Մատչելիության հղումներ

Բաքուն չի մեկնաբանում Ստեփանակերտում ՌԴ հյուպատոսություն բացելու հայտարարությունը


Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղ, արխիվ
Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղ, արխիվ

Բաքուն չի մեկնաբանում Ստեփանակերտում Ռուսաստանի հյուպատոսություն բացելու հնարավորության մասին Կարասինի հայտարարությունը, գրում է «Թուրան» գործակալությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցը նշում է, որ ռուսաստանցի պաշտոնյայի հայտարարության վերաբերյալ մեկնաբանության խնդրանքով դիմել է Ադրբեջանի ԱԳՆ, սակայն գերատեսչությունը հրաժարվել է արձագանքել։

ՌԴ խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը Մոսկվայում ադրբեջանցի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է Ստեփանակերտում Գլխավոր հյուպատոսություն բացել և այդ հարցում ակնկալում է Ադրբեջանի աջակցությունը։ Ընդ որում՝ ռուսաստանցի պաշտոնյան իր խոսքում օգտագործել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի ադրբեջանական անվանումը՝ Խանքենդի։

«Իդեալական կլիներ, եթե հյուպատոսությունը բացվեր 2024 թվականին», - նշել է Կարասինը։

Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր, իշխանությունների քարոզչական խոսափողը համարվող Ռասիմ Մուսաբեկովի գնահատմամբ՝ Մոսկվան այդ քայլով ցանկանում է վերականգնել ներկայությունը Ղարաբաղում։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերումից հետո Խանքենդիում և նրա շրջակայքում ռուս զինվորականներ կամ նրանց ընտանիքների անդամներ չկան։ Այստեղ մուտքը սահմանափակ է և կարգավորվում է հատուկ ձևով։ Տեղահանված ադրբեջանցիները նոր են սկսել վերադառնալ։ Այստեղ ռուսական ձեռնարկություններ չկան, օդային ու երկաթուղային հաղորդակցությունները չեն վերականգնվել։ Անհասկանալի է, թե ինչ հյուպատոսական գործունեություն է մտադիր այստեղ իրականացնել ՌԴ ԱԳՆ-ն»,- Ֆեյսբուքում գրել էր ադրբեջանցի պատգամավոր Մուսաբեկովը։

  • Ավարտված համարելով խաղաղապահ առաքելությունը՝ 2024-ի ապրիլի կեսերից մեկնարկեց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը նախատեսված ժամկետից շուտ Ղարաբաղից դուրս բերելու գործընթացը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG