Թեհրանը պատասխանել է Դոնալդ Թրամփի նամակին, որով ԱՄՆ նախագահը հորդորել էր վերսկսել բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Թե ինչ է գրված պատասխան նամակում՝ արտգործնախարար Աբբաս Արաղչին չի բացահայտել, բայց ակնարկել է, որ Թեհրանը նախընտրել է ոչ մերժելու, ոչ էլ՝ համաձայնելու տարբերակը:
«Պատրաստ ենք անուղղակի շփումների, - ըստ ԻՌՆԱ գործակալության, ասել է Արաղչին, հավելելով,- մեր քաղաքականությունն է մնում չներգրավվել ուղիղ բանակցություններում՝ Միացյալ Նահանգների կողմից առավելագույն ճնշման քաղաքականության պայմաններում, միաժամանակ, ինչպես և անցյալում, ոչ ուղղակի բանակցություններн այս դեպքում էլ կարող են շարունակվել»։
Հոգևոր առաջնորդ Այաթոլահ Ալի Խամենեիի խորհրդականը ևս հայտարարել է, թե «Իսլամական Հանրապետությունը չի փակում բոլոր դռները և պատրաստ է անուղղակի բանակցությունների Միացյալ Նահանգների հետ»։
1979-ի Իրանական հեղափոխությունից դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկրները նամակները փոխանցել են միջնորդների՝ Միացյալ Արաբական Էմիրությունների ու Օմանի միջոցով։ Ուղերձը Թեհրան ուղարկելուց առաջ Դոնալդ Թրամփը հայտարարել էր՝ կա՛մ Թեհրանը կհամաձայնի բանակցել, կա՛մ հարցը կլուծվի ռազմական ճանապարհով։
«Նրանք շատ են հզորացել և արել են դա շատ արագ, հսկայածավալ նավթ են վաճառել Չինաստանին և մյուսներին։ Մենք պարզապես չենք ուզում, որ նրանք միջուկային զենք ունենան», - ասել էր Սպիտակ տան ղեկավարը։
Պաշտոնավարման առաջին շրջանում Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս էր եկել գերտերությունների և Իրանի միջը կնքված միջուկային համաձայնագրից։ Այս հունվարին Սպիտակ տուն մտնելով էլ հրամանագիր ստորագրել Թեհրանին նկատմամբ պատժամիջոցները առավելագույն մակարդակի հասցնելու մասին։ «Այս պայմաններում բանակցություններն անիմաստ են», - արձագանքել էր Իրանի նախագահը, մանրամասնում՝ «Թրամփը հայտարարում է, թե ուզում է բանակցել, հետո նույն վայրում ստորագրում ու հայտարարում դավադրություններ, որոնք նպատակ ունեն ծնկի բերել այս երկիրը»։
Ինչ էր գրել ԱՄՆ նախագահն իր նամակում
Թե կոնկրետ ինչ էր գրել Միացյալ Նահանգների նախագահն իր նամակում՝ մինչ այս պահը չի գաղտնազերծվել։ Միացյալ Արաբական Էմիրությունների բարձրաստիճան դիվանագետը, սակայն, ով Թեհրան էր հասցրել այդ ուղերձը, տեղական լրատվամիջոցներին ասել էր՝ այն սպառնալիքներ է պարունակում, միաժամանակ՝ հնարավորություններ։
Դոնալդ Թրամփի՝ մերձավորաևելքի հարցերով խորհրդական Ստիվ Վիտկոֆը, առանց բովանդակությունը գաղտնազերծելու, որոշ մանրամասներ էր բացահայտել օրերս տված հարցազրույցում, ընդգծելով՝ չնայած ռազմական լուծման գնալու մասով Միացյալ Նահանգների վրա հսկայական ճնշում կա, բայց Դոնալդ Թրափը նախընտրում է նախ բանակցությունների հնարավորությունը փորձել:
«Իրանին ուղղված նամակը մոտավորապես ասում է՝ ես խաղաղության նախագահ եմ, մենք այս խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու պատճառ չունենք։ Մենք պետք է խոսենք, պետք է փարատենք թյուրըմբռնումները, պետք է ստեղծենք վերահսկման ծրագիր, որպեսզի որևէ մեկը մտահոգություն չունենա, թե ձեր միջուկային արտադրանքը կարող է միջուկային զենքի վերածվել։ Ես կուզեի, որ այդպես էլ լիներ, քանի որ սրա այլընտրանքը ամենևին լավը չէ», - ասել էր Վիտկոֆը։
Ըստ ամերիկյան պարբերականների, նամակը Իրան հասցնելուց առաջ Սպիտակ տունը ճեպազրույց է անցկացրել դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի, Սաուդիան Արաբիայի ու Միացյալ Արաբական Էմիրությունների հետ՝ ներկայացնելով դրա բովանդակությունը։
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, անանուն մնալու պայմանով Axios -ին հայտնել է, որ մարտի սկզբին Թեհրան ուղարկած նամակով Դոնալդ Թրամփը Իրանին երկու ամիս է տվել՝ միջուկային ծրագրի շուրջ նոր գործարք կնքելու համար։ Հստակ չէ՝ այդ ժամկետի հաշվարկը սկսվում է նամակը ստանալու, թե հնարավոր բանակցությունները մեկնարկելու պահից։
Եթե բանակցությունները ձախողվեն, Իսրայելն ու Միացյալ Նահանգները սպառնում են թիրախային հարվածներ հասցնել Իրանի երկու՝ Նաթանզի ու Ֆորդոյի ընդհատակյա միջուկային օբյեկտներին։ Այսօր Իրանի խորհդարանի խոսնակը սպառնացել է՝ այդ դեպքում Թեհրանն էլ ամերիկյան ռազմաբազաները կթիրախավորի։
«Եթե ամերիկացիները հարձակվեն Իրանի սրբությունների վրա, ողջ տարածաշրջանը կպայթի վառոդի տակառի նման։ Նրանց ու նրանց դաշնակիցների ռազմաբազաներն անվտանգ չեն լինի», -ասել է Մոհամադ Ղալիբաֆը։
Կողմերը, ըստ փորձագետների, այժմ կուլիսներում բանակցությունների հնարավորություններ են փնտրում
Չդադարեցնելով ռազմական հռետորաբանությունը՝ կողմերը, ըստ փորձագետների, այժմ կուլիսներում բանակցությունների հնարավորություններ են փնտրում։ Իրանական կողմին նաև երկրի տնտեսական վիճակն է դրան հարկադրում․ ընդամենը երեք օր առաջ Իրանի ազգային արժույթը հերթական անգամ գահավիժեց՝ դոլարի նկատմամբ հասնելով մինչ օրս արձանագրված ամենացածր ցուցանիշին։ Սա լուրջ հարված է մի երկրում, որտեղ ազգային արժույթը վերջին կես տարում շուրջ հիսուն տոկոսով արժեզրկվել է, գնաճն էլ հասնում է տարեկան 40 տոկոսի։
Այս ֆոնին բարեփոխական գործիչներից շատերն են հորդորում երկրի իշխանությանը գնալ Ամերիկայի հետ բանակցության՝ տնտեսական պատժամիջոցները վերացնելու համար։ Պահպանողական ու առավել ծայրահեղական թևը, մինչդեռ, պնդում է ճիշտ հակառակը՝ Իրանն այլևս ժամանակ չունի և պետք է օր առաջ ամրապնդի միջուկային կարողություններն ու պատրաստվի ռազմական դիմակայության։ Այսօր Թեհրանում տասնյակ հազարավոր ցուցարարներ կրկին փողոց են դուրս եկել՝ «Մահ Ամերիկային», «Մահ Իսրայելին» կարգախոսներով։
Երուսաղեմի արաբերեն անվամբ՝ որպես «Ալ քուդս» հայտնի այս ցույցն անցկացվում է արդեն շուրջ քառասուն տարի՝ Այաթոլա Ալի Խոմեյնիի որոշմամբ՝ Ռամադանի վերջին ուրբաթ օրը։ Հավաքի հազարավոր մասնակիցներն այսօր էլ, ինչպես նախորդ տարիներին վանկարկել են՝ «ոչ մի փոխզիջում, քանի դեռ Պաղեստինը չի ազատագրվել սիոնիստների օկուպացիայից»։
Վաշինգտոնի հետ անուղղակի բանակցությունների համաձայնությունը, սակայն, ըստ փորձագետների, հույս է տալիս, որ առաջիկայում առնվազն կողմերը կփորձեն դիտարկել զիջումների ճանապարհը, միաժամանակ պատրաստ պահելով ռազմական սցենարը։