Ի՞նչ էր ուզում ասել վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահին, որ այդպես էլ չհաջողվեց:
Արտերկրի լրատվամիջոցները արձանագրել են պահը, թե ինչպես է Փաշինյանը մոտենում բեմում ելույթ ունեցող ԱՄՆ նախագահին, փորձում նրա ուշադրությունը հրավիրել, կանչելով՝ «պարոն նախագահ»: Թրամփը, որ այդ պահին շնորհակալություն էր հայտնում Գազայի հարցով Խաղաղության գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարներին, խոսքն ընդհատելով Փաշինյանին ասում է, որ մոտ գա, ապա շարունակում է ելույթը:
Սպասելով, որ Թրամփն ավարտի խոսքը, Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է ԱՄՆ նախագահին, թե ով է ինքը, ապա շնորհակալություն հայտնում նրան, թերևս վաշինգտոնյան խաղաղության գործընթացի համար:
«Ես Հայաստանի վարչապետն եմ, շնորհակալություն, Աստված օրհնի Ձեզ, և հիմա Դուք ...», - ասում էր վարչապետ Փաշինյանը։
Երբ շնորհակալական խոսքերից հետո Փաշինյանը փորձում է շարունակել խոսքը, Դոնալդ Թրամփն արդեն շարունակում է շփումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի և Ինդոնեզիայի նախագահ Պրաբոո Սուբիանտոի հետ՝ կիսատ թողնելով Փաշինյանի հետ զրույցը:
«Որտե՞ղ է քո հայրենակիցը». Թրամփը՝ Ալիևին
ԱՄՆ նախագահը, որ առիթը երբեք բաց չի թողնում հիշեցնելու, թե ինչպես իրեն հաջողվեց լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտությունը՝ հաճախ շփոթելով երկրների անունները, երեկ Գազայի հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ՝ նկատելով Ադրբեջանի նախագահին, կրկին հպարտացավ, թե ինչպես իրեն հաջողվեց 1 ժամում լուծել ավելի քան 30 տարվա կռիվը:
Թրամփը, սակայն, այդպես էլ չհիշեց, որ չնայած իր միջնորդությամբ ձեռքբերված խաղաղությանը, Ադրբեջանը շարունակում է Բաքվի բանտերում պահել 23 հայ գերիներին:
«Այստեղ է այն մարդը, ում համար ես լուծեցի պատերազմը, Ադրբեջան։ Որտե՞ղ է քո հայրենակիցը, իրար հետ հաշտ եք, չէ՞.... նրանք կռվել են 32 տարի, և մոտավորապես 1 ժամում մենք կարգավորեցինք այն, այդպես է չէ՞։ Եվ հիմա նրանք իրար հետ լավ են», - ասաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ինչպես Թրամփը բնութագրեց՝ միմյանց հետ լավ հարաբերություններ ունեցող Փաշինյանն ու Ալիևը երեկ Շարմ Էլ Շեյխում կարճատև շփում են ունեցել, սակայն հայտնի չէ, թե զրույցի ընթացքում ինչ հարցեր են քննարկվել: Արդյո՞ք Փաշինյանը բարձրացրել է Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների ազատ արձակման հարցը: Պաշտոնական հաղորդագրության մեջ մանրամասներ չկան:
Գազայի Խաղաղության գագաթաժողովին ընդառաջ պաղեստինյան «Համաս» շարժումն ազատ արձակեց 20 իսրայելցիների, որոնք պատանդառվել էին 2 տարի առաջ: Իսրայելն էլ իր հերթին ազատ է արձակել շուրջ 2000 պաղեստինցիների:
Ինչո՞ւ Վաշինգտոնում կրկին Թրամփի միջնորդությամբ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո Բաքուն այդպես էլ ազատ չի արձակում հայ գերիներին: Ի վերջո, ինչպես ԱՄՆ նախագահն է պնդում՝ իրեն հաջողվել է լուծել խնդիրը:
Արտգործնախարարը հույս է հայտնել, որ գերիների հարցով առաջիկայում «լավ նորություններ կունենան»
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր Ֆինլանդիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում տեղեկացրեց, որ Բաքվում պահվող գերիների ազատ արձակման հարցը, երեկ Շարմ էլ Շեյխում քննարկել են ադրբեջանցի գործընկերների հետ: Միրզոյանը, սակայն, կոնկրետ արդյունքների մասին ոչինչ չասաց, միայն հույս հայտնեց, թե առաջիկայում այս հարցի վերաբերյալ լավ նորություններ կունենան:
«Մենք ամենօրյա աշխատանք ենք իրականացնում այս ուղղությամբ, ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, հակառակ դեպքում՝ հարցը վաղուց լուծված և դուրս եկած կլիներ օրակարգից։ Ինչպես և միշտ, այս պահին ևս, ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում մենք այս առումով լավ նորություններ կունենանք։ Համենայն դեպս, մենք չենք դադարեցնում մեր ջանքերը և բառացիորեն երեկ, Շարմ էլ Շեյխում տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովի շրջանակում կրկին մեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը: Հուսանք որ մեր ջանքերը դրական արդյունքով կպսակվեն առաջիկայում», - հայտարարեց ՀՀ արտգործնախարարը։
Արարատ Միրզոյանը երեկ զրուցել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ինչպե՞ս են արձագանքել ադրբեջանցի պաշտոնյաները հայ գերիների ազատ արձակման հարցին, Միրզոյանն այսօր չհստակեցրեց:
«Կոչ ենք անում Թրամփին ապահովել հայ քրիստոնյա գերիների անհապաղ ազատ արձակումը». Ամերիկայի հայկական համագումար
Այն, որ իրական խաղաղության հնարավոր չէ հասնել՝ առանց գերիների ազատ արձակման, ԱՄՆ նախագահին ուղղված նամակում շեշտել է Վաշինգտոնում տեղակայված Ամերիկայի հայկական համագումարը: Տասնամյակներով հայկական հարցերով զբաղվող կազմակերպությունը կոչ է արել Դոնալդ Թրամփին «ապահովել Բաքվի բանտերում գտնվող հայ քրիստոնյա գերիների անհապաղ ազատ արձակումը»՝ ինչպես ԱՄՆ նախագահին դա հաջողվեց անել Գազայում «Համասի» կողմից գերեվարված իսրայելիցներին ազատ արձակելու դեպքում: Հայկական կազմակերպությունը նաև հիշեցրել է, որ երկու ամիս առաջ Դոնալդ Թրամփը խոստացել էր այդ հարցով դիմել Իլհամ Ալիևին: