ԱՄՆ Ներկայացուցիչների տունը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը: Օրենսդիր մարմնի երկու ճամբարների` հանրապետականների և դեմոկրատների հեղինակած փաստաթղթին կողմ քվեարկեց 405 կոնգրեսական, դեմ` 11, 3-ը ձեռնպահ էին:
Բանաձևը փաստում է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունն է Հայոց ցեղասպանության ոգեկոչումը՝ այն պաշտոնապես ճանաչելու և հիշատակելու միջոցով, Հայոց ցեղասպանության կամ որևէ այլ ցեղասպանության ժխտման մեջ ամերիկյան կառավարությանը ներգրավելու մերժումը, Հայոց ցեղասպանության փաստերի վերաբերյալ կրթության և հանրային ըմբռնման խրախուսումը:
«Սա մի քվեարկություն է, որին ես սպասել եմ 19 տարի, մի քվեարկություն է, որին տասնյակ հազարավոր ամերիկահայեր տասնամյակներ են սպասել», - հայտարարեց բանաձևի համահեղինակ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ադամ Շիֆը, հավելելով. «Մենք չենք կարող ընտրողաբար որոշել, թե մարդկության դեմ ո՛ր հանցագործություններն են քննարկման համար նպատակահարմար, որոնք`ոչ: Մենք չենք կարող մարդու իրավունքների պաշտպանությունը քողարկել մեղմասացության տակ, և չպետք է լռենք`օտար պետության վախից»:
Վերջին անգամ Ներկայացուցիչների տունը նման փաստաթուղթ ընդունել էր ավելի քան երեք տասնամյակ առաջ` 1984-ին, նախաձեռնությունը, սակայն, օրենքի ուժ չէր ստացել, քանի որ չէր արժանացել Սենատի հավանությանը:
Մանրամասները տե՛ս այստեղ