Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) սեփականատեր Կարապետյանների օգտին արբիտրաժային որոշումը պարտադիր կատարելու համար հայցվող կողմը պետք է համապատասխան դիմում ներկայացնի հայաստանյան դատարան, որի վերաբերյալ որոշումից հետո միայն այն պարտադիր կատարման ենթակա կլինի. արդարադատության նախարարը պնդում է՝ որոշմանը կարող են չենթարկվել:
«Ներպետական օրենսդրությամբ և ոչ միայն, նաև միջազգային կոնվենցիայով կա հնարավորություն այդ որոշումը չկատարելու, եթե դա հակասում է հանրային կարգին», - նշեց նախարար Սրբուհի Գալյանը:
Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը Հայաստանի Հանրապետությանից պահանջել է ձեռնպահ մնալ շաբաթներ առաջ փոխված օրենքներով սահմանված դրույթների կիրառումից ու «ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։ ՊՎԾ նախկին պետ Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ նշանակվեց հապճեպ կատարված այդ օրենսդրական փոփոխություններից հետո: Ի դեպ, ընդունված նախագծերը արբիտրը «բռնագրավման օրենքներ» է որակել:
«Հայաստանի Հանրապետությունն առաջնորդվում է ներպետական օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով և որևէ խախտում ո՛չ օրենսդրության, ո՛չ միջազգային կոնվենցիայի թույլ չի տրվում», - ասաց Գալյանը:
Չնայած արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի այս պնդմանը մասնագետները բացատրում են՝ իշխանությունները պարտավոր են հետևել որոշմանը, բայց տեսականորեն կարող են և հրաժարվել, այդ դեպքում, սակայն, հետևանքները կարող են ավելի ծանր լինել. երբ այս գործով արդեն վերջնական վճիռը հրապարակվի, Հայաստանի Հանրապետությունը գուցե ստիպված լինի շատ ավելի մեծ գումար փոխհատուցել Կարապետյաններին, բանը կարող է արտերկրում գտնվող Հայաստանի ակտիվների բռնագանձմանը հասնել: Այս հրատապ որոշմամբ արբիտրաժն, ըստ էության, պարտավորեցնում է ժամանակավոր միջոցներ կիրառել մինչ բուն վարույթի քննությունը:
Իրավաբանները զգուշացնում են՝ արբիտրաժային որոշումներին չհետևելը բացասաբար կազդի Հայաստանի միջազգային հեղինակության վրա:
Եկեղեցուն պաշտպանած միլիարդատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո ՀԷՑ-ն ազգայնացնելու օրենսդրական գործընթաց սկսած կառավարությունն այս ռիսկերը հաշվի չի՞ առել:
«Այն ռիսկերը, որոնք քննարկվել և գնահատվել են, կապված ՀԷՑ-ի հետ, որակվել են որպես շատ բարձր և այդ ռիսկերի հաղթահարմանն էլ ուղղված է եղել այս որոշման կայացումը: Այսինքն՝ ինքնավար մարմինը մեր պետության որոշում է կայացրել, և այդ որոշումը մենք պարտավոր ենք հարգել: Ինչ վերաբերում է միջազգային տրիբունալի համապատասխան որոշմանը, ապա մենք շատ համբերատար կսպասենք վեճի, ըստ էության, քննությանը, իհարկե, կառավարությունը կներկայացնի իր փաստարկները ու կտեսնենք, թե երբ միջազգային արբիտրն արդեն անդրադառնա վեճի բովանդակությանը, ինչ արձագանք կտա», - նշեց նախարարը:
«Ազատությունը» ծանոթացել է արբիտրաժային որոշմանը. Հայաստանի Հանրապետությունից արբիտրը պահանջել է ձեռնպահ մնալ ընկերության ակտիվներն առգրավելուց, չփոխել «ՀԷՑ»-ի կառավարման մարմինների անդամներին ու կանոնադրությունը, չնշանակել ժամանակավոր կառավարիչ, իսկ եթե նշանակվել է, թույլ չտալ նրան գործել որպես ՀԷՑ-ի գործադիր մարմին: Արբիտրը նաև պահանջել է չկասեցնել ընկերության լիցենզիաները ու որևէ այլ ձևով չսահմանափակել ՀԷՑ-ի սովորական բիզնես գործառնությունները:
Իշխանությունների մեկնաբանությունները փաստացի նշանակում են, որ արբիտրաժային որոշումը կամավին կատարել չեն պատրաստվում: Ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանն էլ նախօրեին Հայաստանի զինանշանով ու ՀԷՑ-ի լոգոյով լուսանկար հրապարակեց, գրելով՝ «ձև չունեք»:
Պետրոսյանը ՀԷՑ գործուղվեց հանրային ծառայությունները կարգավոր հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի միանձնյա որոշմամբ: Կարգավորող մարմնի նախկին ՔՊ-ական ղեկավարը, որն, ի դեպ, չի բացառում, որ պաշտոնը թողնելուց հետո կվերադառնա կուսակցության շարքերը, պնդում է՝ արբիտրաժային որոշումն առայժմ իրեն որևէ կերպ չի առնչվում, քանի դեռ հայաստանյան դատարանը այն չի ճանաչել:
Կառավարության գրության հիման վրա Մեսրոպյանի հարուցած վարույթը, որի շրջանակում էլ ժամանակավոր կառավարիչ է նշանակվել պետք է քննվի երեք ամսվա ընթացքում ևս մեկ ամիս էլ երկարաձգելու հնարավորություն կա. այդ ժամկետի ավարտին արդեն պետք է որոշում կայացնեն:
«Որոշումից կախված, եթե կորոշեն, որ վարչական վարույթով հարուցված այդ խնդիրները մատնանշված չեն ապացուցվում, բնականաբար, դա մի այլ ելք է, իսկ եթե կապացուցվի, որ՝ այո, այդ մատնանշված խնդիրներից կան ապացուցված փաստեր, որոնց հիման վրա կարելի է արդեն այլ որոշում կայացնել, բնականաբար, էդ դեպքում ժամանակավոր կառավարիչը կշարունակի կառավարել այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը չի որոշի իր հաջորդ քայլերը, թե ինչպես է վարվում այդ ընկերության հետ», - ասաց Մեսրոպյանը:
Ի դեպ, հանձնաժողովի նախագահը չբացառեց՝ ազգայնացման գործընթացից հետո հոսանքի սակագինը տեսականորեն կարող է բարձրանալ: