Մատչելիության հղումներ

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Լաչին


Արխիվ
Արխիվ

Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը այսօր Ադրբեջանի իշխանությունների ուղեկցությամբ այցելել է Լաչին։ Սա Ադրբեջանում ֆրանսիական դիվանագիտական առաքելության ղեկավարի առաջին այցն է Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներ։

«Լաչին կատարած այցը մեզ թույլ տվեց ավելի շատ տեղեկություններ ստանալ այս տարածաշրջանի վերականգնման մասին»,- ադրբեջանական Report կայքի հետ զրույցում մեկնաբանելով պատմական ճամփորդությունը՝ հայտարարել է ֆրանսիացի դիվանագետը, ով շուրջ երեք տարի մերժել է Ղարաբաղ այցելելու պաշտոնական Բաքվի հրավերները։

Բուայոնի այցը տեղի է ունեցել ֆրանս-ադրբեջանական հարաբերություններում ճգնաժամի ֆոնին։ Անցած ամիս նա հետ էր կանչվել Փարիզ՝ խորհրդակցությունների նպատակով։ Դիվանագիտական կտրուկ քայլի պատճառն, ըստ Ֆրանսիայի արտգործնախարարության, «Ադրբեջանի միակողմանի գործողություններն են, որոնք վնաս են հասցրել երկու երկրների միջև հարաբերություններին»։

Հետկանչից մոտ երկու շաբաթ անց ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնեց, որ Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Բաքու և վերսկսել իր դիվանագիտական աշխատանքը։ Պաշտոնական Փարիզը չէր մեկնաբանել այս տեղեկատվությունը։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին մայիսի 8-ին «Ազատության» այն հարցին, թե Անն Բուայոնը Բաքվո՞ւմ է, թե՞ ոչ, արձագանքել էր․ « Չեմ կարող ասել՝ նա Փարիզում է, թե Բաքվում, բայց կարող եմ ասել, որ նա Շուշիում չէ»։

XS
SM
MD
LG