Մատչելիության հղումներ

Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց Հայկական հիշատակի օրվա իր ուղերձը, որում, ինչպես և իր նախորդ նախագահության շրջանում, Հայոց ցեղասպանության վերաբերյալ օգտագործել է Մեծ Եղեռն (Meds Yeghern) տերմինը, որն առաջինը 2009 թվականին կիրառել էր ԱՄՆ 44-րդ նախագահ, դեմոկրատ Բարաք Օբաման:

«Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնը և հարգում 20-րդ դարի մեծագույն աղետներից մեկի ընթացքում տառապած հրաշալի հոգիների հիշատակը», - ասված է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում տեղադրված ուղերձում: - «1915 թվականից սկսած մեկևկես միլիոն հայեր աքսորվեցին և մահվան երթի դուրս եկան Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Հիշատակի այս օրը մենք վերստին միանում ենք Հայկական Մեծ Համայնքին Ամերիկայում և ամբողջ աշխարհում՝ սգալով կորսված բազմաթիվ կյանքերը»:

«Ամեն տարի ապրիլի 24-ին մենք խորհում ենք ամերիկացի և հայ ժողովուրդների ամուր և հարատև կապերի մասին: Մենք հպարտ ենք Հայկական և Սիրիական օգնության կոմիտեով՝ 1915-ին հաստատված բեկումնային ջանք, որը վճռական մարդասիրական օժանդակություն ցուցաբերեց հայ փախստականներին, և երախտապարտ ենք հազարավոր ամերիկացիներին, որոնք նպաստեցին կամ կամավորագրվեցին իրենց տներից վտարված հայերին օգնելու համար», - ասված է ԱՄՆ նախագահի ուղերձում:

«Այս օրը մենք ականատեսն ենք ողբերգությանը դեմ-հանդիման հայ ժողովրդի ամրության և տոկունության: Մենք բախտավոր ենք, որ այնքան շատ հայեր մեր ափերն են բերել իրենց հարուստ մշակույթը և այնքան շատ նպաստ են բերել մեր երկրին, այդ թվում՝ պարգևների արժանացած զինվորների, նշանավոր արտիստների, հռչակավոր ճարտարապետների և հաջողակ գործարարների», - հայտարարել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ իր վարչակազմը նվիրված է մնում կրոնական ազատության և խոցելի փոքրամասնությունների պաշտպանությանը: «Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակմանը և տարածաշրջանային կայունությանն աջակցելուն, մինչ շարունակում ենք ձգտել կայուն բարգավաճման և անվտանգության», - իր ուղերձն ամփոփել է Դոնալդ Թրամփը:

Միացյալ Նահանգները թե՛ նախագահի, թե Կոնգրեսի զույգ պալատների մակարդակներով պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը 2021 թվականից սկսած իր ապրիլքսանչորսյան ուղերձներում գործածել է հենց Հայոց ցեղասպանություն տերմինը:

Հայ դատը խստորեն դատապարտում է

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։ Ամերիկահայ կազմակերպության գնահատմամբ՝ Սպիտակ տան ղեկավարը «Թուրքիայի ճնշման տակ հրաժարվել է նույնիսկ հիշատակել Հայոց ցեղասպանություն» եզրույթը։

«Նախագահ Թրամփի նահանջը Հայոց ցեղասպանության ճանաչումից խայտառակ պարտություն է թուրքական սպառնալիքներին, քրիստոնյա հայերի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի շարունակական ցեղասպանական ագրեսիան կանխելու պատասխանատվության ամոթալի չեղարկում», - հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Համբարյանի համոզմամբ՝ ԱՄՆ առաջնորդի «բացթողումը դիվանագիտական վրիպակ չէ, այլ՝ միտումնավոր նահանջ ճշմարտությունից»։



XS
SM
MD
LG