Մատչելիության հղումներ

Սահմանազատված և սահմանագծված սահմաններով ՀՀ-ն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը. վարչապետ


Զարգացած, ինքնիշխան, անվտանգ, այսինքն՝ սահմանազատված և սահմանագծված սահմաններով Հայաստանն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը, «մեր ժողովրդի բոլոր զոհողություններին և զոհերին մեր հավատարմության առհավատչյան», հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետություն և պետական շահեր, Հայաստանի Հանրապետություն՝ միջազգայնորեն ճանաչված տարածքով, հարևանների հետ կարգավորված հարաբերություններով, բաց սահմաններով, խաղաղություն, աշխատանք, բարեկեցություն, ազատ և պաշտպանված քաղաքացի․ ահա թե ինչը, ովքեր և ինչպես պիտի վառ պահեն Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, ահա թե ինչպես պետք է վերապրենք Մեծ Եղեռնի ողբերգությունը», - Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում նշել է վարչապետը։

Նա հավելել է՝ այս ճանապարհով են գնում, որովհետև այսպես են վերծանում այն ուղերձը, որ հղում է պատմությունը. «Այսպես ենք վերծանում Ձեզնից յուրաքանչյուրի, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սրտի տրոփյունը, որ չի հեռարձակվում ոչ մի հեռուստատեսությամբ, չի արտահայտվում ոչ մի սոցիալական ցանցում, բայց լսելի է Ձեր քվեով Հայաստանի Հանրապետությունում ձևավորված կառավարող մեծամասնությանը, լսելի է անձամբ ինձ»։

Ըստ վարչապետ Փաշինյանի՝ այս ճանապարհով գնալը լավատեսության կամ հոռետեսության հարց չէ, այլ առաքելության, ապահովելու Հայաստանի, հայրենիք-պետության հարատևությունը:

«Եվ անցնելով դաժան փորձությունների ու ողբերգությունների միջով՝ մենք վաստակել ենք այդ հնարավորությունը, և այդ հնարավորությունը բաց պիտի չթողնվի։ Ու համոզված եմ, մենք՝ ժողովուրդն ու նրա ընտրած կառավարող թիմը, բաց չենք թողնի այս հնարավորությունը հանուն մեր նահատակների և հանուն մեր սերունդների», - ասված է ուղերձում։

Բազմահազար մարդիկ այսօր վաղ առավոտից Երևանում այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն հայերի հիշատակին:

Նախօրեին՝ երեկոյան, ինչպես ամեն տարի կայացավ Ջահերով երթը դեպի հուշահամալիր:

Հայաստանի իշխանությունններն ուղիղ ասում են՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական օրակարգում առաջնահերթություն չէ:

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայաստանյան ներքաղաքական կյանքում կրկին թեժացել է Ցեղասպանության ուրացման թեման: Ընդդիմությունը ապրիլի 24-ին ընդառաջ հայտարարեց՝ Հայոց ցեղասպանության ուրացումը քրեականացնող նախագիծ է մշակել, իշխանությունից սա որակեցին երեսպաշտություն՝ ընդգծելով, որ Քրեական օրենսգրքում արդեն կա նման հոդված:

XS
SM
MD
LG