Մատչելիության հղումներ

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է


15:00

Էրդողանի ուղերձը

Թուրքիայում զգում են Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցած պատերազմի տարիներին «զինված խմբավորումների կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների, համաճարակային հիվանդությունների պատճառով կորսված կյանքերի ցավը», հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Պոլսո Հայոց պատրիարքին և հայ համայնքին հղած իր ուղերձում:

12:42

Մակրոն. «Շարունակենք գործել մարդկության անունից հանուն Ճշմարտության և Արդարության»

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել X-ում:

Իր հայատառ գրառման մեջ Մակրոնը նշել է. «110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը։

Այսօր՝ ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը։

Շարունակենք գործել՝ Մարդկության անունից, հանուն Ճշմարտության և Արդարության»։

10:36

ՌԴ դեսպանատուն. Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը սոցցանցում գրել է. «Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ»։

10:09

ԱԺ նախագահ. Չենք մոռանում տեղի ունեցածը, բայց չենք էլ ցանկանում, որ հիշողությունը դառնա միայն ցավի ու սգի աղբյուր

«Մեր հանձնառությունն է կերտել համախմբված, ուժեղ ու խաղաղ Հայաստան` հիմնված անցյալի դասերի վրա և միտված դեպի կայուն ապագան», - ասված է ԱԺ նախագահի ուղերձում:

Ալեն Սիմոնյանը շեշտել է՝ «չենք մոռանում տեղի ունեցածը, բայց չենք էլ ցանկանում, որ հիշողությունը դառնա միայն ցավի ու սգի աղբյուր»: «Այն պետք է մեզ դարձնի առավել վճռական ու հեռատես մեր հետագա քայլերում», - ասված է նրա ուղերձում:

9:44

Սերժ Սարգսյան. Ցեղասպանության աներկբա իրողությունը չի կարող ներկայացվել որպես «խաղաղության խոչընդոտ»

Արդարության ձայնը ոչ ոք ի զորու չէ լռեցնել, իր ուղերձում ընդգծել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք իրավունք չունենք լռելու, առավել ևս՝ մոռանալու, իսկ ուրացողները կամ ցեղասպանությունը կասկածի տակ դնողներն ուղղակիորեն մեղսակից են դառնում այդ ոճրագործությանը:

Թուրքիայի պետական քաղաքականությունն առ այսօր հիմնված է ժխտողականության, պատմական փաստերի աղավաղման և ճշմարտության դեմ քարոզչության վրա, մինչդեռ ճշմարտության հետ խիզախորեն առերեսումը, արդարության պաշտպանությունը միայն կարող է Թուրքիային դիրքավորել որպես համամարդկային արժեքներին հաղորդակից՝ քաղաքակիրթ և պատասխանատու պետություն, որը պատրաստ է հաղթահարելու իր պատմության մութ էջերը՝ հանուն խաղաղության, հաշտեցման և կայունության», - նշել է Սերժ Սարգսյանը:

Նա շեշտել է՝ Հայաստանի կառավարիչները պետք է չմոռանան, որ ընդհատված միլիոնից ավելի կյանքերը երբեք չեն կարող դառնալ սակարկման առարկա, և ցեղասպանության աներկբա իրողությունը չի կարող ներկայացվել որպես «խաղաղության խոչընդոտ»։ «Հակառակ մոտեցումը չի կարող որակվել այլ կերպ, քան քաղաքական բարոյազրկում և ազգուրացություն: Սեփական աթոռապաշտությունը վեր չէ համահայկական կամքից ու պատվախնդրությունից», - ասված է նախկին նախագահի ուղերձում:

9:42

ԱԳՆ. Այդ բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ «այլևս երբեք»-ը կարգախոսից վերածվի իրականության

Հայաստանն այսօր հիշում է անցյալը և նայում ապագային՝ ձգտելով գալիք սերունդների համար կառուցել խտրականությունից և բռնությունից զերծ, հանդուրժողականության, հարգանքի, մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության արժեքների վրա հիմնված միջավայր, ասված է Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ԱԳՆ հայտարարության մեջ:

Հիշեցնելով Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ՀՀ քայլերը՝ ԱԳՆ-ն ընդգծում է, որ այդ բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ «այլևս երբեք»-ը կարգախոսից վերածվի իրականության:


9:41

Վարչապետ. Զարգացած, ինքնիշխան, անվտանգ, այսինքն՝ սահմանազատված և սահմանագծված սահմաններով Հայաստանն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը

Զարգացած, ինքնիշխան, անվտանգ, այսինքն՝ սահմանազատված և սահմանագծված սահմաններով Հայաստանն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը, «մեր ժողովրդի բոլոր զոհողություններին և զոհերին մեր հավատարմության առհավատչյան», իր ուղերձում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետություն և պետական շահեր, Հայաստանի Հանրապետություն՝ միջազգայնորեն ճանաչված տարածքով, հարևանների հետ կարգավորված հարաբերություններով, բաց սահմաններով, խաղաղություն, աշխատանք, բարեկեցություն, ազատ և պաշտպանված քաղաքացի․ ահա թե ինչը, ովքեր և ինչպես պիտի վառ պահեն Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, ահա թե ինչպես պետք է վերապրենք Մեծ Եղեռնի ողբերգությունը», - ընդգծել է վարչապետը:

8:27

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:

Բազմահազար մարդիկ այսօր վաղ առավոտից Երևանում այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն հայերի հիշատակին:


Նախօրեին՝ երեկոյան, ինչպես ամեն տարի կայացավ Ջահերով երթը դեպի հուշահամալիր:

Հայաստանի իշխանությունններն ուղիղ ասում են՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական օրակարգում առաջնահերթություն չէ:

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայաստանյան ներքաղաքական կյանքում կրկին թեժացել է Ցեղասպանության ուրացման թեման: Ընդդիմությունը ապրիլի 24-ին ընդառաջ հայտարարեց՝ Հայոց ցեղասպանության ուրացումը քրեականացնող նախագիծ է մշակել, իշխանությունից սա որակեցին երեսպաշտություն՝ ընդգծելով, որ Քրեական օրենսգրքում արդեն կա նման հոդված:

Ընդդիմությունն առաջարկում է ցանկացած դեպքում, առանց շարժառիթները հաշվի առնելու Հայոց ցեղասպանությունը հերքելը, մեղմացնելը կամ արդարացնելը քրեականացնել: Նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրվել, քննարկումների փուլ կմտնի հավանաբար մեկ ամսից: Սրա անհրաժեշտությունն, ընդդիմադիրների խոսքով, առաջացավ նաև տարեսկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո:

«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնան, պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել», - ասել էր վարչապետը:

Հետագայում Փաշինյանն ինքն էր պարզաբանել իր այս հայտարարությունն ու տարակուսել, որ իրեն մեղադրում են Ցեղասպանության ուրացման համար:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG