողության տակ վերցնելով Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Օլեշնյա գյուղը։
«Ազատությունը» հնարավորություն չունի այս տեղեկատվության իսկությունը ճշտել, ուկրաինացի պաշտոնյաները ևս այն դեռ չեն հաստատել։
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուկրաինական ուժերը դեռևս վերահսկում են Օլեշնյայից մոտ 11 կիլոմետր դեպի հարավ գտնվող Գորնալ գյուղը։
«Կատաղի մարտեր են ընթանում նրանց այնտեղից դուրս մղելու համար, որպեսզի Կուրսկի շրջանն ամբողջությամբ ազատագրվի», - հայտնում է գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի անվտանգության մարմիններին:
Ուկրաինացիները անցած տարի անակնկալ գրավել էին Ռուսաստանի Կուրսկի շրջանի տասնյակ բնակավայրեր, սակայն վերջին ամիսներին Հյուսիսային Կորեայից տեղափոխված զինվորների աջակցությամբ ռուսները դուրս են մղում նրանց այդ տարածքներից։