Ավստրիայի մայրաքաղաքում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանականները: Տեղեկությունը երեկ երեկոյան հայտնեց հայաստանյան պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը:
«Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: Երկկողմ կարևորվել է տարածաշրջանի ճանապարհների և այլ ենթակառուցվածքների շուտափույթ ապաշրջափակումը և տնտեսական հարաբերությունների զարգացումը», - տեղեկացրել է Խանդանյանը:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպումից հայկական կողմն այլ մանրամասներ չի հայտնել, պարզ չէ նաև՝ ում նախաձեռնությամբ է քննարկումը կայացել: Թուրքական կողմն առհասարակ հանդիպումից ոչինչ չի հաղորդել։
Հանդիպմանը չի մասնակցել պատվիրակության ընդդիմադիր անդամ Լիլիթ Գալստյանը: Նա «Ազատության»-ը փոխանցեց, որ ինքն է հրաժարվել մասնակցությունից:
«Չեմ կարող ասել, թե հանդիպման նախաձեռնությունն ումն է։ Ինձ տեղեկացրել են հանդիպման մասին և ես մերժել եմ։ Իմ տեսակետներն ընդհանրապես ագրեսոր, ցեղասպան երկու երկրների մասին՝ թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի մասին, ես հայտնել եմ իմ պաշտոնական ելույթում՝ թե՛ երեկ, թե՛ այսօր և թե՛ առհասարակ՝ օգտագործելով ԵԱՀԿ բոլոր հնարավոր հարթակները», - «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Թուրքական կողմի հետ հանդիպման մասին հայկական պատվիրակության անդամներից մանրամասներ ճշտել չհաջողվեց, նրանք օրվա ընթացքում զանգերին այդպես էլ չպատասխանեցին:
Հայաստան-Թուրքիա օրակարգը նաև Ազգային ժողովի նախագահի ուշադրության կենտրոնում է: Ալեն Սիմոնյանն էլ այս օրերին աշխատանքային այցով Իտալիայում է: Միջազգային գործընկերների պատմել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծից՝ կարևորելով հայ-թուրքական սահմանի բացումը:
«Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը նպաստելու գործում և լիահույս է, որ սահմանի բացման շուրջ Թուրքիայի հետ տարվող բանակցությունները կտան իրենց պտուղները», - հայտարարել է Սիմոնյանը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը երեք տարի առաջ է մեկնարկել: Մինչ օրս Երևանի ու Անկարայի քաղաքական որևէ պայմանավորվածություն կյանքի չի կոչվել: Իսկ գլխավոր բանակցողներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը վերջին անգամ հանդիպել են անցած տարվա ամռանը: Անկարայից չեն թաքցնում՝ հայ-թուրքական կարգավորումն ուղիղ կապ ունի հայ-ադրբեջանականի հետ:
Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավարը խաղաղությանը Երևանի հավատարմությունն ընդգծելու համար չէր հակադարձում անգամ Ադրբեջանի ներկայացուցչին:
«Ոչ թե այն պատճառով, որ չունեմ հակափաստարկներ, այլ որովհետև ես հավատում եմ խաղաղությանը: Հայաստանը հավատարիմ է խաղաղությանը», - հայտարարում էր Խանդանյանը:
Իսկ ընդդիմադիր պատգամավորը խոսել է Բաքվի բանտերում պահվող հայ գերիների և նրանց դատավարության մասին: Լիլիթ Գալստյանը հայտարարել է՝ կալանավորվածները կտտանքների են ենթարկվում, փաստեր կան այդ մասին և նրանց դատում են որպես ահաբեկիչների միայն հայ լինելու համար:
«Հակառակ բաց դատավարությանն մասին Բաքվի հայտարարության՝ միջազգային որևէ կազմակերպության, այդ թվում՝ լրատվամիջոցների մուտքն արգելված է: Հայտնի հումանիստ Ռուբեն Վարդանյանին, ով երբեք զինվորական կենսագրություն չի ունեցել, դատում են ռազմական դատարանում: Ելնելով այս իրողություններից, ես պաշտոնապես առաջարկում եմ, որպեսզի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը դիտորդական առաքելություն իրականացնի՝ դիտարկելու այս դատավարությունները», - ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Ի տարբերություն ընդդիմադիր պատգամավորի, իշխանական պատգամավորների՝ մինչ այժմ խորհրդարանի կայքում հրապարակված ելույթներում գերիների խնդրին ոչ մի անդրադարձ չկա: Իշխանականները հիմնականում կենտրոնացել են հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգի և ճանապարհների ապաշրջափակման վրա:
Ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանի գնահատմամբ, ՔՊ-ականների լռությունն անընդունելի է, այն էլ՝ այս օրերին, երբ Բաքվից Ռուբեն Վարդանյանը ճնշումների մասին է ահազանգում:
«Սա ամբողջովին մտնում է իշխանության քաղաքականության մեջ․ հայ գերիների մասին չխոսեցին COP29-ից առաջ, չեն խոսում Հայաստանում, չեն խոսում դրսում՝ թե՛ քաղաքական, թե՛ ազգային շահերից չեն բխում էս քաղաքական թիմի։ Սրանք ոչ թե քաղաքական, այլ ազգային արժանապատվության խնդիր է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գալստյանը։
Գերիների հարցը իտալացի պաշտոնյաների հետ հանդիպմանը բարձրացրել է Ազգային ժողովի նախագահը, բայց թե ինչ շեշտադրումներով, խորհրդարանի լրատվականը չի հաղորդվում: