Շարմ էլ Շեյխում ադրբեջանական կողմի հետ քննարկվել է Բաքվում պահվող գերիների ազատ արձակման հարցը, այսօր Ֆինլանդիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Ամենօրյա աշխատանք է իրականացվում այս ուղղությամբ՝ ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, հակառակ դեպքում հարցը վաղուց լուծված և դուրս եկած կլիներ օրակարգից, բայց մենք իրականացնում ենք այս աշխատանքը:
Համենայն դեպս մենք չենք դադարեցնում մեր ջանքերը, և երեկ Շարմ էլ Շելխում տեղի ունեցած (Գազայի հարցով-խմբ.) Խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում կրկին ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը», - ասաց նախարարը:
Նա հույս հայտնեց, որ առաջիկայում այս առումով «լավ նորություն կունենանք»:
Թե ինչ արձագանք է եղել ադրբեջանցի պաշտոնյաների կողմից, Միրզոյանը չհստակեցրեց:
ՀՀ արտգործնախարարը երեկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և այդ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ էր զրույց ունեցել, Հայաստանի վարչապետն էլ՝ Ադրբեջանի նախագահի:
Բաքվի բանտերում, ըստ պաշտոնական տվյալների, 23 հայ գերի է պահվում։ Նրանց մի մասին տարբեր մեղադրանքներով արդեն դատապարտել են տևական ազատազրկման, մյուս մասի, ներառյալ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը շարունակվում է արդեն 8 ամիս։
Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փակումից հետո հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ։ Անցած երեք ամիսներին որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել։