Մատչելիության հղումներ

Կիրանց կարողանում են մուտք գործել միայն տեղացիները․ ճանապարհներին հատուկ ռեժիմ է


Ոստիկանները փակել են դեպի Կիրանց ճանապարհը, 2-ը մայիսի, 2024թ․
Ոստիկանները փակել են դեպի Կիրանց ճանապարհը, 2-ը մայիսի, 2024թ․

Առավոտից Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Ոստիկանական ուժային գործողությունից հետո իրավապահները վաղ առավոտից հատուկ ռեժիմ են այստեղ սահմանել դեպի գյուղ տանող բոլոր ճանապարհների վրա. Կիրանց կարողանում են մուտք գործել միայն տեղացիները, ընդ որում՝ նրանք ճանապարհին պարտավոր են ոստիկաններին ցույց տալ իրենց անձնագիրը, որում նշված է, որ բնակության վայրը Կիրանց գյուղն է։

Գյուղ մուտք գործել չի հաջողվում նաև հոգևոր առաջնորդներին։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը, որն այս օրերին այստեղ մասնակցում և առաջնորդում է այս հավաքները, չկարողացավ գյուղ մտնել։ Նա մի փոքր առաջացել էր ընդառաջ գյուղացիներին, որոնք ցանկանում էին իրեն հանդիպել, և ապա վերադարձավ ու պատմեց, որ ոստիկանները խոչընդոտել են անգամ, որ այդ հանդիպո՛ւմը կայանա. - «Ընդ որում, ինչ պայման որ ասել են, ասել եմ՝ այո, ասել են 10 րոպեով, ասել եմ կատակով՝ միգուցե 12 րոպե տևի, այո: Ասել եմ` գնամ գյուղ, Գառնիկին վերցնեմ, պարոն Դանիելյանին վերցնեմ, դուրս գամ, ժողովրդին տեսնեմ, մի պահ տեսնեմ, խոսեմ, քաջալերեմ՝ մարդիկ առավոտ ծեծ են կերել, չեն թողնում։ Ասել են՝ պարոն Դանիելյանին կվերցնես դուրս գա, ասել եմ՝ կվերցնեմ դուրս կգամ։ Չէ, ասել են, հիմա էլ փոխել են՝ թող ինքը դուրս գա, նոր դու գնա․ ի՞նչ կապ ունի պարոն Դանիելյանը իմ հետ»։

Այստեղ են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Գառնիկ Դանիելյանը, որը ծնունդով Տավուշից է, բերել էր մի քանի տասնյակ սեփականության վկայականներ. նա պնդում է, որ հնարավոր սահմանազատման հետևանքով այս մարդիկ իրենց ունեցվածքը կորցնելու են, սահմանը հենց այդ տների, մասնավոր ունեցվածքի միջով է անցնելու

«Այ սենց բերում են՝ էս իրանց կոորդինատներով, կիսում են, տեսեք ոնց ա կիսվում գյուղը, նայեք։ Էս ա ստերը սրանց, էս ա սրանց կեղծիքը, ամբողջը կեղծիք ու սուտ ա։ Գյուղը բաժանում են երկու մասի, էս էլ վկայականները։ Թող նրա պատասխանը տան, տեսնեմ ոնց են նրա պատասխանը տալու։ Էս ա, ժողովուրդ ջան, նայեք, էս ա քարտեզի վրա։ Սահմանազատում, սահմանագծում», - հայտարարում էր ընդդիմադիր պատգամավորը։

Այսօր նաև արձագանքում էին վարչապետ Փաշինյանի երեկվա հարցազրույցին, որում Հայաստանի ղեկավարը հավաստիացնում էր, որ գյուղացիների բոլոր մտահոգությունը հաշվի են առնվելու, խնդրահարույց, վիճահարույց երեք կետերի սահմանագծումը դեռ չի սկսվելու։ Մինչդեռ պատգամավորները և նաև Բագրատ սրբազանը վստահ են, որ վարչապետը ստում է, նրանք նախկին օրինակներ էին բերում։

«Էդ ո՞ր օրենքով ա տենց։ Վարչապետն ասել ա՝ ծառ կտնկենք, ադրբեջանցիների չեք չեք տեսնի: Սկզբից գյուղացիներին պատ էր ասել՝ պատ կկառուցենք, հմի ասում ա ծառ կտնկենք», - ասաց Գառնիկ Դանիելյանը:

«Դա էլ վերջին զավեշտն ա: Զորքերը փոխարինում ա ծառերով՝ այ էդ ա մեր պետության վիճակը», - հավելեց Բագրատ սրբազանը:

«Ազատության» հարցին՝ «մյուս կողմից, եթե դա դառնում է լեգիտիմ, օրինական սահման, և սահմանապահներ են այդտեղ կանգնում, դա խաղաղության երաշխիք չէ՞», Տավուշի թեմի առաջնորդն արձագանքեց. - «Հիմա ինչո՞վ ա ոչ լեգիտիմ, այսինքն՝ էս պահին ինչո՞վ էր ոչ լեգիտիմ, հա՞, ոչ լեգիտիմ հարց կա՞ր»:

Բացի այդ, ինչպես «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էր նշում՝ հակադարձելով վարչապետի երեկվա հարցազրույցին, այս իրավիճակը ոչ թե կայունություն է բերելու տարածաշրջանին, այլ՝ ճիշտ հակառակը։ Մասնավորապես, ըստ նրա, այստեղ սահմանագծում, սահմանազատում իրականացնելով՝ այս վայրը վերածվելու է սադրանքների նոր մի աղբյուրի, որովհետև ադրբեջանական զորքերն ընդհուպ մոտենալու են հայկական բնակավայրերին։

«Արդեն հոգնեցուցիչ է դարձել էդ խաղաղության ձևակերպումը, նորից է բերում, նոր ագրեսիայի հիմք է ստեղծում։ Ինքը լեգիտիմացրեց Ադրբեջանի վաղվա հավանական ագրեսիայի ցանկացած դրսևորում։ Մարդը, ինքը, Ալեն Սիմոնյանը և այլն, այս դիրքերում կանգնած տղերքին ագրեսոր են հայտարարել՝ ցանկացած պահի վտանգելով էս տղերքին, որովհետև հայտարարելով, որ այս, այս, այս հատվածները Ադրբեջանի ենթակայության տակ է, ուրեմն՝ մեր դիրքը ի՞նչ գործ ունի էնտեղ, նշանակում է՝ տվեցին լեգիտիմ հնարավորություն՝ ամեն րոպե, Աստված մի արասցե, վտանգի տակ դնել էդ տղաներին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գեղամ Մանուկյանը։

XS
SM
MD
LG