Ահաբեկչության փորձի և իշխանությունը յուրացնելու նախապատրաստության գործով միակ կին մեղադրյալը կշարունակի մնալ բանտում:
«Կպել են անձամբ իմ պատվին, որովհետև երբ որ վեց օր կարանտինի մեջ գտնվելուց հետո ես գնացի ընդհանուր խուց ու հեռուստացույցից օգտվելու հնարավորություն ունեցա, ու հիմնական հեռուստաալիքները՝ Հայաստանի հանրային հեռուստատեսությունն ու մնացածը որ նայում էի, եթե ես չլինեի ներգրավված էս քրեական գործի մեջ, ես կմտածեի, որ շատ վտանգավոր անձ եմ ես», - այսօր դատարանում հայտարարեց Լիդյա Մանթաշյանը:
Դատարանը բավարարեց Դատախազության միջնորդությունն ու Մանթաշյանի կալանքը երկարացրեց ևս երեք ամսով:
«Իմ համար մեծ պատիվ ա, որ ես լինեմ Բագրատ սրբազանի օգնականը», - ասաց Լիդյա Մանթաշյանը:
Մանթաշյանը կալանավորված է արդեն հինգ ամիս: Մինչև որոշման հրապարակումը, նա իր ելույթում անդրադարձավ իրեն վերագրվող մեղադրանքին, պնդեց՝ ինքն ընդամենը համակարգել է Բագրատ արքեպիսկոպոսի «Սրբազան պայքար» շարժման լրատվական աշխատանքը:
«Ոնց որ թե, էնպիսի տպավորություն ա, որ էս ամբողջ քրեական գործը, բոլորս էլ գիտենք, դե իհարկե, որ սա շինծու գործ ա, բայց էս քրեական գործի մեջ ամենավտանգավոր անձը ես եմ. Սարգսյան Արթուրինը բաց ա կալանքները, Բագրատ սրբազանինը բաց ա, ես շատ վտանգավոր անձ եմ՝ իմը մինչև հիմա բացած չի», - ընդգծեց գործով միակ կին մեղադրյալը;
Մանթաշյանի խոսքով՝ ինքն ավելի խիստ պայմաններում է պահվում, քան՝ հենց Բագրատ արքեպիսկոպոսը. - «Իրոք ինձ համար շատ տարօրինակ ա, որ նույնիսկ Բագրատ սրբազանին ամբողջ աշխարհը կարող ա գնա տեսակցության, և ինքը կարող ա զանգ տալ ում ուզում ա ամբողջ աշխարհում, իսկ ես չեմ կարող: Նույնիսկ քրեակատարողական հիմնարկում ա դա տարօրինակ, ամեն անգամ ասում են՝ «ոնց, քո արգելանքները դեռ չեն հանե՞լ»: Ես գնում եմ զանգահարելու, իրանք գալիս են լսեն, տեսնեն՝ ես ում հետ եմ, էլի, խոսում»:
Առանց անուններ տալու ու մանրամասների ասաց, թե որոշ պաշտոնյաների վերաբերյալ իր միջոցով տեղեկություններ են հայտնի դարձել, դրա համար են իրեն պատժում. - «Ես գիտեմ՝ ինչի համար են ինձ պատժում, հիմա չեմ ուզում բարձրաձայնել էդ հարցերը: Որոշ պաշտոնյաների վերաբերյալ ինֆորմացիաներ են իմ միջոցով հայտնի դարձել, և իրանք նեղվում են դրանից»:
Լիդյա Մանթաշյանից ու Մովսես Շարբաթյանից բացի, մյուս մեղադրյալների խափանման միջոցները մեղմացվեցին:
Տնային կալանքից ազատ արձակվեց 44-օրյա պատերազմում զոհված զինվորի հայրը՝ Արա Ռոստոմյանը: Դատարանն անցած ամիսներին թույլատրել էր որդեկորույս հորն այցելել Եռաբլուր: Փաստաբան Վահան Հովհաննիսյանի խոսքով՝ իր պաշտպանյալն առանց ոստիկանների է այցելել Եռաբլուր ու որևէ խախտում թույլ չի տվել, հետևաբար պետք է ազատ արձակվի:
«Յուրաքանչյուր ծնողի համար Եռաբլուր չայցելելը ցանկացած ժամանակ՝ իր ոգու կանչով, իր սրտի կանչով ցանկացած ժամանակ չայցելելը հավասարազոր է մահվան: Հետևաբար՝ քննարկելով ներկայումս Արա Ռոստոմյանի տնային կալանքը պահելու հանգամանքը, խնդրում եմ հաշվի առնել, որ նրան ընդամենը երկու անգամ թույլատրելով այցելել Եռաբլուր զինվորական պանթեոն՝ դուք նրան զրկում եք ոչ թե ազատության իրավունքից, այլ՝ կյանքի իրավունքից», - հայտարարեց Հովհաննիսյանը:
Արա Ռոստոմյանի նկատմամբ դատարանը կիրառեց բացակայելու արգելք ու վարչական հսկողություն:
Իսկ մեղադրյալ Արմեն Ալեքսանյանին էլ դատարանն ազատ արձակեց կալանքից, փոխարենը կիրառեց տնային կալանք ու բացակայելու արգելք: Նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, որ որպես մեղադրյալ 12 օր անցկացրել էր ճաղերից այն կողմ ու կալանքից ազատ էր արձակվել գլխավոր դատախազի որոշմամբ, հայտարարեց՝ կալանքը սարսափելի է ոչ թե հենց կալանավորի, այլ՝ նրա ընտանիքի համար: Իսկ պաշտպանյալը երեք անչափահաս երեխա, հաշմանդամ հայր ունի, որոնց խնամում էր տաքսի վարելով, բայց քանի ամիս է զրկված է ընտանիքի ապրուստը հոգալու հնարավորությունից:
«Արդեն այս դահլիճում տեսնում ենք արդար դատաքննության տարրեր, և էն մտահոգությունները, որ հայտնում էինք ի սկզբանե, կարծես թե փարատվում են: Եվ էս առումով, պատվարժան դատարան, ես խնդրում եմ նվազման համատեքստում անդրադառնալ Արմեն Ալեքսանյանի խափանման միջոց կալանավորմանը՝ կարևորելով իր անձը, առ այն, որ չունի դատվածություն, ունի խնամքին երեք երեխա, հաշմանդամություն ունեցող հայր, կին, ընտանիքի միակ կերակրողն է», - ասաց Կոչուբաևը:
Դատարանը փոխեց նաև արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանի տնային կալանքը վարչական հսկողությամբ:
Բագրատ Գալստանյանի կալանքը դատարանը ևս երեք ամսով երկարաձգել էր դեռ անցած շաբաթ:
Տավուշի թեմի նախկին առաջնորդն ու նրա 17 համախոհներն այս քրեական գործը համարում են շինծու, մինչդեռ իրավապահները՝ ընդհուպ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, պնդում են՝ ահաբեկչության ու իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մասին վկայում են նաև առգրավված հրավտանգ նյութերը, զենքերը, երթևեկությունը խաթարող պարագաները: Ավելին՝ ապացույցները, այդ թվում՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցների հեռախոսային գաղտնալսումները, վկայում են այն մասին, որ նրանք հենց ահաբեկչություն էին պլանավորում՝ հասնելով ընդհուպ վարչապետին: Մեղադրյալները հերքում են սա, պնդում, որ քրեական գործի հիմքում դրված իրենց խոսակցությունները մոնտաժված են ու աղավաղված: