Ոստիկանությունը չի բացատրում, թե ինչ իրավական հիմքով է սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը Կիրանցում, սակայն պնդում է՝ գործողությունն օրինական է։
«Նպատակը մենք չենք կարող ասել, ուղղակի ծառայություն ենք իրականացնում, ունենք համապատասխան գրություն Պաշտպանության նախարարության կողմից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Տավուշի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը։
Նա նշեց, որ այս գործողության համար ունեն իրավական հիմքերը։ «Իհարկե, բա հո մենք անօրինական գործողություն չե՞նք կատարում, ո՞նց կարա ոստիկանությունն անօրինական գործողություն կատարի», - ասաց Տավուշի ոստիկանապետը։
Արթուր Մկրտչյանը շեշտեց, որ տեղի բնակիչների շարժը սահմանափակված չէ, այլ՝ այլ քաղաքացիներինը։ Դիտարկմանը, թե Տավուշի թեմի առաջնորդին էլ թույլ չեն տվել մտնել գյուղ, ոստիկանապետն արձագանքեց. - «Իրավունք չունենք թույլ տալու, ով ուզում է՝ լինի»։
Ներքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտարարել է, որ ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն` ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար:
«Ազատություն»-ն ավելի վաղ հայտնել էր, որ ոստիկանությունը շարունակում է փակ պահել Կիրանց տանող ճանապարհը, փակ է նաև դեպի Վրաստան միջպետական ճանապարհը։
Ոստիկանական ուժային գործողությունից հետո իրավապահները երեկ՝ վաղ առավոտից հատուկ ռեժիմ են այստեղ սահմանել դեպի գյուղ տանող բոլոր ճանապարհների վրա. Կիրանց մտնել ցանկացող քաղաքացիները ճանապարհին պարտավոր են ոստիկաններին ցույց տալ իրենց անձնագիրը, որում նշված է, որ բնակության վայրը Կիրանց գյուղն է։
Առավել մանրամասն տե՛ս այստեղ