Մատչելիության հղումներ

ՀԷՑ-ի իրացման տնօրեն Ղազինյանը հեռացվել է աշխատանքից. հավանաբար կբողոքարկի որոշումը


Դավիթ Ղազինյանը և Ռոմանոս Պետրոսյանը
Դավիթ Ղազինյանը և Ռոմանոս Պետրոսյանը

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) իրացման տնօրեն Դավիթ Ղազինյանը հեռացվել է աշխատանքից, վերջին շաբաթներին ընկերության անունից հենց նա էր մեկնաբանություններ տալիս: «Ազատության» հետ զրույցում Ղազինյանն ասաց՝ այսօր աշխատանքի չի գնացել:

«Ես երեկ երեկոյան իմ իրերը վերցրել եմ, դուրս եմ եկել: Երեկ ես հայտարարել եմ, խնդրել եմ մեր բոլոր աշխատակիցներին աշխատել ճիշտ, որպեսզի ընկերությունը խնդիր չունենա, հետևաբար նաև մեր 3 միլիոն ազգաբնակչությունը խնդիր չունենա», - ասաց նա:

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը երեկ դեռ նոր աշխատավայր չմտած հայտարարեց՝ Ղազինյանը կհեռացվի աշխատանքից: Պետական վերահսկողական ծառայությունից ՀԷՑ տեղափոխված Պետրոսյանը առանց անուններ տալու նաև ազդարարեց՝ ղեկավար կազմից այլ անձինք էլ կազատվեն:

«Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, որովհետև ՀԷՑ-ն այս վիճակին կարծես թե հասցնողներից մեկը հենց նույն պաշտոնյան է», - ասել էր Պետրոսյանը:

Ղազինյանը վերջին շրջանում ՀԷՑ-ի տնօրենի պարտականություններն էր կատարում: Ընկերությունում աշխատանքի երկարամյա փորձ ունեցող Ղազինյանն ինչո՞ւմ էր թերացել, ո՞րն էր այս հապճեպության պատճառը, ՊՎԾ նախկին պետը չթաքցրեց՝ պատճառը ՀԷՑ-ն ազգայնացնելու իշխանությունների քայլերի մասին Ղազինյանի հայտարարություններն են:

«Վերջին շաբաթներին ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատարի արած հայտարարությունները, այդ թվում նաև այս գործընթացը կասկածի տակ առնելու մասով, գործընթացի իրավականությունը, լեգիտիմությունը տորպեդահարելու մասով ինձ համոզմունք են տվել, որ վստահության խնդիր կա այստեղ», - նշել էր Ռոմանոս Պետրոսյանը:

ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին իշխանությունները հայտարարեցին Եկեղեցուն պաշտպանած գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը զուգահեռ, հաշված օրերի ընթացքում նրան պատկանող ընկերության կառավարումը ստանձնելու համար օրենք փոխեցին:

Իշխանականների քայլերն ընդդիմությունը սեփականությունը խլելու փորձ է որակում և արդեն դիմել է Բարձր դատարան՝ հապճեպ ընդունված օրենքի սահմանադրականությունը պարզելու հարցով: Սահմանադրական դատարանը դեռ ժամանակ ունի՝ ուսումնասիրելու ու որոշելու՝ վարույթ կընդունի հայցը, թե կմերժի: Կարապետյանները հայտարարել են՝ պայքարելու են իրավական ճանապարհով ու զգուշացրել Հայաստանի դեմ հնարավոր արբիտրաժային վարույթի մասին:

Ղազինյանի խոսքով՝ հեռացման հրամանի տեքստում Պետրոսյանը հենց երեկվա ճեպազրույցն է հիշատակել, նրա տված գնահատականները, մինչդեռ իրադարձությունների հաջորդականությունն ուղիղ հակառակն էր՝ նախ ժամանակավոր կառավարիչը հեռացնելու որոշման մասին տեղեկացրեց, ինչից հետո միայն Ղազինյանը մեկնաբանություն տվեց:

Ընկերության հեռացված պաշտոնյան որոշումն անհիմն ու ապօրինի է որակում ու տեղակացնում՝ հավանաբար կբողոքարկի. «Այստեղ իրավաբանական շատ փոքր գիտելիքներ ունեցող մարդն անգամ կփաստի»:

Առաջիկա օրերին ընկերության այլ անձինք է՞լ կհեռացվեն, ինչպես խոստացել էր Ռոմանոս Պետրոսյանը: Ժամանակավոր կառավարիչը «Ազատության» հեռախոսազանգերին չպատասխանեց, օրվա ավարտին ՀԷՑ-ից հայտնեցին՝ այսօր նոր ազատումներ չեն եղել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG