Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտարարում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը՝ նշելով, որ ադրբեջանական կողմի պնդումները, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չեն համապատասխանում իրականությանը։
Ադրբեջանի ՊՆ-ը, մասնավորապես նշել է, թե հայկական կողմը մարտի 17-ին՝ ժամը 17։25-21։45-ն ընկած ժամանակահատվածում, կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հիշեցնում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
ՀՀ ՊՆ-ն վերահաստատում է, որ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
Բաքուն այսօր և նախօրեին հաղորդագրություն էր տարածել՝ մեղադրելով հայկական կողմին հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու համար, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է, պնդել՝ Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածում: