Մատչելիության հղումներ

Ստեփանակերտը՝ Ալիևների ընտանիքի նոր լվացքատուն․ Meydan TV-ի բացահայտումը


Ալիևը Ստեփանակերտում բարձրացնում է Ադրբեջանի դրոշը, 13-ը հոկտեմբերի, 2025թ․
Ալիևը Ստեփանակերտում բարձրացնում է Ադրբեջանի դրոշը, 13-ը հոկտեմբերի, 2025թ․

Ստեփանակերտի հայաթափումից տարիուկես անց քաղաքը դարձել է Ալիևների ընտանիքի նոր լվացքատունը, ադրբեջանցի հետաքննող լրագրողներն են պնդում։

Այստեղ Ադրբեջանի կառավարությունը բիզնես նախագծեր է իրականացնում, որոնցում Meydan TV-ի թիմը կոռուպցիա ու ոչ թափանցիկ ծախսեր է տեսել։

Ստեփանակերտում հյուրանոցների կառուցման քողի տակ Ադրբեջանի պետբյուջեից հսկայական գումարներ են ներդրվել, ընդ որում իշխանությունը չի թաքցնում՝ բիզնես նախագիծը վերահսկում է հենց նախագահական աշխատակազմը։

Վերածննդի հրապարակում գտնվող «Արցախբանկ»-ի շենքը, 2000-ականներին կառուցված «Վալեքս գարդեն» շքեղ հյուրանոցն ու Ազատամարտիկների պողոտայի «Եվրոպա» հյուրանոցն Ադրբեջանի իշխանությունը որպես նոր աննախադեպ ներդրումային ծրագիր է ներկայացնում, կարծես դրանք կառուցվել են զրոյից՝ իրենց բյուջեի շռայլ հատկացումներով։

Երկու հյուրանոցները թեթև արտաքին նորոգմամբ, «Արցախբանկ»-ն էլ ներքին փոփոխություններով դարձել են հինգ աստղանի թանկարժեք հյուրանոցներ, որոնց գովազդն անձամբ Ալիևն է անում։

Բեռլինում գործող ադրբեջանական Meydan TV-ի պարզել է, որ պետական ռեգիստրում հյուրանոցային ցանցը գրանցված է որպես Ադրբեջանի նախագահի աշխատակազմին ենթարկվող կառույց։ Թե որքան գումար է ծախսվել պետբյուջեից, որ ընկերություններն են ներգրավված եղել դրանց վերանորոգման աշխատանքներում, Ադրբեջանի պետական մարմինները չեն բացահայտում, թեպետ օրենքը պարտադրում է։

Ադրբեջանի առաջնորդը մասնակցել է այս հյուրանոցների բացմանը։ Ընդ որում՝ նրա վերջին այցերը Ստեփանակերտ տարօրինակ զուգադիպությամբ համընկել են հենց այս կառույցների բացման արարողությունների հետ։ Նույնիսկ նրա որդին՝ Հեյդար կրտսերը, որ հազվադեպ է երևում հանրության աչքին, Ստեփանակերտում ծավալվող իր ընտանիքի անվան հետ կապվող այս հերթական բիզնես նախագծին ծանոթացել է անձամբ՝ տեղում։

Մեծ շուքով բացված ու զբոսաշրջիկների առատ հոսքեր նախատեսող այս հյուրանոցներում գիշերող եղե՞լ է, այս մասին Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցները ոչինչ չեն ասում։ Վաղուց կառուցված շենքերի կառուցման համար դուրս գրված պետական փողերից հետո՝ երեք հյուրանոցներ բացվում- փակվում են Ալիևների այցերին համընթաց, նկատում են ադրբեջանցի հետաքննողները։

Ի տարբերություն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի մյուս բնակավայրերի, Ստեփանակերտում բնակեցվող ադրբեջանցիների թվի մասին Բաքուն չի հաղորդում։

Ամիսներ առաջ ազդարարվեց, որ այստեղ ադրբեջանական համալսարան է բացվել, որը բազմահազար ուսանողներ ունի։

Ստեփանակերտը՝ Ալիևների ընտանիքի նոր լվացքատուն․ Meydan TV-ի բացահայտումը
please wait

No media source currently available

0:00 0:02:39 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG