Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Լիբանանի հարավում ութ զինվոր է զոհվել։ Բոլոր սպանվածները 21-ից 23 տարեկան են։
Իսրայելական բանակն այսպիսով հաղորդում է հոկտեմբերի 1-ին իրանամետ «Հեզբոլա» խմբավորման դեմ ցամաքային գործողությունների մեկնարկից հետո իր առաջին կորուստների մասին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ցավակցություն է հայտնել զինծառայողների ընտանիքներին՝ միևնույն ժամանակ ընդգծելով՝ երկիրը գտնվում է Իրանի դեմ ծանր պատերազմում։
«Նրանք փորձում են ոչնչացնել մեզ: Դա տեղի չի ունենա, քանի որ մենք միասին ենք և Աստծո օգնությամբ միասին հաղթելու ենք», - ասել է Իսրայելի վարչապետը։
Միաժամանակ վարչապետը Գազայի հատվածից պատանդների ու Իսրայելի հյուսիսի բնակիչների իրենց տներ վերադարձի հույս է հայտնել։
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) նախօրեին հայտարարել էր, որ «սահմանափակ ցամաքային գործողություններ է իրականացնում հարավային Լիբանանում գտնվող «Հեզբոլա»-ի կառույցների և ենթակառուցվածքների դեմ», և այդ գործողությունները «հիմնված են ճշգրիտ հետախուզական տեղեկատվության վրա»:
Լիբանանում ցամաքային գործողություններին նախորդել էին իսրայելական բանակի զանգվածային ավիահարվածները Լիբանանում գտնվող, ԱՄՆ-ում ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի հետ կապ ունեցող թիրախներին։