Պաղեստինը շնորհակալությամբ, Իսրայելը կոշտ քննադատությամբ է արձագանքել Պաղեստինի պետությունը ճանաչելու Հայաստանի որոշմանը:
Գազայի հատվածում շարունակվող մարտական գործողությունների ֆոնին Երևանն իր որոշման մասին հայտնեց այսօր՝ այսպիսով միանալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերին, որոնք կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում:
Այնտեղ, ըստ Արտաքին գործերի նախարարության, աղետալի հումանիտար իրավիճակ է, իսկ շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգավորում պահանջող առաջնային խնդիրներից է:
Արտաքին քաղաքական գերատեսչությունից նաև ընդգծում են՝ հայկական կողմը կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, խաղաղ բնակչության դեմ բռնությունները, նրանց պատանդառումն ու գերեվարումը և միանում առանց նախապայմանների նրանց ազատ արձակելու միջազգային հանրության պահանջներին: Զոհերի թիվն, ըստ Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարության, արդեն անցել է 37 հազարը։
«Հայաստանը անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև տևական հաշտության կայացմամբ: Միջազգային տարբեր հարթակներում մենք մշտապես հանդես ենք եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանում ենք իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը: Համոզված ենք, որ դա միակ ճանապարհն է երաշխավորելու, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները կարող են իրականացնել իրենց օրինական ձգտումները», - հայտարարում է պաշտոնական Երևանը:
Երևանի այս քայլի մասին ԱԳՆ-ից լրացուցիչ այլ մեկնաբանություն չեն տալիս։
Չուշացավ Իսրայելի արձագանքը: Այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունից փոխանցում են, թե Հայաստանի դեսպանին կանչել են՝ խիստ նկատողություն հայտնելու։ Հայաստանի արտաքին գերատեսչությունից օրվա երկրորդ կեսին հայտնեցին՝ «այս պահին դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում տեղի չի ունեցել»։
Պաղեստինի ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբասի գրասենյակը, մինչդեռ, շնորհակալություն է հայտնել Հայաստանին:
Հայաստանն ու Իսրայելը թեև երեք տասնամյակից ավելի է՝ դիվանագիտական հարաբերություններ ունեն, այդուհանդերձ Թել-Ավիվում Հայաստանի դեսպանատունը պաշտոնապես բացվել է 2020-ի սեպտեմբերին:
Պաշտոնական Երևանի այս որոշումն արևելագետ Հայկ Քոչարյանն արտառոց չի համարում՝ հաշվի առնելով, որ անցած տարվա հոկետմբերից սկսված և այժմ էլ շարունակվող հակամարտության ֆոնին աշխարհի տարբեր երկրներ են Պաղեստինը ճանաչելու որոշում կայացնում:
«Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի ճանաչելը պետք է դիտարկել այս տրամաբանության մեջ, ստեղծված միջազգային հարթակում, միջազգային հարաբերություններում գլոբալ ստեղծված իրավիճակով, որը հնարավորություն է տալիս, տենդենցի մեջ է նաև ճանաչելը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քոչարյանը:
Միայն վերջին մեկ ամսում եվրոպական առնվազն չորս երկիր՝ Նորվեգիան, Իսպանիան, Իռլանդիան և Սլովենիան ճանաչել են Պաղեստին պետությունը: Երևանի որոշումը ևս հասունացած էր, հայտարարում է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տևական ժամանակ Հայաստանը իսրայելա - պաղեստինյան հակամարտության կարգավորման «երկու պետություն» սկզբունքի կողմնակից է հանդես եկել, և այս տեսանկյունից տարօրինակ էր, որ Հայաստանը մինչև այժմ չէր ճանաչել Պաղեստին պետությունը, ինչպես որ արել էին աշխարհի ավելի քան 140 երկրներ, և այս համատեքստում շատ կարևոր է, որպեսզի Պաղեստինը ևս ունենա մեր տեսանկյունից լիակատար մանդատ՝ ներկայացված լինելու միջազգային հանրությունում և բանակցելու ապագա խաղաղության շուրջ», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Խանդանյանը:
Հայ - իսրայելական հարաբերությունների որոշակի սրացում կլինի, բայց իրավիճակն էապես չի փոխվի, քան կա, կարծում է արևելագետը: Իսկ տարածաշրջանի երկրների և Հայաստանի հարաբերությունների վրա ինչպե՞ս կանդրադառնա Երևանի որոշումը. Հայկ Քոչարյանն ասում է՝ այն դրական արձագանք կգտնի Իրանում:
«Իրանը շատ նուրբ էր վերաբերվում այդ հարցին, դրա համար այստեղ այս մի ուղղության մեջ կարելի է տեսնել մի քիչ փոփոխություն, կամ կարող է այդտեղ ինչ-որ դրական նշան կամ դրական հետևանք թողնել», - նշեց արևելագետը:
Հայաստանի որոշումն արդեն ողջունել է Թուրքիան՝ ընդգծելով, կշարունակի ջանքերը, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը:
Ի դեպ, Երևանի այս հայտարարությանը նախորդել էր Փաշինյան- Էրդողան հեռախոսազրույցը։ Պաշտոնական հաղորդագրություններում նշվել էր, որ Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարները նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի վերջին զարգացումներն են քննարկել, բայց մանրամասներ կողմերը չէին հայտնել։