Մատչելիության հղումներ

Վահե Գրիգորյանը՝ ՄԻԵԴ-ի նոր դատավոր


Հայաստանի Սահմանադրական դատարանում 5.5 տարվա աշխատանքից հետո Վահե Գրիգորյանը 9 տարով Եվրոպական դատարանի դատավոր է ընտրվել: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Հայաստանի երեք թեկնածուներից նախապատվությունը երեկ տվել է հենց Գրիգորյանին:

Սահակյանի խոսքով՝ թեկնածուների ընտրության գործընթացը թափանցիկ չէր

«Խիստ օբյեկտիվ էր, այսինքն՝ Վահե Գրիգորյանը պրոֆեսիոնալ որակներով առանձնանում է և ունի միջազգային փորձառություն, լեզվական իմացություն և այլն, և այստեղ մենք չենք կարող ասել, որ վերջինս մասնագիտական որակներին չի բավարարում», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ի դատավորի թեկնածուների ընտրությունը դիտարկած իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:

Նա, սակայն, դրական չի գնահատում Հայաստանում թեկնածուների ընտրության գործընթացը: Պնդեց, որ այն թափանցիկ չէր, թեկնածուների կենսագրությունը, գնահատման արդյունքներն այդպես էլ չհրապարակեցին: Եվ, ի վերջո, արգելք կար երկքաղաքացիների համար:

«Լիարժեք թափանցիկություն չկար: Օրինակ՝ թեկնածու ինքնակենսագրությունը գաղտնի են պահում: Հայաստանում չի հրապարակվել, բայց ԵԽԽՎ-ը հասկանալի է, որ հրապարակել է, այսինքն՝ Հայաստանում գաղտնի են պահում մի բան, որի հրապարակումը պարզապես ստանդարտ է Եվրոպայի խորհրդում», - նկատեց Սիրանուշ Սահակյանը:

Ով է Վահե Գրիգորյանը

49-ամյա Գրիգորյանը հանրությանը հայտնի դարձավ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, երբ որպես փաստաբան պաշտպանում էր ընդդիմադիրների շահերը, նաև հենց Եվրոպական դատարանում ներկայացնում էր Մարտի 1-ի զոհերի հարազատներին, իսկ ՍԴ-ում էլ՝ ընդդիմության դիմումը համապետական ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով:

«Թեկնածուն համաձայնեցված է եղել կառավարության հետ, և ակնհայտորեն նախապատվելի թեկնածու է եղել: Իրականում հարցը ոչ այնքան անձի մասնագիտական և այլ կոմպետենցիաներն են, այլ, թե ինչպես է պետությունը մոտենում գործելակերպին», - ասաց Սահակյանը:

Վահե Գրիգորյանից և նրա երկու մրցակիցներից դեռևս արձագանք չկա: Նրանց ընտրության գործընթացը կազմակերպել է Հայաստանի կառավարությունը, իսկ ձևավորված հանձնաժողովի նախագահը ՍԴ նախագահ Արման Դիլանյանն էր: «Ազատություն»-ը վերջինիցս ևս արձագանք չունի, մասնավորապես իրավապաշտպանի բարձրաձայնած խնդիրների վերաբերյալ:

Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվեց 2019-ին՝ Փաշինյանի իշխանության երկրորդ տարում: Այն ժամանակ կրքերը բարձր դատարանում եռում էին, իշխանությունը փորձում էր փոխել նախկին իշխանության օրոք ձևավորված դատարանի կազմը, ինչը ի վերջո հաջողվեց: Խորհրդարանի ամբիոնից Գրիգորյանը չէր թաքցրել, որ ընկերներ ունի իշխանության շրջանում. - «Մեր ընկերությունը գաղափարական հիմքի վրա է եղել, և այդ գաղափարական հիմքը ամենևին էլ ոչ կուսակցական գաղափարական հիմքն է: Անկախ նրանից, թե նրանք իմ ընկերներ են, թե իմ ընկերները չեն, դատավորի երդում տալու պահից, դատավորներն ընկերներ չեն ունենում այլևս»:

Արդյո՞ք Գրիգորյանի համար հեշտ կլինի աշխատել մի դատարանում, որը նաև Հայաստանի կառավարության դեմ է պարբերաբար վճիռներ կայացնում: Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը խնդիրներ է տեսնում. «Շատ բարդ է լինելու է, և չեմ կարծում, որ շատ լավ դրության մեջ է գտնվում, նախ բազմաթիվ գործերով ներգրավվածություն ունի որպես ՍԴ դատավոր, առանձին դեպքերում հանդես է եկել նաև նախկին գործերով փաստաբան: Այսինքն՝ մեծաթիվ գործերով հայտնվելու է շահերի բախման իրավիճակում, քաղաքական զգայունություն ունեցող գործերում՝ ևս»:

Վերջին ամիսներին Գրիգորյանը հարուցեց ընդդիմադիրների զայրույթը, երբ Հանրայինի եթերից անդրադառնալով վարչապետի հրաժարականը պահանջող ուժերին՝ ասել էր. «Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման դեմ հայհոյախոսությամբ զբաղվող բոլոր հեղինակները պնդում են նույնական տեքստերով այն, ինչ ասում է Ադրբեջանի քաղաքական իշխանությունը»:

Ընդդիմադիրների քննադատությունն ուղղված էր ՍԴ այն որոշմանը, որով բարձր դատարանը եզրահանգել էր, որ հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը համապատասխանում է Սահմանադրությանը, իսկ Անկախության հռչակագիրը, որը Բաքուն պահանջում է հանել Սահմանադրությունից, չպետք է մայր օրենքում ամրագրված շրջանակից դուրս մեկնաբանվի:

Բարձր դատարանից փոխանցեցին՝ Գրիգորյանի պաշտոնավարումը ՄԻԵԴ-ում կմեկնարկի ընտրվելու պահից երեք ամսվա ընթացքում։ Իսկ մինչ այդ նա կշարունակի իր պարտականությունները ՍԴ-ում: Խորհրդարանն այս ընթացքում նոր դատավոր կընտրի:

XS
SM
MD
LG