«Հայաստանի էլեկտրական ցանցերի» պետականացումից հետո ընկերության կառավարումն իշխանությունները հնարավոր է այլ կազմակերպության պատվիրակեն, այսօր ասուլիսի ընթացքում ակնարկեց վարչապետ Փաշինյանը: Նոր մրցո՞ւյթ կանցկացվի, օպերատո՞ր կընտրվի. վարչապետը փակագծեր չբացեց:
Ջրային ցանցերն, օրինակ, նույնպես պետությանն են պատկանում, սակայն այժմ դրանք «Վեոլիա ջուր»-ն է սպասարկում, արդյոք հենց այսպիսի՞ կառավարումը նկատի ունի Փաշինյանը, պարզ չէ:
«Այս փուլում պետք է վերցնենք ՀԷՑ-ի կառավարումը, պետությունը և կվերցնենք ՀԷՑ-ի կառավարումը, բայց մենք ամենևին չենք ասել, որ պետականացման կամ հետգնման այդ գործընթացից հետո կամ էդ ընթացքում հենց պետությունն է միշտ լինելու կառավարողը Հայաստանի էներգետիկ ցանցերի...», - նշեց վարչապետը:
Փաշինյանը նաև տեղեկացրեց՝ Երևանն արդեն ազդակներ է ուղարկել միջազգային ընկերություններին. -«Մի շարք բարեկամ երկրների հետ, բարեկամ երկրներում գործող միջազգային առաջատար ընկերություններին արդեն էս ուղերձը հղել ենք, որ կարող է նրանց հետ գործակցվելու հետաքրքրություն ունենանք»
Ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանի ձերբակալությունից ու կալանավորումից հետո հաշված օրերի ընթացքում իշխանությունները նրա ընտանիքին պատկանող ՀԷՑ- ը պետականացնելուն միտված նախագիծ մշակեցին ու խորհրդարանում արտահերթ կարգով ամբողջությամբ ընդունեցին: Այս փոփոխությունն, ըստ էության, հնարավորություն է տալիս ՀԷՑ-ի կառավարումը ժամանակավոր կառավարչի հանձնել:
Ընդդիմությունը պնդում է՝ իշխանությունները փորձում են Կարապետյաններից խլել ՀԷՑ-ը եկեղեցուն պաշտպանող նրա հայտարարության համար: Ընդդիմադիր պատգամավորներն արդեն դիմել են բարձր դատարան՝ օրենքը հակասահմանադրական ճանաչելու հարցով:
Իշխանությունները, մինչդեռ, պնդում են՝ գործընթացը Կարապետյանի հայտարարությունից առաջ է սկսվել, ՀԷՑ-ի աշխատանքից դժգոհությունները նոր չեն:
«Գյուղերում, որ իրանց պատմության ընթացքում ոչ մի անգամ բարեկարգված փողոց չեն ունեցել, մանկապարտեզ չեն ունեցել, դպրոց չեն ունեցել, որ գյուղ մտնում ես՝ փոխանակ մարդիկ գան ուրախության, գալիս-ասում են՝ սառնարանս վառվեց, լույսը չկա, ո՞վ է դրա պատասխանը տալու», - ասաց վարչապետը:
Ընկերությունը հայտարարել է՝ պայքարելու են իրենց սեփականության համար, շաբաթներ առաջ էլ զգուշացրել էին՝ Հայաստանի դեմ հնարավոր է արբիտրաժային գործընթաց սկսվի: Վարչապետ Փաշինյանը, սակայն, շատ անհանգստացած չէ այդ հեռանկարից. - «Արբիտրաժները դատական գործեր են, Հայաստանի Հանրապետության կառավարության կամ կառավարական մարմինների դեմ էլ են, նկատի ունեմ՝ ներպետական ատյաններում հայցեր ներկայացվում, կառավարությունն էլ է հայցեր ներկայացնում...»:
Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ իշխող ուժի քայլերը ներդրողներին վանում են
Իշխանությունները հայտարարում են՝ միջազգային ընկերություններին Հայաստան հրավիրելու մասի. տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ իշխող ուժի քայլերն, ընդհակառակը, ներդրողներին վանում են:
«Արդեն իսկ գործող իշխանություններն ունի մի քանի ընկերությունների հետ արբիտրաժային վեճ՝ «Սանիտեկ»-ի հետ, Քաջարանի կոմբինատի սեփականատերի հետ, ինչպես նաև Ամուլսարի հետ կապված: Սա բացասական ազդակ է հատկապես օտարերկրյա ներդրողներին», - ասաց տնտեսագետը:
Հայաստանի Մայր օրենքը ամրագրում է սեփականության իրավունքը, առանց նախնական և համարժեք փոխհատուցման սեփականությունը չի կարող օտարվել: Որքա՞ն կարժենա ընկերության պետականացումը, Փաշինյանը չթաքցրեց՝ հաշվարկներ չունեն: