Թուրքիայի խորհրդարանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Սելամի Ալթինոքը արդյունավետ է գնահատել Վիեննայում փետրվարի 20-ին կայացած Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանականների հանդիպումը։
Հանդիպմանը մասնակցած պատգամավորը X-ի իր էջում հույս է հայտնել, որ հանդիպումը շահավետ կլինի երկու երկրների համար։
Հանդիպումից մանրամասներ պատգամավորը չի հաղորդել։
Հայաստանյան պատվիրակությունը Վիեննայում էր ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակում։ Պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը տեղեկացրել էր, որ Վիեննայում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանականները, քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: Երկկողմ կարևորվել է տարածաշրջանի ճանապարհների և այլ ենթակառուցվածքների շուտափույթ ապաշրջափակումը և տնտեսական հարաբերությունների զարգացումը։
Հանդիպումից այլ մանրամասներ չեն հաղորդվել։