Մատչելիության հղումներ

Թեհրանը դեմ է աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության․ դեսպան


Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանի, 28-ը հունիսի, 2024թ․
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանի, 28-ը հունիսի, 2024թ․

Թեհրանը հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխությանը, ինչպես նաև աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխությանը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպանը։

Մեհդի Սոբհանին շեշտեց, որ այս սկզբունքային քաղաքականությունը երբեք չի փոխվի, անկախ նրանից, թե Իրանում և Հայաստանում կառավարությունները կարող են փոխվել։

«Մեզ համար Հայաստանը շատ կարևոր երկիր է։ Մեր լավ, ազնիվ հարևանն է, և երկու երկրների անվտանգությունը շաղկապված է միմյանց»,- ասաց դեսպանն՝ ընդգծելով՝ Իրանի սկզբունքային քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ հնչեցվել է Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդի կողմից և այն ընդգծվել է նաև վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած այցի ընթացքում:

Փաշինյանը մայիսի 22-ին էր Թեհրանում՝ մասնակցելու ուղղաթիռի վթարից զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը:

Փաշինյանը պաշտոնական հանդիպումներ ունեցավ Թեհրանում՝ հույս հայտնելով, որ Ռայիսիի հետ նախանշված ծրագրերը, ինչպես նաև երկու երկրների միջև հարաբերությունների դրական միտումը կշարունակվի:

Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոհամադ Մոխբերն իր հերթին վստահեցրեց, որ ԷբրահիմՌայիսիի հետ Հայաստանի վարչապետի նախանշած բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանը, կկրեն շարունակական բնույթ:

Իրանը ողջունել է Հայաստանի դիրքորոշումը Պաղեստին պետությունը ճանաչելու հարցում

Իրանը ողջունել է Հայաստանի որդեգրած դիրքորոշումը՝ Պաղեստին պետությունը ճանաչելու և Պաղեստինի ժողովրդին աջակեցելու հարցում, անդրադառնալով՝ Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչմանը հայտարարեեց դեսպանը։

«Այս քաջ և դրական քայլը, որ կատարվեց Հայաստանի Հանրապետության կողմից, ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը կարևորում է Պաղեստինի ժողովրդի իրավունքները», - ասաց Սոբհանին:

Հունիսի 21-ին Երևանը հայտնեց, որ ճանաչում է Պաղեստինի պետությունը։ Պաղեստինը շնորհակալությամբ, Իսրայելը կոշտ քննադատությամբ արձագանքեց Հայաստանի այս որոշմանը:

«Երկրները չպետք է սպառնալիքների լեզվով խոսեն, եթե խոսքը գնում է խաղաղության մասին»

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին և պատասխանելով հարցին, թե Իրանն ի՞նչ քայլեր կձեռնարկի Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիայի դեպքում, օրինակ, Սյունիքում, դեսպանը պատասխանեց․ - «Եթե երկրները ցանկություն են հայտնում խաղաղության մասին, նրանք իրենց խոսքում չպետք է սպառնալիքների լեզվով խոսեն, եթե խոսքը գնում է խաղաղության և երկխոսության մասին»։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս հայտարարեց, որ Երևանը Բաքվից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթը և այժմ աշխատում է դրանց ուղղությամբ։ Նա դժվարացավ հստակեցնել՝ կողմերը մոտեցել են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, թե՝ ոչ՝ ընդգծելով, որ քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ։

Բաքուն էլ երեկ հաղորդեց, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում զգալի առաջընթաց է գրանցվել, «բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»՝ միևնույն ժամանակ կրկին շեշտելով, թե Հայաստանի Սահմանադրության մեջ դեռևս առկա են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք էլ «գործընթացն ավարտին հասցնելու ամենալուրջ խոչընդոտն են»։

Երևանը չի բացառում, որ Բաքուն այս կերպ ուզում է վիժեցնել խաղաղության պայմանագրի կնքումն ու նոյեմբերից հետո Հայաստանի դեմ նոր ագրեսիա ձեռնարկել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG