Մատչելիության հղումներ

Tehran Times. Իրանը պատրաստ է ընդդիմանալ սահմանները փոխելու փորձերին ընդհուպ ռազմական միջամտությամբ


Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը Մեղրիի շրջանում, արխիվ
Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը Մեղրիի շրջանում, արխիվ

Բաքվի պահանջած միջանցքի հարցով Լավրովի հայտարարությունը շատերին է անակնկալի բերել, ինչպե՞ս է Մոսկվան անտեսել այդ հարցով Թեհրանի դիրքորոշումը․ Tehran Times-ն է այս մասին գրում երեկ ուշ երեկոյան հրապարակած ծավալուն հոդվածում։

Իրանի անվտանգության կառույցներին մոտ կանգնած լրատվամիջոցը հստակեցնում է Թեհրանի սահմանած կարմիր գիծը Անկարայի և Բաքվի պահանջած «Զանգեզուրյան միջանցքի» հարցում։

«Թուրք և ադրբեջանցի պաշտոնյաները պահանջում են մի ճանապարհ, որն անցնում է Հայաստանի պատմական՝ Սյունիքի տարածքով, որը դարեր շարունակ սահմանակից է եղել Իրանին», - ընդգծում է Իրանի կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցը՝ մեջբերելով իրանցի պաշտոնյաների վերջին օրերի կոշտ հայտարարությունները:

«Իրանը դեմ է ցանկացած միջանցքի, որը կխախտի Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և ոմանց երազանքներն այդ մասին երբեք իրականություն չեն դառնա», - զգուշացրել է Հայաստանում Իրանի դեսպանի Մեհդի Սոբհանին։

Tehran Times-ն ակնարկում է, որ Իրանի իշխանությունները պատրաստ են ընդդիմանալու սահմանները փոխելու փորձերին ընդհուպ ռազմական միջամտությամբ:

Իրանական առաջատար պարբերականը հիշեցնում է Իրանի սուր արձագանքը հարուցած Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը Հայաստանի տարածքից Բաքվի պահանջած միջանցքի վերաբերյալ՝ նշելով, որ սա առաջին դեպքն է, երբ Մոսկվան հստակ դիրքորոշում է հայտնում «Զանգեզուրի միջանցքի» հարցով:

Լավրովի այդ դիտողությունները իրանցի բարձրաստիճան և ազդեցիկ գործիչների քննադատությունն են հարուցել, գրում է լրատվամիջոցը՝ մեջբերելով Հեղափոխության պահապանների կորպուսի նախկին ղեկավար, ներկայումս՝ Նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայեի հայտարարությունը․ - «Ռուսաստանյան պետական գործչի պահվածքն անընդունելի է և ակնհայտորեն հակասում է Իրանի հետ բարեկամության մասին իր հայտարարությանը։ Այս երկիմաստությանը պետք է վերջ տրվի»։

Լրատվամիջոցը որպես ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարի պնդմանը արձագանք է ներկայացնում նաև Հայաստանում Իրանի դեսպանի երեկվա հայտարարությունը, թե «ոմանց երազանքներն այդ մասին երբեք իրականություն չեն դառնա»։

Tehran Times-ը հավելում է, որ Բաքվի և Անկարայի պահանջին Ռուսաստանի արտգործնախարարի հրապարակային աջակցությունը զարմացրել է շատերին, ովքեր «չէին սպասում, թե Ռուսաստանը կանտեսի Իրանի դիրքորոշումը մի հարցում, որը բազմիցս բնորոշել է որպես «կարմիր գիծ»:

«Չորս տարի Ռուսաստանը երկիմաստություն էր պահպանում Ադրբեջանի առաջարկած միջանցքի հարցում։ Սակայն Ուկրաինայի պատերազմի պատճառով և արևմտյան տարածքների օկուպացմամբ, Ռուսաստանը հայտնվել է անորոշ վիճակում և այժմ փորձում է մեղմել Ադրբեջանին, թերևս աջակցելով այդ միջանցքային ծրագրին, որը կարող է դեպի Եվրոպա էներգիայի արտահանման կենսական կարևորության երթուղի դառնալ», - հարավկովկասյան հարցով փորձագետ Սալար Սեյֆոդինի գնահատականն է մեջբերում Իրանի կառավարությանը մոտ կանգնած թերթը։

Իրանցի քաղաքագետը զգուշացնում է՝ «Զանգեզուրի միջանցքը» կարող է նաև Ադրբեջանի մերձավոր դաշնակից Իսրայելին ռազմավարական առավելություն տալ՝ հնարավորություն ընձեռելով «շրջափակել» Իրանը և օգտագործել երկրի սահմանների խոցելիությունը:

Սալար Սեյֆոդինը համոզված է՝ իրանցիները կդիմադրեն «Զանգեզուրի միջանցքին», նույնիսկ եթե ռազմական միջամտության կարիք լինի:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG