ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դատախազներին հանձնարարել է հետաքննել պաշտոնյաների գործողությունները, որոնք դիմադրում են ներգաղթի վերաբերյալ իշխանությունների ջանքերին, գրում է Reuters-ը:
Փաստաթղթում, որին ծանոթացել է լրատվական գործակալությունը, Թրամփի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնակատար Էմիլ Բովեն Արդարադատության նախարարության աշխատակիցներին հայտնել է, որ նահանգային և տեղական իշխանությունները պետք է համագործակցեն ներգաղթի դեմ պայքարում, իսկ դաշնային դատախազները «պետք է հետաքննեն միջադեպերը, որոնք կապված են ցանկացած նման խախտումների հետ՝ հնարավոր հետապնդման համար»:
Արդարադատության նախարարությունը կարող է նաև վիճարկել այն օրենքները, որոնք բարդացնում են աշխատանքը, գրել է Բովեն:
Հանրապետական վարչակազմը պատրաստվում է ուժեղացնել ոստիկանության պայքարը անօրինական ներգաղթի դեմ զգալի թվով միգրանտներ ունեցող քաղաքներում, ինչը կարող է հանգեցնել հնարավոր առճակատման այնպիսի քաղաքների պաշտոնյաների հետ, ինչպիսիք են Նյու Յորքը և Չիկագոն, որոնք սահմանափակում են համագործակցությունը այս հարցում:
Թրամփը նաև ապաստանի տրամադրման լայն արգելք է սահմանել և քայլեր է ձեռնարկել Նահանգներում ծնված երեխաների քաղաքացիությունը սահմանափակելու ուղղությամբ: Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Թրամփի հրամանով 1000 լրացուցիչ զինվորականներ կուղարկվեն Մեքսիկայի հետ սահման: