Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հնդկաստանի օդուժի «Ելահանկա» ավիաբազայում այսօր մասնակցել է «Aero India» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։
Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հայտնում են ռազմական գերատեսչությունից:
Նախարար Պապիկյանը Հնդկաստանում է աշխատանքային այցի շրջանակներում:
The Times of India պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրները, անցած տարվա հոկտեմբերի վերջին հաղորդեց, որ Հայաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան 2023-2024 ֆինանսական տարում դարձել են հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները։
Հրապարակման համաձայն՝ Հայաստանը վերջին չորս տարվա ընթացքում մի շարք գործարքներ է կնքել Հնդկաստանի հետ՝ հրթիռների, հրետանու, հրթիռային համակարգերի, ռադարների, զրահաբաճկոնների և գիշերային տեսողության սարքերի, ինչպես նաև զինամթերքի և հրետանու լայն տեսականի ներկրելու համար։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում ռազմական գնումները։