Մատչելիության հղումներ

Թրամփը չի բացառում, որ Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին


ԱՄՆ 45-րդ նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ 45-րդ նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ, նոյեմբերի 5-ի ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին՝ նման քայլը տրամաբանական համարելով։ Այդ մասին Թրամփը հայտարարել է Հյուսիսային Կարոլինայում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ՝ նաև քննադատելով ԱՄՆ գործող նախագահ Ջոզեֆ Բայդենին, որն իսրայելական կողմին կոչ էր արել հրաժարվել Իրանի միջուկային հաստատություններին հրթիռակոծելու մտքից։

«Կարծում եմ, որ Բայդենը ճիշտ չէ։ Մի՞թե միջուկային օբյեկտները հենց այն թիրախները չեն, որ պետք է խոցվեն։ Միջուկային զենքն ամենամեծ սպառնալիքն է։ Երբ Բայդենին հարցնում էին այս մասին, նա պետք է պատասխաներ՝ սկզբում հարվածել միջուկային օբյեկտներին և նոր միայն մտածել այլ թիրախների մասին», - ասում էր Թրամփը։

Հոկտեմբերի 1-ի զանգվածային հրթիռակոծությանն ի պատասխան՝ Իսրայելը հակահարվածով է սպառնում Իրանին: «Իրանը մեծ սխալ է գործել և կվճարի դրա համար։ Մենք հավատարիմ կմնանք մեր հաստատած կանոններին՝ ով մեզ վրա հարձակվի, մենք էլ նրա վրա կհարձակվենք», - մասնավորապես հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

Երեկ քարոզի ժամանակ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելի հրթիռակոծությունն օրինական էր, և «եթե պետք լինի», Իրանը կրկին դա կանի:

XS
SM
MD
LG