Մատչելիության հղումներ

Ռուսաստանն Ուկրաինայի դեմ տարվա ամենախոշոր հարձակումներից մեկն է սկսել


Կիև, Ուկրաինա
Կիև, Ուկրաինա

Ռուսական ուժերն այսօր տարվա ընթացքում հրթիռային հարվածների ամենախոշոր ալիքներից մեկն են հասցրել Ուկրաինային: Կա առնվազն չորս զոհ (Խարկովում), մի քանի վիրավորներ, որոնց թիվը դեռ հստակ չէ:

Մայրաքաղաք Կիևում էլեկտրաէներգիայի ոչ պլանավորված անջատումներ են տեղի ունեցել՝ ենթակառուցվածքների վնասման պատճառով:

Ուկրաինական «ՈւկրԷներգո» ցանցային օպերատորը հայտնել է, որ Կիևում էլեկտրաէներգիայի մատակարարման արտակարգ սահմանափակումներ են մտցվել:

Ուկրաինական մասնավոր «ԴՏԵԿ» էներգետիկ ընկերությունը հայտարարել է, որ ռուսական հարձակումը լրջորեն վնասել է իր ջերմային էլեկտրակայաններից մեկի սարքավորումները:

Ռուսաստանը 2022 թվականի փետրվարից՝ Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր բազմիցս հարվածել է Ուկրաինայի էներգահամակարգին:

Ուկրաինական Տելեգրամ ալիքները հայտնել են, որ գիշերվա ընթացքում մեկ ժամում արձակվել է մոտ 20 բալիստիկ հրթիռ:

Ռուսաստանից որևէ մեկնաբանություն չի հնչել այդ հարվածների վերաբերյալ։

Այսօրվա հարվածների կենտրոնում է հայտնվել նաև Խարկովը, ավերվել են շենքեր, բռնկվել են հրդեհներ: Փրկարարները փլատակներից դուրս են բերել երկու քաղաքացու:

Հարավային նավահանգստային Օդեսա քաղաքում հինգ մարդ է վիրավորվել ռուսական զորքերի գիշերային հարձակման հետևանքով: Հաղորդվում է չօգտագործվող նոր շենքում, ֆիթնես կենտրոնում և արհեստագործական ուսումնարանում բռնկված հրդեհների մասին:

Ուկրաինայի կենտրոնական Կրիվոյ Ռոգ արդյունաբերական քաղաքի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով երկու մարդ է վիրավորվել:

Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևի մոտակայքում «մի քանի հարյուր հազար» ընտանիք ցրտաշունչ ձմռանը մնացել է առանց էլեկտրաէներգիայի՝ կրկին հորդորելով դաշնակիցներին ամրապնդել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերը։


XS
SM
MD
LG