Միացյալ Նահանգները միջուկային ծրագրի շուրջ «ուղիղ բանակցություններ» կվարի Իրանի հետ, նախօրեին Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Դոնալդ Թրամփի խոսքով՝ բանակցությունները կմեկնարկեն շաբաթ օրը, «կանցկացվեն բարձր մակարդակով»։
«Իրանի «շահերից» է բխում, որ բանակցությունները հաջող ավարտվեն», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Սա Իսրայելի և ԱՄՆ նախագահների երկրորդ հանդիպումն էր Թրամփի երկրորդ պաշտոնավարումից ի վեր։ Պաշտոնը ստանձնելուց հետո Թրամփն առաջինն Օվալաձև սենյակում ընդունել է Նեթանյահուին։
Թրամփը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ «մեծ հանդիպում» են ունեցել Իրսայելի վարչապետի հետ, անդրադարձել են նաև Իրանին և միջազգային առևտրին։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա՝ շեշտելով՝ ինքը նախընտրում է «գործարք» կնքել Իրանի հետ, քան ռազմական առճակատման գնալ։
Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ ուղղակի բանակցությունների չեն գնա ԱՄՆ-ի հետ, սակայն պատրաստ են միջորդավորված բանակցությունների։
«Մենք հավատարիմ ենք մնում դիվանագիտությանը և պատրաստ ենք փորձել անուղղակի բանակցությունների ճանապարհը», - օրերս հայտարարել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Թրամփն էլ ասել է, որ նախընտրում է ուղիղ բանակցությունները՝ զգուշացնելով՝ պատրաստ է նաև ռազմական գործողությունների, եթե դիվանագիտությունը ձախողվի:
Սպիտակ տան ղեկավարը նախորդ ամսվա սկզբին Թեհրան ուղարկված նամակով առաջարկել էր բանակցել միջուկային ծրագրի շուրջ նոր գործարք կնքելու համար, միաժամանակ սպառնացել, թե դրա այլընտրանքը խնդրի ռազմական լուծումը կլինի։
Պաշտոնավարման առաջին շրջանում ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս եկավ Թեհրանի և 5 գերտերությունների միջև ստորագրված միջուկային գորարքից, այս տարեսկզբին էլ՝ երկրորդ անգամ մտնելով Սպիտակ տուն, հրամանագիր ստորագրեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները առավելագույն մակարդակի հասցնելու մասին։