«Aero India» ցուցահանդեսի շրջանակում անցկացվող պաշտպանության նախարարների կոնկլավի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անիլ Չաուհանի հետ, հայտնում են ՊՆ-ից: Զրույցի մանրամասներ չեն հաղորդվում:
Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը Հնդկաստանում է աշխատանքային այցով: Երեկ նա Հնդկաստանի օդուժի «Ելահանկա» ավիաբազայում մասնակցել է «Aero India» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։ Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին:
The Times of India պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրները, անցած տարվա հոկտեմբերի վերջին հաղորդեց, որ Հայաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան 2023-2024 ֆինանսական տարում դարձել են հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները։
Հրապարակման համաձայն՝ Հայաստանը վերջին չորս տարվա ընթացքում մի շարք գործարքներ է կնքել Հնդկաստանի հետ՝ հրթիռների, հրետանու, հրթիռային համակարգերի, ռադարների, զրահաբաճկոնների և գիշերային տեսողության սարքերի, ինչպես նաև զինամթերքի և հրետանու լայն տեսականի ներկրելու համար։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում ռազմական գնումները։