Պաշտոնական Երևանը ողջունում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևի ընդունումը Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից:
«Ողջունում եմ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատմական քվեարկությունը։ Բանաձևը հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ, որը նաև մխիթարանք է հաղորդում Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին։ Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքներն ու հիացմունքն ուղղված ամերիկահայերի սերունդներին, ում անձնազոհ քաղաքական և հասարակական գործունեությունն ու հաստատակամությունն էին այս պատմական քվեարկության շարժիչ ուժը և ոգևորությունը։ Այլևս երբեք», - Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի ղեկավարը նույն բովանդակությամբ գրառումներ է կատարել Թվիթերում՝ անմիջապես արձագանքելով Ներկայացուցիչների պալատում քվեարկությանը․
Այսօր առավոտյան էլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է․ - «405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ քվեարկությամբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Սա կարևոր քայլ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման գործում: Ոգեկոչենք Մեծ եղեռնի մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը»:
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, իր հերթին, գիշերը Թվիթերում գրառմամբ երախտագիտություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսին: «Արդարությունը և ճշմարտությունը միասնական են թիվ 296 պատմական բանաձևի հետ: Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ծանրակշիռ ուղերձ ժխտողականության դեմ: Խորը երախտագիտություն 405 քվեներից յուրաքանչյուրին», - գրել է Մնացականյանը՝ վստահեցնելով, որ նոր թափով է աշխատելու «զանգվածային վայրագությունները աշխարհի ցանկացած վայրում կանխարգելելու համար»:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին քվեների 405 կողմ, 11 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը: