Մատչելիության հղումներ

Լավրով․ «Եթե հայերին հաջողվի պայմանավորվել Ադրբեջանի հետ՝ ի սեր Աստծո»


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ փաստաթղթերը կյանքի չեն կոչվում», - այսօր Մոսկվայում, Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի՝ МГИМО-ի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք կնքվել էին 2020-ից 2022 թվականներին կայացած Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան մի քանի գագաթնաժողովների ընթացքում, այժմ առկախված են։ Հաղորդակցության ուղիների ապաշրջափակմամբ զբաղվող եռակողմ հանձնաժողովն այժմ գործնականում նիստեր չի գումարում։ Երևանը համարում է, որ դա պետք է անել ուղղակիորեն Ադրբեջանի հետ։ Եթե դա իրենց հաջողվի՝ ի սեր Աստծո», - հայտարարում էր Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Լավրովն այսօր հերթական անգամ պնդեց, որ եռակողմ հայտարարությունների իրագործմանը խոչընդոտում են Հայաստանի իշխանությունները՝ նախևառաջ ճանապարհների ապաշրջափակման հարցում։

«Ես վերջերս զարմանքով կարդացի վարչապետ Փաշինյանի հարցազրույցը, որում նա պնդում էր, թե այն մեղադրանքները, որ Հայաստանն է արգելակում [ճանապարհների ապաշրջափակման] գործընթացը, սուտ են և նենգափոխում են իրականությունը։ Դա տարօրինակ է, որովհետև սկզբում Հայաստանը հրաժարվեց ավտոմոբիլային ճանապարհից՝ պնդելով, որ միայն երկաթուղի լինի։ Ադրբեջանը դրա իմաստը չէր տեսնում, սակայն համաձայնեց՝ նաև մեր միջնորդությամբ։ Հետո մեկ էլ Հայաստանը հայտարարեց, որ ռուսաստանցի սահմանապահների որևէ մասնակցություն [հաղորդակցության ուղիների անվտանգության ապահովմանը] ևս չի լինի, չնայած դա նույնպես սևով սպիտակին էր գրված, և մեզ համար դա հասկանալի չէր։ Ասացին, որ դա իրենք կանեն։ Ադրբեջանն էլ ասում է, որ անվստահության և անգամ թշնամանքի մակարդակը չափազանց բարձր է, որպեսզի առաջին փուլում հայկական տարածքով Նախիջևան ուղևորվելիս ադրբեջանցիներն իրենց անվտանգ զգան», - ասում էր Լավրովը։

Ռուսաստանի ԱԳ նախարարն այսօր նաև բողոքում էր, որ Երևանը փորձում է Մոսկվային դուրս թողնել ոչ միայն ճանապարհների ապաշրջափակման, այլև սահմանազատման գործընթացից։

«Սահմանազատման հարցում ևս գրված էր, որ Ռուսաստանը խորհրդատվական ծառայություններ է մատուցելու՝ չեն ուզում։ Դրա հետ մեկտեղ՝ անընդհատ փորձում են Արևմուտքին՝ Միացյալ Նահանգներին, Եվրամիությանը, Փարիզին ներգրավել այս խնդրում, որպեսզի գործընթացը նրանց հովանու ներքո ընթանա։ Դա իրենց ընտրությունն է, բայց պայմանավորվել նախևառաջ հարկավոր է ադրբեջանցի հարևանների հետ, այլ ճանապարհ չկա», - ասում էր Լավրովը։

Այսօրվա ելույթում Ռուսաստանի ԱԳ նախարարը չշրջանցեց նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին տարիների զարգացումները՝ պնդելով, թե հարցը փակվել է պաշտոնական Երևանի կողմից։

«Ղարաբաղի խնդիրը 2022 թվականի վերջին լուծվեց Հայաստանի իշխանությունների կողմից, որոնք Եվրամիության մասնակցությամբ Ադրբեջանի հետ համաձայնագիր ստորագրեցին՝ ճանաչելով 1991 թվականի սահմանները։ Այդ սահմանների շրջանակներում Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզ էր Ադրբեջանական ԽՍՀ կազմում։ Այժմ խոսում են, թե ինչպես դա ձևակերպել իրավական տեսանկյունից, քանի որ այդ պայմանավորվածությունը քաղաքական էր։ Մենք այս հարցում համագործակցում ենք Թուրքիայի հետ, Թուրքիան շատ լուրջ ազդեցություն ունի Ադրբեջանում», - նշում էր Լավրովը։

Ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարն այսօր խոսեց նաև Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերից՝ ընդգծելով, սակայն, որ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը ևս կախված է տարածաշրջանային մյուս հարցերի հանգուցալուծումից։

«Թուրքիան որոշ ժամանակ առաջ, մեր օգնությամբ սկսեց հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Այժմ, սակայն, այդ գործընթացը կանգ է առել, բայց Թուրքիայի շահագրգռությունը պահպանվում է, մենք էլ ենք դրան պատրաստ։ Սակայն հասկանալի է, որ կարգավորումը պետք է ընթանա Հարավային Կովկասում վերջնական լուծման ենթակա մնացյալ բոլոր հարցերի համատեքստում, Լեռնային Ղարաբաղի խնդրի սկզբունքային լուծման համատեքստում», - հայտարարում էր Ռուսաստանի ԱԳ նախարարը։

XS
SM
MD
LG