Մատչելիության հղումներ

Բեյրութի կենտրոնին իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ


grab Beirut
grab Beirut

Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնին՝ սպանելով առնվազն վեց մարդու։ 2006 թվականից ի վեր առաջին անգամ Իսրայելը Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական հատվածը թիրախավորեց Իրանից հնչող հայտարարությունների ֆոնին՝ թե ավելի հուժկու հարված կհասցնի հրեական պետությանը, եթե պատասխանի հոկտեմբերի 1-ի իրանական հրթիռակոծությանը։

Իսրայելը պնդում է, որ Բեյրութին հասցված մահացու հարվածները ճշգրիտ գործողություն է ընդդեմ «Հեզբոլա»-ի, մինչդեռ լիբանանյան պաշտոնական աղբյուրների համաձայն՝ թիրախը եղել է մայրաքաղաքի կենտրոնական Բաչուրա թաղամասի բազմահարկ շենքերից մեկը, որը գտնվում է Լիբանանի խորհրդարանի, ՄԱԿ-ի տարածաշրջանային շտաբ-կենտրոնի հարևանությամբ։

Իսրայելական օդուժը քաղաքացիական ենթակառուցվածք է թիրախավորել, փլատակներում աշխատող փրկրարարներից մեկն է պատմում «Ռոյթերզ»-ին:

«Սա շտապօգնության կենտրոն է, որը սպասարկում է հասարակության տարբեր խավերի։ Գտնվում է մայրաքաղաք Բեյրութի սրտում, գիշերը 10։30-ից 11-ը այն ուղիղ հարձակման է ենթարկվում։ Սա «ոչ քաղաքացիական» կենտրոն չէ․ սա կենտրոն է, որը սպասարկում է քաղաքացիներին», - նշել է նա։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով 6 զոհից բացի ևս յոթ մարդ էլ վիրավորվել է։ Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել նաև լիբանանյան մայրաքաղաքի Դահիեի հարավային արվարձանին, որտեղ անցած շաբաթ սպանվել է «Հեզբոլա»-ի առաջնորդ Հասան Նասրալլան։

Լիբանանի դեմ Իսրայելի վերջին մի քանի շաբաթվա ավերիչ գործողությունների հետևանքով ավելի քան 1100 մարդ է զոհվել, շուրջ 1 միլիոն 2 հարյուր հազար մարդ՝ երկրի բնակչության մեկ հինգերորդը, տեղահանվել է՝ հիմնականում հարավային շրջաններից։ Տասնյակ հազարավոր մարդիկ ապաստանել են Բեյրութում, որտեղ դպրոցները, համալսարանները, մզկիթները և նույնիսկ ֆուտբոլի մարզադաշտերը վերածվել են ժամանակավոր կացարանների։ Այդուհանդերձ ոչ բոլորին է ապաստան հասել․ հազարավոր փախստականներ մի քանի օր է արդեն՝ գիշերում են բաց երկնքի տակ՝ Բեյրութի փողոցներում, լողափերում։

«Պատերազմ է, անվտանգություն չկա, մենք պատերազմ չենք ուզում, ոչ ոք պատերազմ չի ուզում։ Մենք երեխաներ ունենք, տուն, ուզում ենք ապահով կյանք ունենալ։ Ամեն ինչ կտրուկ փոխվեց, պատերազմը տարածվեց, չենք հավատում, որ լքել ենք մեր տունը և հայտնվել փողոցում»,- պատմում է Բեյրութում հայտնված փախստականներից մեկը։

Ժամանակավոր ճամբար Լիբանանի լողափերից մեկում
Ժամանակավոր ճամբար Լիբանանի լողափերից մեկում

Լիբանանի հարավի մեծ մասը վերահսկող «Հեզբոլա»- ն ԱՄՆ-ը համարում է ահաբեկչական կազմակերպություն, թեև Եվրամիությունը միայն դրա զինված թևն է ներառել իր սև ցուցակում:

Բեյրութից, Լիբանանի հարավից բացի Իսրայելը հարվածներ է հասցնում նաև Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի վրա, երեկվա հարձակումների ընթացքում սպանելով չորս մարդու, այդ թվում՝ Հասան Ջաաֆար ալ-Կասիրըին՝ Նասրալլայի փեսային, տեղեկությունը հայտնել է Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը։

Իսրայելական հրթիռակոծության հետևանք Դամասկոսում
Իսրայելական հրթիռակոծության հետևանք Դամասկոսում

Հարևան երկրների դեմ օդային հարձակումներն Իսրայելն իրականացնում է Լիբանան իր ցամաքային ներխուժմանը զուգահեռ։ Իսրայելական պաշտոնական աղբյուրների համաձայն՝ երեկ մարտերի ընթացքում սպանվել է ութ իսրայելցի զինվոր․ սա իսրայելական բանակի համար ամենամահաբեր օրն է՝ այս շաբաթ Լիբանան ներխուժելուց ի վեր։ Լիբանանում ցամաքային գործողություններից Իսրայելին ետ չի պահել նույնիսկ սեփական տարածքներին Իրանի լայնածավալ հրթիռակոծությունը։

Իսրայելն է Իրանին դրդում ներքաշվել պատերազմական գործություններում. Փեզեշքիան

Իրանի պաշտոնյաները, այդ թվում՝ Պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Մոհամմադ Բաղերին, երեկ շեշտում էին՝ Թեհրանը Իսրայելի դեմ գործողություններում սահմանափակվել է ռազմական թիրախների խոցմամբ, սակայն Իսրայելի պատասխանի դեպքում՝ Իրանը ավելի ուժգին կարձագանքի:

«Եթե Սիոնիստական ռեժիմը չվերահսկվի և քայլեր ձեռնարկի Իրանի դեմ, մենք հարվածներ կհասցնենք ամբողջ ենթակառուցվածքներին», - նշել է Բաղերին։

Իրանի նախագահ Մահսուդ Փեզեշքիանն իր հերթին պնդեց՝ Իսրայելն է Իրանին դրդում ներքաշվել պատերազմական գործություններում, որպես օրինակ մատնացույց անելով Իրանի մայրաքաղաքում Թեհրանի առանցքային դաշնակիցներից մեկի՝ «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունը։

«Մենք պատերազմ չենք փնտրում, Իսրայելն է, որ ստիպում է մեզ արձագանքել։ Մենք նույնպես ցանկանում ենք անվտանգություն և խաղաղություն: Հանիեին Թեհրանում սպանել է Իսրայելը», - Կատարում երեկ հայտարարում էր իրանական կառավարության ղեկավարը։

Թեև Իսրայելը պնդում է, թե Իրանի լայնածավալ հրթիռակոծությունը շոշափելի վնասներ չի պատճառել, քանի որ երկրի օդուժը կարողացել է դրանք օդում խոցել նախքան կհասներ թիրախներին, այդուհանդերձ իշխանություններն ամենաբարձր մակարդակով խոսում են ցավոտ պատասխանի մասին։

ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը Երեկ CNN-ին ասել է, որ Իրանի հարձակմանը պատասխանը կլինի «շատ ուժեղ, ցավոտ» և «շուտով»:

XS
SM
MD
LG