Տավուշում ընթացող սահմանազատումը խնդրահարույց են համարում նաև հայաստանյան քաղհասարկության ներկայացուցիչները, նրանք այսօր հայտարարություն են տարածել՝ շեշտելով, որ Հայաստանն Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթաց է սկսել՝ ուժի սպառնալիքի տակ ու առանց փոխվստահության։
«Իշխանությունը փորձում է ներկայացնել, որ հենց այդ սահմանազատման և սահմանագծման գործընթացով կարող է վերականգնվել փոխադարձ վստահության մթնոլորտը և իրավունքների պաշտպանության հարցը, բայց միջազգային պրակտիկան և սկզբունքները այլ բան են պնդում, և այս մոտեցումն ունեն, որ ի սկզբանե պետք է այդ փոխադարձ վստահությունը և ուժի սպառնալիքի կիրառման բացակայությունը լինի», - ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը։
Ըստ հայաստանյան մի քանի խոշոր ՀԿ-ների՝ սահմանազատման ընթացքում անտեսվում է ոչ միայն Հայաստանի օրենսդրությունը, այլև միջազգային իրավունքի սկզբունքները։ Շեշտել են՝ Երևանը համաձայնել է սահմանազատմանը, բայց Բաքուն էլ իր հերթին որևէ գործուն քայլ չի անում հայկական տարածքներից դուրս գալու համար։
«Ուղիղ սպառնալիքի ազդեցության տակ կամ այդ վախով առաջնորդվելով՝ սահմանազատում ենք իրականացնում։ Սա չի կարող դիտվել հենց միջազգային իրավունքի համատեքստում լեգիտիմ գործընթաց, սա չի հուշում նաև խաղաղության գործընթացի մասին Ադրբեջանի կողմից, որովհետև մենք հիմա հետևում ենք Ադրբեջանի նախագահի և նրա ներկայացուցիչների խոսույթներին։ Նրանց խոսույթում խաղաղության մասին որևէ անդրադարձ չկա, միայն մեղադրանքներ, սպառնալիքներ Հայաստանի նկատմամբ», - շեշտեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Նվարդ Մելքոնյանը։
Քաղհասարակության ներկայացուցիչները իշխանություններին կոչ են անում ապահովել Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունը, երաշխավորել սահմանամերձ գյուղերի բնակիչների անվտանգությունը։
«Հաշվի առնելով նաև ադրբեջանական զինված ուժերի, այդ թվում և սահմանապահ զորքերի կողմից կատարված և պատերազմական, և այլ հանցագործությունները նույն Սյունիքի մարզում, Արցախում՝ մարդկանց անվտանգային ռիսկերը տեղին են և բավականին լուրջ», - ասաց Նվարդ Մելքոնյանը։
Իշխանությունները, մինչդեռ, սահմանազատումը անվտանգային ռիսկերի նվազում են համարում, բայց և չեն բացառում՝ սահմանազատումից հետո հնարավոր սպառնալիքները։
Քաղհասարակությոան ներկայացուցիչները նաև անընդունելի են համարում սահմանազատման դեմ արտահայտվող գյուղացիների բերման ենթարկելու դեպքերը, հայտարարում՝ ոստիկանությունն անհամաչափ ուժ է գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ։