Մատչելիության հղումներ

Թեհրանը դեմ է աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության. Իրանի դեսպան


Էկրանին մի քանի ընտրատեղամասերի քվեարկության ընթացքն է, 28-ը հունիսի, 2024թ․
Էկրանին մի քանի ընտրատեղամասերի քվեարկության ընթացքն է, 28-ը հունիսի, 2024թ․

Իրանում արտահերթ նախագահական ընտրությունների կապակցությամբ երեք ընտրատեղամաս է բացվել նաև Հայաստանի տարածքում, մեկը տեղակայված է Իրանի դեսպանատանը, մյուսը Կապույտ մզկիթում է, երրորդը շարժական քվեատուփ է՝ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիների, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում գտնվող քաղաքացիների քվեարկության համար:

Քվեարկության ընթացքը Հայաստանում Իրանի դեսպանությունում
please wait

No media source currently available

0:00 0:00:25 0:00

Քվեարկությունից հետո լրագրողների հարցերին պատասխանեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին: Նա մասնավորապես անդրադարձավ հարցին՝ արդյոք հնարավո՞ր է Իրանի և Հայաստանի հարաբերությունները փոփոխություններ կրեն՝ հաշվի առնելով, թե 4 թեկնածուներից ով կընտրվի նախագահի պաշտոնում: Դեսպանն ընդգծեց, որ Իրանը Հայաստանի հետ հարաբերություններում ունի որդեգրած սկզբունք և այդ քաղաքականությունը չի փոխվելու անկախ նրանից, թե ովքեր կլինեն Հայաստանում և Իրանում իշխանության ղեկին:

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանի, 28-ը հունիսի, 2024թ․
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանի, 28-ը հունիսի, 2024թ․

«Մեր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ սկզբունքային է և կառավարությունները, որոնք իշխանության են գալիս, այդ քաղաքականության շրջանակում են գործում: Իրանի սկզբունքային քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ հնչեցվել է Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի կողմից և այն ընդգծվել է վերջերս Հայաստանի վարչապետի Իրան կատարած այցի ընթացքում: Մենք հարգում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխությանը, ինչպես նաև աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության: Այս սկզբունքային քաղաքականությունը երբեք չի փոխվի անկախ նրանից, թե Իրանում ու Հայաստանում կառավարությունները կարող են փոխվել», - ասաց Մեհդի Սոբհանին:

Իրանի դեսպանը նաև անդրադարձավ այն հարցին, թե ինչպիսին կլինի Թեհրանի դիրքորոշումը, եթե Ադրբեջանն ագրեսիա իրականացնի Հայաստանի նկատմամբ, մասնավորապես, Սյունիքի հատվածում: Սոբհանին շեշտեց՝ եթե երկու երկրներն այժմ երկխոսում են խաղաղության շուրջ, ապա նրանք պետք է զերծ մնան սպառնալից հայտարարություններից:

«Եթե երկրները ցանկություն են հայտնում խաղաղության մասին, նրանք չպետք է սպառնալիքների լեզվով խոսեն, եթե խոսքը խաղաղության երկխոսության մասին է: Ինչ վերաբերում է Հայաստանի հետ մեր համագործակցության ձևին, ապա դա կախված է Հայաստանի կառավարությունից», - ընդգծեց դեսպանը:

Իրանը ողջունել է Հայաստանի դիրքորոշումը Պաղեստին պետությունը ճանաչելու հարցում

Անդրադառնալով Հայաստանի կողմից Պաղեստին պետությունը ճանաչելու որոշմանն՝ իրանցի պաշտոնյան ասաց, որ Իրանը ողջունել է Հայաստանի «այս քաջ ու դրական քայլը». - «Մենք չենք ճանաչում սիոնիստական ռեժիմն ու ողջունել ենք Հայաստանի որդեգրած այդ դիրքորոշումը՝ Պաղեստին պետությունը ճանաչելու և Պաղեստինի ժողովրդին աջակցելու հարցում: Այս քաջ ու դրական քայլը, որը կատարվեց Հայաստանի կողմից, ցույց է տալիս, որ միջազգային հանրությունն իսկապես կարևորում է Պաղեստինի ժողովրդի իրավունքները»:

Իրանում նախագահի պաշտոնի համար պայքարում են չորս թեկնածուներ՝ բարեփոխական օրենսդիր Մասուդ Փեզեշկիանը, ներքին գործերի և արդարադատության նախկին նախարար, կոշտ գծի կողմնակից Մուստաֆա Փուրմոհամադը, միջուկային հարցերով նախկին բանակցող և Ազգային անվտանգության գերագույն խորհրդում Խամենեիի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլը և խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը։

Քվեարկությունն Իրանի դեսպանատանը սկսվել է վաղ առավոտյան ժամը 8-ին, ընտրատեղամասը բաց կլինի մինչև երեկոյան 7-ը, բայց ինչպես դեսպանատնից նշեցին անհրաժեշտության դեպքում բաց կլինեն նաև մինչև ուշ գիշեր: Առավոտից դեսպանատունն արդեն բազմամարդ էր, մինչև կեսօր քվեարկել է 100-ից ավելի մարդ:

Մեզ հետ զրույցում Իրանի քաղաքացիները նշում էին, որ հիմնականում քվեարկում են լավ ապագայի համար, ակնկալում են սոցիալական, տնտեսական բարեփոխումներ:

XS
SM
MD
LG