Վրաստանի դատարանը սահմանն ապօրինի հատելու գործով նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին դատապարտեց 4,5 տարվա ազատազրկման, հայտնում է «Ազատության» վրացական ծառայությունը։
2018-ի հունվարին Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահին մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ և դատապարտել 3 տարվա ազատազրկման։ Այնուհետև նույն դատարանը Սաակաշվիլիին դատապարտել է 6 տարվա ազատազրկման՝ պատգամավոր Վալերի Գելաշվիլիի վրա հարձակում կազմակերպելու համար։ Այս տարվա մարտի 12-ին դատարանը նրան դատապարտել է ևս 9 տարվա ազատազրկման՝ բյուջետային միջոցների յուրացման գործով։
Դատավորն այսօր հայտարարել է, որ հաշվի առնելով այլ գործերով կայացված նախորդ վճիռները, Վրաստանի նախկին ղեկավարն ընդհանուր 12,5 տարի կանցկացնի բանտում։
2003-ի «Վարդերի հեղափոխության» առաջնորդ Սաակաշվիլին Վրաստանից հեռացել էր 2013 թվականին, երբ նրա կուսակցությունը պարտվեց ընտրություններում: Նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց: Նա հայրենիք վերադարձավ ութ տարի անց՝ «պաշտպանելու ՏԻՄ ընտրություններում ընդդիմության ստացած քվեները»։ Սաակաշվիլին պնդում էր, թե իր վերադարձը երկիրը փրկելու վերջին շանսն է։ Սաակաշվիլին 2021-ի հոկտեմբերի 1-ին հայտարարեց, թե վերադարձել է հայրենիք, նույն օրը հաղորդվեց, որ նախկին նախագահը ձերբակալվել է։