Իրանը դեռևս չի պատասխանել միջուկային համաձայնագրի շուրջ բանակցելու մասին ԱՄՆ նախագահի նամակին: Այս մասին հայտարարեց Երևանում պաշտոնական այցով գտնվող Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ ի պատասխան «Ազատության» հարցին:
«Բայց, այդ նամակի պատասխանն արդեն պատրաստման փուլում է և համապատասխան ձևով կներկայացվի», - այսօր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Աբբաս Արաղչին:
Վերջինս շեշտեց՝ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը միանգամայն հստակ է. «Մենք առավելագույն ճնշումների ներքո, ռազմական սպառնալիքների ֆոնին, տնտեսական պատժամիջոցների ավելացման պայմաններում ԱՄՆ-ի հետ չենք ունենա ուղիղ բանակցություն»:
Իրանի ղեկավարներին ուղղված նամակի բովանդակության մասին Սպիտակ տան ղեկավարը մանրամասներ չէր հայտնել, բայց պնդել էր՝ հարցը կլուծվի կա՛մ բանակցություններով, կա՛մ ռազմական ճանապարհով։ «Մենք չենք կարող թույլ տալ նրանց միջուկային զենք ունենալ», - ասել էր Թրամփը։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այսօր շեշտեց՝ Իսլամական Հանրապետությունը միշտ պատրաստ է եղել իր բանակցությունների՝ իր խաղաղ միջուկային ծրագրի շուրջ ավելի թափանցիկություն ապահովելու համար: Նա հավելել է, որ Իրանը հիմա էլ բանակցում է եվրոպական երեք երկրների և նրանց հետ, որոնք շահագրգիռ են:
«Մենք երբեք չենք լքել միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցային սեղանը և չենք լքի», - հայտարարեց նա:
2018 թվականին Թրամփի օրոք ԱՄՆ-ն միակողմանի դուրս եկավ միջուկային համաձայնագրից և պատժամիջոցներ սահմանեց Թեհրանի նկատմամբ։