14:41
Ներքին գործերի նախարարությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել՝ վստահեցնելով, թե ոստիկանությունը հատուկ գործողություններ չի իրականացրել Տավուշի մարզում:
Ըստ գերատեսչության՝ Պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին իրականացնում է ականազերծման աշխատանքներ, և դրանց շրջանակում՝ «քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով, ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն՝ ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու համար»:
Հիշեցնենք՝ ոստիկանության գնդապետ ներկայացած քաղաքացիական հագուստով պաշտոնյան էր առավոտյան «Ազատությանն» ասել, թե տարածքում «հատուկ գործողություններ են կատարվում»:
14:15
Ազատ արձակված կիրանցեցիներին արդեն հաջողվել է վերադառնալ գյուղ: Ոստիկանական ուժերն այստեղ գյուղ մտնել թույլ են տալիս միայ տեղական գրանցում ունեցողներին և գյուղում գրանցված մեքենաներին, մյուսների համար ճանապարհը փակ է: Անգամ ԱԺ պատգամավորներ, որ մի քանի օր է այստեղ հերթապահում են, հիմնականում՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից, նույնպես չեն կարողանում մուտք գործել գյուղ: Ճանապարհը փակ է նաև հոգևորականների համար, որոնք վերջին օրերին մասնակցում էին բողոքի ակցիաներին, այդ թվում՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի:
«Վարչապետն ասել ա՝ «ծառ կտնկենք, ադրբեջանցիների չեք չեք տեսնի»: Սկզբից գյուղացիներին պատ էր ասել՝ «պատ կկառուցենք», հմի ասում ա «ծառ կտնկենք», - հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Դա էլ վերջին զավեշտն ա: Զորքերը փոխարինում ա ծառերով՝ այ էդ ա մեր պետության վիճակը», - հավելեց Բագրատ սրբազանը:
«Ազատության» հարցին՝ «մյուս կողմից, եթե դա դառնում է լեգիտիմ, օրինական սահման, և սահմանապահներ են այդտեղ կանգնում, դա խաղաղության երաշխիք չէ՞», Տավուշի թեմի առաջնորդն արձագանքեց. - «Հիմա ինչո՞վ ա ոչ լեգիտիմ, էս պահին ինչո՞վ էր ոչ լեգիտիմ»:
Ոստիկանների գործողությունների մասին Բագրատ սրբազանն ասաց. - «Հիմա, դժբախտաբար, չեն թողնում հետ գնալ: Ես չեմ ուզում հրահրել, ուղղակի մեղքս գալիս են էս տղաները, էդքան բան: Իրանց խիղճը կրակի պես վառում ա հիմա իրանց: [...] Իսկ էն սև բերետավորները՝ նրանք, որ չգիտեմ ինչ ջոկատ են, առավոտյան տղաներին քաշելով, ծեծելով, ջարդելով, հետևյալն են ասել, վրեժ են լուծում, լսեք, կոնկրետ գնահատական են տալիս՝ ասելով որ «մեր դիմաց էիք կանգնել, դե հիմա կերեք»: Այս սայա ոստիկանության որակը, այ էդ մարդկանց»:
11։59
Ի՞նչ են պատմում կիրանցեցիներն ոստիկանության օպերացիայի մասին
11։10
Կիրանցի ազատ արձակված բնակիչներին ոստիկանները գյուղ չեն թողնում մտնել․ Իջևանից գյուղ տանող ճանապարհը փակ է, մի քանի տասնյակ ոստիկաններ պատ են կազմել և թույլ են տալիս միայն գյուղում գրանցված բնակիչների ելումուտը տարածք, մյուս անձանց, նույնիսկ պատգամավորների համար մուտքը փակ է։
10։39
Վաղ առավոտյան Կիրանցի հատվածից բերման ենթարկված 30 անձինք ազատ են արձակվել, «Ազատության»-ը փոխանցեց Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը՝ պնդելով՝ նրանք չեն կատարել ոստիկանների օրինական պահանջը։
Տղամարդիկ, ըստ ամենայնի, այժմ վերադառնում են գյուղ։
Իրավապահները նաև հերքում են բերման ենթարկվածներին ծեծի ենթարկելու տեղեկությունները։
10։10
«Առավոտ շուտ եկել են սաղ գյուղի էրեխեքին, որոնք հերթապահում են, գյուղը պահում են, էս սահմանամերձ գյուղը` էս Կիրանց գյուղը, որ էսքան զոհեր ենք տվել, պահում են, հավաքել տարել են», - «Ազատության»-ը փոխանցեց գյուղի կանանցից մեկը՝ նշելով, որ իր անչափահաս թոռանը ևս տարել են ոստիկանության բաժին։
«Ինչի՞ համար են տարել, որ իրանց հող ու ջրի համար կանգնա՞ծ են էս էրեխեքը, ի՞նչ են ուզում էս անմեղ ժողովրդից, գյուղն էլ տանք իրանց ու պրծնենք, էսքան զոհերը տվել ենք։ Դպրոցական էրեխեքիցը հետ տարել են, որ ի՞նչ։ Էրեխեքը ոչինչ չեն պահանջում, պահանջում են, որ իրենց գյուղում հանգիստ ապրեն», - ասաց Կիրանցի բնակիչներից մեկը՝ շարունակելով․ - «Ժամը 5-ին եկել են հավաքել են էրեխեքին տարել են, որ իրենք կարենան ականազերծեն գյուղը։ 13 օր է պայքարում ենք, չեն կարողացել, հիմա գիշերն են եկել, որ ոչ մի կին չլինի, ոչ մեկը չլինի, իրենց գործողությունն արել են վերջացրել»։
09։15
Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանն «Ազատության»-ը տեղեկացրեց, որ բերման ենթարկվածները գիշերը հերթապահած տղաներն են և բերման են ենթարկվել հենց գյուղի սկզբնամասից։
Հարցին՝ ենթադրո՞ւմ է, թե ինչո՞ւ են ուժայինները նման քայլի գնացել, Շահինյանը պատասխանեց․ - «էլ ինչի համար, որ սահմանազատմանը նախորդող ականազերծումը սկսեն»:
Ճշտող հարցին՝ տեղեկություն ունի՞, ականազերծման աշխատանքներն արդեն մեկնարկե՞լ են, Շահինյանը պատասխանեց․ - «Արդեն սկսվել են, էլ ինչ։ Իմ աչքով չեմ տեսել, բայց դրա համար են տղաներին բերման ենթարկել:
Կառավարությունից Կիրանց համայնքի ղեկավար Կամո Շահինյանին երեկ 60 տոկոս երաշխիք էին տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում։
«Երկու կողմից սահմանազատում կլինի, կգա 3 տոչկեն՝ այսինքն՝ 12, 13, 14 տոչկեքը, որոնք բնակարանին մոտ են, էդ էլ պայմանավորվածությամբ, ժողովրդի մասնակցությամբ կճշտեն՝ ոնց անեն, որ ժողովրդին չխանգարի։ Ինձ կառավարությունից այդքան բանն են ասել, մնացածը ձեր բոլորի գործն է՝ ոնց եք մտածում, ինչ եք անում, ինչ պետք է անեք դրանից հետո իրավունքները ձերն են, ես էլ՝ ձեզ հետ»,- հանդիպումից հետո «Ազատությանն» ասել էր գյուղապետը։
Վարչապետի հետ նրանց հանդիպումից, զրույցից ու պայմանավորվածությունից ժամեր անց, սակայն, տեղի ունեցավ այս միջադեպը։
09։09
Առավոտյան ժամը 6-ին կարմիր բերետավորները մտել են գյուղ և մարդկանց ծեծելով, բիրտ ուժ կիրառելով տարել են Իջևանի բաժանմունք, «Ազատության»-ը փոխանցեց Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն, ով այս պահին ևս գտնվում է Իջևանի ոստիկանության բաժանմունքում։
Նրա փոխանցմամբ, բերման ենթարկվածների թվում երեք անչափահաս կա, ըստ ընդդիմադիր պատգամավորի, գրեթե բոլոր բերման ենթարկվածները մարմնական վնասվածքներ են ստացել։
Դանիելյանն ասաց, որ ոստիկանները ճանապարհը բացել են ականազերծման աշխատանքներ կատարելու նպատակով։
08։30
Ոստիկանությունն առավոտից փակել է Իջևանից Կիրանց տանող ճանապարհը՝ արգելելով նաև լրագրողների մուտքը գյուղ:
«Ազատության» աշխատակցին տեղում ոստիկանության գնդապետը փոխանցել է, որ հատուկ գործողություն է իրականացվում, ճանապարհը փակ է «անվտանգության նկատառումներով»:
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն է նաև ֆեյսբուքում գրառում կատարել՝ նշելով, որ «ոստիկանության ուժերը փակել են գյուղի մուտքերը, մեծաքանակ ոստիկանականներ լցվել են գյուղ, ականազերծման աշխատանքներին խոչընդոտող գյուղացի տղամարդիկ վայրենի կերպով բերման են ենթարկվել»:
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ բերման ենթարկվածների մեջ կան նաև անչափահասներ:
«Այս պահին գտնվում եմ Իջևանի ոստիկանության բաժնում, որտեղ բերման է ենթարկվել 2 տասնյակից ավելի քաղաքացի», - գրել է Դանիելյանը։
Համացանցում նաև տեսանյութ է տարածվել, որտեղ Իջևանի ոստիկանության բաժին բերման ենթարկվածներից մեկը պատմում է, որ «սաղ գյուղին ջարդելով բերել են ոստիկանություն»։
Բաժանմունքում նկարահանված տեսանյութում բերման ենթարկված առնվազն 15 տղամարդ կա, որոնցից մեկը ձեռքով թևն է բռնել, մյուսը՝ դեմքը։
Ոստիկանությունը հաղորդում է 31 բերման ենթարկվածի մասին։
Ավելի ուշ Ներքին գործերի նախարարությունը հաղորդեց, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում ականազերծում է իրականացնում պետական սահմանի վերարտադրության նպատակով Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար:
Ըստ հաղորդման՝ ոստիկանությունն էլ ուժեղացված ծառայություն է իրականացնում՝ ականապատ գոտիներ քաղաքացիների մուտքը թույլ չտալու, նրանց անվտանգությունն ապահովելու համար:
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Կիրանցի հատվածում կա սահմանազատման ենթակա 11 կետ։ Առաջիկա օրերին կսկսեն այն հատվածի սահմանազատումը, որը չի վիճարկվում, իսկ մյուս 3 կետերի շուրջ լուծումներ կփնտրեն։
Վրաստան տանող ճանապարհին, Կիրանց գյուղի սկզբնամասում մարդիկ արդեն երկրորդ շաբաթն է բողոքի ակցիաներ են անում։ Այստեղ վրաններ են տեղադրված, քաղաքացիներ են գալիս ոչ միայն Տավուշից, այլև այլ մարզերից։ Մարդիկ համոզված են, որ այս սահմանազատման արդյունքում ադրբեջանական կողմին են անցնելու նաև հայկական որոշ տարածքներ, այդ թվում՝ Կիրանցից։
Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Գործընթացն առայժմ չի վերաբերում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ: