Վաշնգտոնում տեղակայված Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «ապահովել Բաքվի բանտերում գտնվող հայ քրիստոնյա գերիների անհապաղ ազատ արձակումը», ինչպես ԱՄՆ նախագահին դա հաջողվեց անել Գազայում «Համասի» կողմից գերեվարված իսրայելիցներին ազատ արձակելու դեպքում:
«Իրական խաղաղության հասնել հնարավոր չէ, քանի դեռ գերիները անարդարացիորեն շարունակում են մնալ Բաքվում: Ականատես լինելով բազմաթիվ արհավիրքների՝ աղոթում ենք հակամարտության իրական ավարտի և կայուն խաղաղության համար» ,- նշում են Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Օսկար Թաթոսյանն ու Թալին Յակուբյանը:
Հայկական հարցերով տասնամյակներ շարունակ զբաղվող Ամերկայի հայկական համագումարը նախօրեին տարածած հայտարարության մեջ նաև հիշեցնում է, որ օգոստոսին Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրման ժամանակ Դոնալդ Թրամփը խոստացել էր գերիների ազատ արձակման հարցով խոսել Ադրբեջանի նախագահի հետ՝ ասելով, թե Ալիևը դա կանի իր համար։
Այսօր Ֆինլանդիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ Շարմ էլ Շեյխում ադրբեջանական կողմի հետ քննարկվել է Բաքվում պահվող գերիների ազատ արձակման հարցը. «Ամենօրյա աշխատանք է իրականացվում այս ուղղությամբ՝ ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, հակառակ դեպքում հարցը վաղուց լուծված և դուրս եկած կլիներ օրակարգից, բայց մենք իրականացնում ենք այս աշխատանքը:
Համենայն դեպս մենք չենք դադարեցնում մեր ջանքերը, և երեկ Շարմ էլ Շելխում տեղի ունեցած (Գազայի հարցով-խմբ.) Խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում կրկին ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը», - ասաց նախարարը:
Նա հույս հայտնեց, որ առաջիկայում այս առումով «լավ նորություն կունենանք»:
Թե ինչ արձագանք է եղել ադրբեջանցի պաշտոնյաների կողմից, Միրզոյանը չհստակեցրեց: