Մատչելիության հղումներ

Փարիզը կոչ է անում Երևանին և Բաքվին շարունակել սահմանազատումը՝ հիմնվելով ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքներին


Ֆրանսիայի արտգործնախարարության շենքը Փարիզում
Ֆրանսիայի արտգործնախարարության շենքը Փարիզում

Ֆրանսիան ողջունում է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունների նոր փուլի անցկացումը։

Որպես այս գործընթացի հիմք Ֆրանսիան ընդգծում է 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին ու տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը Երևանի ու Բաքվի հավատարմությունը վերահաստատելու կարևորությունը՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպմանը համահունչ։

Փարիզը կոչ է անում Երևանին և Բաքվին շարունակել սահմանազատումը՝ հիմնվելով ապրիլի 19-ի ստորագրված արձանագրության սկզբունքների վրա, ինչպես նաև շարունակել քննարկումները՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով։

«Մենք ողջունում ենք Ղազախստանի իշխանությունների նախաձեռնությունը՝ նպաստելու այդ բանակցությունների անցկացմանը», - հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը՝ շեշտելով, որ գործընկերների հետ կշարունակի աշխատել Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ՝ միջազգային իրավունքին համապատասխան։

Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են» Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Այս հայտարարությունից 4 օր անց Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվեց առաջին սահմանային սյունը։

Ապրիլի 15-ին Երևանում էր Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Նա հայտարարեց, որ ողջունում է խաղաղության համաձայնագիր կնքելու Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը՝ շեշտելով, որ Ղազախստանը պատրաստ է իր հարթակը տրամադրել բանակցությունների համար՝ շեշտելով՝ հիմնական նպատակը երկու բարեկամ երկրներին մերձեցնելն է։ Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը փետրվարին Գերմանիայի հանդիպումից երկու ամիս անց՝ մայիսի 10-ին հանդիպեցին Ալմաթիում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG