Մատչելիության հղումներ

Կոմունիկացիաները չեն բացվում նաև ՌԴ մի շարք գործընկերների մեկնաբանությունների պատճառով. Փաշինյան


14:10

ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ հարցին՝ վարչապետ Փաշինյանը նշեց՝ ընդհանրապես խաղաղության համատեքստում հնարավոր է նման որոշում կայացնել:

«Խաղաղությունը երբ որ կայացած փաստ է, այդ ձևաչափի գոյությունը, կարծում եմ, կարող է հարցեր առաջացնել: Խնդիրն այստեղ ժամկետի մասին է, որովհետև իմ տրամաբանությամբ՝ ընդհանրապես պետք չի կառքը ձիուց առաջ դնել և հարց է, թե արդյոք արդյունավետ ու ճիշտ ճանապարհ է այդ թեման դարձնել քննարկման առարկա հիմա, որովհետև կան հարցեր, որոնց պատասխանները մենք էլ պետք է ստանանք», - ասաց վարչապետը:

Մինսկի խումբը լուծարելու պահանջ Բաքվից պարբերաբար է հնչում, այս փուլում Հայաստանից ակնկալվող քայլերի մեջ Ադրբեջանի նախագահը հուլիսի վերջին Սահմանադրության փոփոխությունից բացի նաև Մինսկի խումբը համատեղ լուծարելու պահանջ էր դրել։ Հայաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ հայկական կողմը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում։

13:35

«Մենք բացառում ենք միջանցքային տրամաբանությունը»

«Ինչպե՞ս եք պատկերացնում, որ օրինակ, տարածաշրջանային կոմունիկացիաների հարցում որպես միջնորդ հանդես գա մի երկիր, որը Հայաստանին մեղադրում է այդ թեման սաբոտաժի ենթարկելու մեջ: Նման հայտարարություն անողն իրեն դուրս է դնում բոլոր հնարավոր միջնորդություններից», - ասել է Փաշինյանն ասուլիսի ընթացքում:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էր պնդել, թե ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները Հայաստանի իշխանությունը «սաբոտաժի» է ենթարկում և շեշտել, թե հարցը պետք է լուծվի 2020-2022 թվականների եռակողմ հայտարարությունների տառին և ոգուն համապատասխան:

«Մենք ուզում ենք, որ կոմունիկացիները բացվեն, մենք բացառում ենք միջանցքային տրամաբանությունը: Այստեղ էլ պիտի հասկանանք, որ տարբեր հանգամանքներում միջանցք ասելով տարբեր բան են հասկանում, դրա համար «Խաղաղության խաչմերուկ»-ում մենք սկզբունքները նշել ենք»:

Մամուլի ասուլիսը՝ ստորև.

13:15

Հայաստանն առաջարկում է Բաքվին ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ այս պահին համաձայնեցված հոդվածներով ու ձևակերպումներով

Փաշինյանը հայտարարեց՝ Հայաստանն առաջարկում է Բաքվին ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ այս պահին համաձայնեցված հոդվածներով ու ձևակերպումներով:

«Խաղաղության համաձայնագրի նախագծում կա 17 հոդված: 13-ը, ներառյալ, նախաբանը, լիարժեք համաձայնեցված են: Եվս 3 հոդված 1-ից ավելի նախադասությունից է, բառապաշարի մեծ մասը համաձայնեցված է: Երևանի առաջարկն է՝ վերցնել համաձայնեցված հոդվածներն ու ձևակերպումներն ու ստորագրել այն որպես խաղաղության պայմանագիր: Այնտեղ համաձայնեցված են ՀՀ ու Ադրբեջանի միջև խաղաղության բոլոր հիմնարար սկզբունքները, ու շարունակել քննարկել չհամաձայնեցված ձևակերպումները: Առաջարկը ներկայացվել է Բաքվին երեկ՝ օգոստոսի 30-ին»:

13:06

Փաշինյան. կոմունիկացիաները չեն բացվում նաև ՌԴ մի շարք գործընկերների մեկնաբանությունների պատճառով

«Ազատության» հարցին՝ Հայաստանը մտադրություն ունի՞ հրաժարվել նոյեմբերի 9-ի հայտարարությունից, վարչապետը պատասխանեց. - «Եթե Երևանը մտադրություն ունենա հրաժարվել այդ հայտարարությունից, Երևանն իր մտադրության մասին կհայտարարի»:

«Նոյեմբերի 9-ի հայտարարությանը չի կարելի նայել դրվագային, նոյեմբերի 9-ի հայտարարությանը պետք է նայել ամբողջականության մեջ, և ընդհուպ խոսում էինք գերիների, պատանդների, այլ պահվող անձանց խնդիրների մասին, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը, որը դուրս է բոլոր ձևակերպումներից, որ մենք ունենք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ»:

«Կարող եմ ասել, որ տարածաշրջանային կոմունիկացիաները չեն բացվել մինչև այս պահը, այդ թվում՝ ՌԴ մի շարք գործընկերների՝ փաստաթղթի տրամաբանության հետ կապ չունեցող ու դրան հակասող մեկնաբանությունների պատճառով: Ընդ որում, շատ հաճախ և հիմնականում դրանք հակասել են ՌԴ նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի կամ հնարավոր է նոյեմբերի 9-ի ձևակերպումներին», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

12:59

Ինչ վերաբերում է արցախցիների վերադարձի իրավունքին, Փաշինյանն ասաց՝ այն ընկալումներով, որոնցով Լեռնային Ղարաբաղի մի խումբ հայրենակիցներ փորձում են ձևակերպել հարցը, «իրատեսական չեմ համարում»:

12:47

«Առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերություններում իրավական բազա են ստեղծում»

Կարևորելով երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև ստորագրված համատեղ գործունեության կանոնակարգը՝ կառավարության ղեկավարը նշեց. - «Առաջին անգամ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերություններում իրավական բազա են ստեղծում, իհարկե, առանձին վերցրած սահմանազատման գործընթացում»:

Նախապես հայտարարված ժամկետից երկու ամիս ուշացմամբ նախօրեին Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրին և ստորագրեցին, թե ինչ սկզբունքների հիման վրա են շարունակելու սահմանազատումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Արտգործնախարարության հաղորդագրությունից կես ժամ անց վարչապետի աշխատակազմը հայտնեց՝ հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը կուղարկվի ՍԴ՝ ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը որոշելու համար:

12:45

Հայաստանը COP29–ին մասնակցել–չմասնակցելու որոշում դեռ չունի

Հարցին՝ Հայաստանը կմասնակցի՞ Ադրբեջանում կայանալիք COP29-ին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք չունենք որոշում, ընդհանուր իրադրությունը, պրոցեսները այդ որոշման վրա չեն կարող չազդել»:

Ադրբեջանը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին հրավիրել է Բաքու՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP29 համաժողովին։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դեռ չի պատասխանել հարցին՝ արդյոք Արարատ Միրզոյանը կընդունի Բաքվի հրավերը և կմեկնի Ադրբեջան։ ԱԳՆ-ից միայն փոխանցել են՝ «հարցին անդրադարձ լինելու պարագայում կտեղեկացնեն»։

12:48

«Քանի դեռ երկկողմ ձևաչափով կարողանում ենք առաջ ընթանալ, կարծում եմ ճիշտն այդ ձևաչափն է»

Ադրբեջանի հետ աշխատանքի երկկողմ ձևաչափն այս ընթացքում որոշակի արդյունավետություն է ցույց տվել, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր բոլոր միջազգային գործընկերների աջակցությունը խաղաղության գործընթացում բարձր ենք գնահատում: Տևական ժամանակ Ադրբեջանի հետ աշխատանքը տեղի է ունենում երկկողմ ձևաչափով, ընդ որում, կարող ենք ասել, որ այդ ձևաչափն այս ընթացքում որոշակի արդյունավետություն է ցույց տվել՝ սկսած նախորդ տարվա դեկտեմբերի հայտարարությունից մինչև սույն թվականի ապրիլի 19-ի հայտարարությամբ, երեկ էլ սահմանազատման հանձնաժողովների համատեղ կանոնակարգը ստորագրվեց», - հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց՝ քանի դեռ երկկողմ ձևաչափով «կարողանում ենք առաջ ընթանալ, կարծում եմ ճիշտն այդ ձևաչափն է»:

«Ես այս մասին ասել եմ նաև Ռուսաստանի նախագահին մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում: Մյուս կողմից երկկողմ ձևաչափով աշխատելու այս արձանագրում անելով, չեմ կարող ասել, թե բացառում եմ այլ ձևաչափով աշխատանք», - ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով քննարկումներին, թե Լոնդոնում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի Հանրապետությունն է հրաժարվել Իլհամ Ալիևի հետ հանդիպումից, Փաշինյանն ասաց. - «ՀՀ-ն չի հրաժարվել հանդիպումից: Ես ինքս Ադրբեջանի նախագահին առաջարկել եմ, ոչ թե անձամբ, այլ դիվանագիտական խողովակներով, որպեսզի տեղի ունենա հանդիպում երկկողմ ձևաչափով: Ինչո՞ւ, որովհետև նախկին շրջանում այդ ըմբռնումը փոխադարձաբար եղել է, որ մենք այս շրջանում աշխատում ենք երկկողմ ձևաչափում: Ես կարծում եմ, որ կարող ենք այս տրամաբանությունը շարունակել, որովհետև արդյունավետ է»:

Վարչապետն ընդգծեց նաև. - «Ընդ որում՝ երբ գա, հասունանա պահը՝ բարձրագույն մակարդակում հանդիպում անցկացնելու՝ չբացառելով որևէ այլ ձևաչափ, կարծում եմ, օրինակ, դա կարող է նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունենալ, այնտեղ, որտեղ սահմանազատման հանձնաժողովներն են հանդիպում, և ես պատրաստ եմ նաև այդպիսի շփումների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG